Ազգանունս չեմ փոխելու: Համաձայն չեք, չեմ երգի: Կորցնողը ես չեմ. Նադեժդա Պապայան

Նադեժդա Պապայանի առաջին բեմելը Մարինյան թատրոնում պետք է լիներ Լիզայի դերերգով՝ Չայկովսկու «Պիկովայա Դամա» օպերայից:
Գլխավոր փորձի ժամանակ Նադեժդան այնքան բարձր նոտա է վերցնում, որ դիրժորը զարմացած ասում է.
«Չայկովսկին այսպես չի գրել, բայց Դուք այնքան վիրտուոզ վերցրիք այդ նոտան, որ ես Ձեզ թույլ եմ տալիս այդ շեղումը»:
 Հոնորարի և պայմանգրի ժամկետի շուրջ երգչուհու հետ բանակցում էր անձամբ թատերական գործիչ, ռուսական կայսերական թատրոնների ընդհանուր տնօրեն իշխան Սերգեյ Վոլկոնսկին:
Երեք տարի, տարեկան 10.000 ռուբլի. հոյակապ պայմանագիր: Այս  առաջարկից հետո Նադեժդայի առջև պայման դրվեց՝ փոխել ազգանվան վերջավորությունը, դառնալ Պապաևա: Սա նման առաջարկի երկրորդ դեպքն էր: Առաջինը եղել էր Վրաստանում՝ համերգներից մեկի ժամանակ, որ կայացել էր Կոջորում: Տեղի իշխանությունները ոստիկանության հետ պահանջել էին երգչուհուց դառնալ Պապայանի:
«Ազգանունս չեմ փոխելու: Համաձայն չեք, չեմ երգի: Կորցնողը ես չեմ»:
Պետերբուրգում և ամենուր մեծ երգչուհին հանդես եկավ Պապայան ազգանունով:
Ամենուրեք, համերգային իր ծրագրերում  Նադեժդա Պապայանը օպերային տարբեր արիաների կողքին  մեծ տեղ էր տալիս նաև հայ ժողովրդական երգերին, որոնք մշտապես արժանանում  էին հայրենակիցների խանդավառ ընդունելությանը։ Հայ  երգչուհու  անդրանիկ համերգը Թիֆլիսում  հսկայական հետաքրքրություն առաջացրեց և ջերմ արձագանք ունեցավ։
Անգլիական  «Մանչեստեր իվնինգ նյուս» թերթը գրում է.
«Երեկոն հայկական էր իր բնույթով և խորապես տպավորիչ»։
Նադեժդա Պապայանը խորապես ապրում էր հայրենիքի և հարազատ ժողովրդի ճակատագրով, ցավով էր խոսում իր հայրենակիցների ողբերգական վիճակի մասին, իր դառն ապրումները արտահայտում հայկական ջարդերի կապակցությամբ։ 1905թ. Պապայանը ընկերուհուն՝ Ա. Ամիրաջիբիին  ուղարկած նամակում գրել է.
«Հազիվ էի հանգստացել, երբ նոր վիշտ վրա հասավ՝ հայերի կոտորածը ամենուրեք։ Որքա՜ն ցավալի, որքա՜ն սարսափելի է այդ ամենը։ Ես և ողբացել եմ, և խոր կսկիծ ապրել, բայց ավա՜ղ, դրանով չես օգնի։ Եվ դա է ամենասարսափելին»։
 
Նյութի աղբյուրներ՝ https://hetq.am/hy/article/167975
Գրականության և արվեստի թանգարան
 
Scroll to Top