Կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր Գենադի Մելքոնյանն իր կինոուղին «Հայֆիլմում» սկսեց «Թթենի» կարճամետրաժ ֆիլմով։ Համաժողովրդական ֆիլմ. այսպես կարելի է այսօր կոչել 19 րոպե տևողությամբ «Թթենին»։
Ֆիլմը նկարահանվել է 1979 թվականին Զորայր Խալափյանի «Թթենի» պատմվածքի հիման վրա։
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ Շուշանի դերակատարը, հետագայում պատմել է.
Ես Գենադիին հարցրի՝ ինչի մասին է ֆիլմը, երևի՝ որ կյանքը կարճ է, կարիք չկա մանր-մունր պատճառներով կռվել, չնչին հոգսերով իրար մաշել, պետք է սիրել, իրար հետ լավ լինել։ Լռեց-լռեց, ապա ժպտալով ասաց.
«Իսկ եթե՝ հակառա՞կը. որ կյանքը հենց դա է՝ մանր-մունր վեճերով, թթի ծառի համար կռիվ տալով…
Որ պետք է կռվեն, որպեսզի հետո հաշտվեն…»
Հատված «Թթենի» պատմվածքից
Բակերը բաժանող ցանկապատի մեջ աճել էր մի վիթխարի թթենի, ճյուղերը տարածել, հով էր անում հարևանների բակերին: Աշնանը, ձմռանը և գարնանը ծառը բոլորինն էր: Միայն ամռանը, երբ քաղցրանում էին պտուղները` սկսվում էին վեճերը: Գասպարի հինգ տղաները հունիսի սկզբներից մինչև հուլիսի վերջը, այսինքն մինչև բերքավարտը, ծառից չէին իջնում: Մյուս հարևանը` Սամսոնը ուներ երեք աղջիկ, սրանք միայն ցածր ճյուղերից էին թութ ուտում: Հենց փորձում էին ծառն ելնել` Գասպարի տղաները ծեծում հեռացնում էին:
Սամսոնը պնդում էր, որ ծառը ինքն է տնկել, իսկ Գասպարը ասում էր, թե ծառ տնկողը ինքն է, չնայած թթենին այնքան մեծ էր և արմատները այնքան էին հեռուն գնում երկուսի էլ անցյալում, որ նրանցից ոչ մեկը ճշգրտորեն չէր հիշում, թե մանկության ժամանակ ում էր պատկանում թթենին:
Մի անգամ որոշել էին՝ Սամսոնինն է, ապա վիճարկվել էր որոշումը, ծառն անցել էր Գասպարին, մի քանի տարի անց` կրկին Սամսոնին: Իսկ հիմա մնում էր անորոշ, հոյակապ, մեծահոգի, անտարբեր, թևերը հավասար տարածած, թե մեկ թե մյուս բակերի վրա: Հավասար ստվեր էր տալիս, հավասար հով էր տալիս, հավասար թութ թափում երկու բակերի հավերի համար: Միայն նեքևում մարդիկ շարունակում էին լուրջ ու անլուրջ վիճել: Սամսոնը ոչխար էր գնել, տարավ պարտեզում ծառերի տակ կապելու, տեսավ Գասպարի տղաները կրկին թառել են թութ են ուտում, իսկ իր երեք աղջիկները խեղճ-խեղճ ձեռք են մեկնում ցածի ճղներին:
-Բարձրացեք մեր ծառից թութ կերեք, — ասաց աղջիկների հայրը, — ինչո՞ւ եք խակերը պոկում:
-Չեն թողնում, — բողոքեցին աղջիկները:
-Գոնե թափ տվեք, մերոնք էլ օգտվեն, — ներքևից վերև նայելով ասաց Սամսոնը:
— Մանավանդ ծառը մերն է:
-Ծառը մերն է, — աղմկեցին միանգամից հինգն էլ, — ինչո՞ւ է մանավանդ ծառը ձերը:
-Այ երեխեք ջան, ծառը մեր լինելը` մերն է, չեմ ուզում ուղղակի գլուխ դնել: Կերեք ինչքան ուզում եք, ո՞վ է բան ասողը:
Բայց մեր երեխաներին էլ թողեք ուտեն, վատ բան հո չասացի՞:
Հին, ամառից ամառ, սերնդից սերունդ բորբոքվող վեճն էր:
— Կթողնենք, բայց ծառը ձերը չի: Թող բարձրանան մեր ծառը` ինչքան ուզում են ուտեն,- ասաց տղաներից ավագը:
— Ուզում եք` մեր ծառը հենց հիմա թափ տանք բոլորդ էլ կերեք, — ասաց մյուսը:
— Վատ բան հո չասացի՞:- Ծառը մերն է, — ասաց ամենակրտսերը, — աճել- աճել թեքվել է մեր կողմը: Արի ու մի թիզ երեխայի հետ գլուխ դիր:
— Դուք դեռ ծնված չէիք, որ ծառը մեր կողմ էր թեքվել, — ասաց Սամսոնը: Ոչխարը կապեց, մոտեցավ թթենուն:
— Իջեք, — ասաց նա բարկացած, — իջեք, թե չէ հիմա…
Գասպարի տղաները ծառից ցատկոտեցին իրենց պարտեզ, փախան:
— Հայրիկիս ասեմ` ականջդ կտրի, — սպառնագին կանչեց ամենակրտսերը` հազիվ պահելով ցած սահող վարտիքը:
— Դե փախիր,- հարձակողական կեղծ շարժումներ արեց Սամսոնը, երեխաները ավելի հեռու վազեցին: Հասան իրենց տան շեմը, ետ նայեցին: Հարևանի աղջիկները խաղում էին ոչխարի հետ:
— Բաաա, բառաչեց ոչխարը:
— Բաաա,- միաձայն ձայնակցեցին եղբայրները, ծաղրելով հարևանի աղջիկներին:
Սամսոնը հսկայատիպ մի մարդ էր, իսկ Գասպարը` հակառակը, նիհար, բարալիկ, մանր աչքերով տղամարդ էր: Տղաները բոլորը հոր կտորն էին` նույն դիմագծերը, նույն աչքերը, միայն բեղերն էր պակաս:
— Հայրիկ, թթենին մե՞րն է, թե՞ Սամսոն քեռունը:
— Թթենին մերն է, քանի եմ ասել:
— Հայրիկ, — ասաց ամենակրտսերը, Սամսոնի ականջը ինչո՞ւ չես կտրում, հը՞: Կկտրե՞ս: Հինգն էլ վստահ էին, չէին կասկածում,
որ իրենց հայրը ինչ ցանկանա` կկատարի: Սամսոնը երևի սարսափելի վախենում էր իրենց հայրիկից:
— Հայրիկը, որ ուզենա, Սամսոն քեռուն մի ձեռքով կբարձրացնի, — ասաց միջնեկը:
— Հա, — հիացավ ամենափոքրը:
— Հացներդ կերեք, — հրամայեց հայրը այնպիսի ձայնով, որ տղաները համարյա տեսան. հայրը կանգնել է խրոխտ, աջ ձեռքը վերև պարզած, իսկ օդում թփրտում է հսկայական Սամսոն քեռին: Առավոտյան Սամսոնն ու Գասպարը հանդիպեցին ցանկապատի մոտ, բարևեցին:
— Ոչխար ես առել. – ասաց Գասպարը:-
-Հա, քրդից մի ոչխար առա: Աշնանը կմորթենք ղավուրմի համար: Թող ծառերի տակ իր համար արածի:
— Խելոք բան ես մտածել:
— Ծառս ջարդեցին, ախար տղաներդ:
— Քո որ ծառը, ես դրանց…Բա ինչո՞ւ չես ասել:
— Թթենին:
— Մե՞ր թթենին: Սամսոն ջան, հազար անգամ եմ ասել, չեն լսում լակոտները: Բա մարդ իր ունեցածը կփչացնի՞: Աղջիկներիդ ասա բարձրանան, թութ ուտեն, ինչո՞ւ են տակերինը պճկորտում: Գասպարը իր տրամաբանությամբ Սամսոնին կաշկանդել էր: որոշեց նույն ոճով տրամաբանել, առանց նուրբ
շրջանցումների միանգամից դիմեց խոսակցության բուն էությանը:
— Այդ ո՞ր օրից է թթենին ձերը, չհասկացանք, — ասաց նա, — որ դու էլ դեռ պատիվ ես անում:
— Ամբողջ աշխարհը գիտի, Սամսոն, մենք էլ հո երեխաներ չենք, որ վիճենք: Թութ ես ուզում` կե՛ր ինչքան ուզում ես: Ահա, ծառի այս կեսը լրիվ ձեզ լինի:Սամսոնը ներքին ուրիշ դժկամություն էլ ուներ Գասպարի նկատմամբ. ինքն այդքան հուժկու, աժդահա մի տղամարդ` միայն աղջիկներ ունեցավ, երկչոտ թույլ արարածներ: Իսկ Գասպարը` միսուոսկոր, տաս կիլո քաշ չունի, բայց հինգ տղաներ` հանդուգն, ճարպիկ, լեզվանի երեխաներ:
-Թե տղաներիցդ մեկին ծառին տեսա` չնեղանաս: Թևից բռնեմ այնպես շպրտեմ, որ…
— Դու էլ քո ուժով զարմացրիր…
Լավ, հասկացանք, ուժով ես, — դեպի բակի դուռը գնալով, բարձր -բարձր խոսում էր Գասպարը, — ուժով ես, հա փիղ ես… պահ:
Տղաները իրենց պատշգամբից լսում և հրճվում էին:
— Բաաա, — խմբով բղավեցին նրանք և քրքնջացին: Սամսոնն էլ իր աշխատանքին գնաց, մնաց թթենին երկու բակի միջև: Գասպարի տղաները իսկույն թռան, ելան վեր, թառեցին սատանաների նման, թութ էին ուտում, իրար հետ զրուցում, ծիծաղում: Իսկ Սամսոնի աղջիկները միայն ցածի ճղների խակերն էին պոկոտում:
— Ուզու՞մ եք` մեր թթենին թափ տամ, կերեք:
— Թթենին մերն է, — բղավում էին աղջիկները, տղաները վերևում ծիծաղից թուլանում էին:
— Ձերն է, ինչո՞ւ չեք բարձրանում ուտում:
Երեկոյան կողմ Սամսոնը աշխատանքից վերադարձավ, բակի դուռը բացավ թե չէ` Գասպարի տղաները ամեն մեկն իր ճղից թռավ ներքև, փախավ: Բայց դեմն ելած հորը տեսնելով, սրտապնդված կանգ առան: Սամսոնը իր բակի դռնից առաջ եկավ, Գասպարը` իր, մնացին դեմ-դիմաց:
— Հայրիկ, — հուզված գոռգոռաց ամենափոքրիկը, — նրա կանջը կտրիր, ականջը կտրիր…
Գասպարն ասաց Սամսոնին.
— Ի՞նչ է պատահել, հարևան:
— Դու էլ իբր չես իմանում, — ձայնը միանգամից բարձրացրեց Սամսոնը: Նրա թիկունքում վախից կուչ էին եկել աղջիկները:
— Քեզ հիմարի տեղ ես դրել: Ուրեմն, Սամսոնը վիրավորեց Գասպարին: Երեխաները կարկամել, սպասում էին թե ինչ պիտի լինի: Հիմա երևի իրենց հայրը Սամսոնին սպանի, մտածում էին տղաները: Եվ Գասպարը հասկանում էր տղաների միտքը:
— Դա ի՜նչ խոսք էր, — գոռաց նա, սակայն ձայնը իր ուզածից ցածր ստացվեց:
— Դա ի՜նչ խոսք էր, ասում եմ: Աղջիկները փախան տուն, դուռը փակեցին, այնքան վախելու էր Գասպար քեռու ձայնը: Իսկ տղաները ուրախ քրքնջացին:
— Հայրիկ, — հայրիկ, նրան մի ձեռքով բարձրացրու…
— Ներողություն խնդրիր, — դեմքը սպառանգին խոժոռելով, ասաց Գասպարը, չգիտես ինչու` զույգ ձեռքերը կանթելով:
— Դե գնա, — արհամարհանքով նետեց Սամսոնը և շրջվեց նրանից:
— Ի՞նչ, — իբր խիստ զարմանալով` Գասպարը առաջ գնաց, չնայած զգում էր, որ անզգույշ է վարվում: Տղաները կարկամած սպասում էին, նրանց աչքերը ոգևորությունից փայլում էին: Գասպարը մոտենում էր Սամսոնին և աչքի տակով նայում մյուս հարևանների լուսամուտներին: Հակառակի պես ոչ մեկը ձայնը չէր լսում, դուրս չէին գալիս, որպեսզի կռվողներին բաժանեն: Գասպարը հույսը չկտրելով` գնում էր բարձր գոռգոռալով: Սակայն հարևանների դռները մնում էին փակ: Արդեն մոտեցել էր
Սամսոնին, միանգամից ձայնը իջեցրեց.
— Սամսոն, երեխեքի մոտ խայտառակ չանես, — շշնջաց ու հարվածեցՍամսոնի ականջին:
Սամսոնը անակնկալի եկած մնաց կանգնած: Գասպարը` վտիտ, հիսուն-վաթսուն կիլագրամանոց մի տղամարդ, պաղատական իրեն էր նայում: Մանր աչքերում այնքան աղերս կար: Հեռվում կանգնած էին նրա երեխաները` արևավառ,
ոտաբոբիկ, ջլապինդ, հինգ ճարպիկ տղաներ:
Սամսոնը նայեց տան կողմը, աղջիկները չկային: Կրկին նայեց Գասպարին:
— Թյու, — մի տեսակ գարշելով ասաց նա,- քո մարդ ասողի…, ու քիչ մտածելուց հետո ընկավ: Գասպարի դեմքին վախ ու խնդրանք, ժպիտ ու չգիտես էլ ինչեր խառնվել էին իրար: Բայց գոհ ու թեթևացած շունչ քաշեց, աչքի
տակով նայեց տղաներին, միանգամից դադարելով գոռգոռալ:
— Գնա, թե չէ… ասաց գետնին ընկածը, — շառդ քաշիր, ասացի…, — ապա ելավ, դժգոհ ու մռայլ, առանց ետ նայելու հեռացավ: Գասպարի տղաները շրջապատեցին իրենց հորը: Հայրը լուռ գնաց նրանց հետ, մտան տուն: Հափշտակաված, հայացքները հորից չէին կտրում:
— Չլինի-չիմանամ` մեկ էլ բարձրացել եք այդ ծառը, — ասաց հայրը: Երեխաները ապշեցին:
Հիմա, որ իրենց թվում էր` արդեն ուժի միջոցով ծառն ում պատկանելը…
— Ինչո՞ւ, ծառը մերը չի՞: Հայրը բացասաբար գլուխը շարժեց:
— Ծառն այսօրվանից հարևանինն է: Երեխաները չհասկացան նրան:
-Մեղկ է, ասաց ամենակրտսերը, — Սամսոն քեռին մեղկ է, ծառը տանք իրեն:
Հայրը գլխով արեց: Երեխաների դեմքը մի տեսակ հարթվեց, խաղաղվեց,դարձավ բարի ու գեղեցիկ: Մյուսը օրը տղաները հաղթողի մեծահոգությամբ կանգնել սպասում էին մինչև աղջիկները երևացին:
— Կթողնե՞ք բարձրանանք ձեր ծառը` թութ ուտելու, ասացին տղաները: Աղջիկները զարմացան: Հետո ժպտացին, երեքն էլ գլխով արին:
Ամբողջական ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=iLtp3tZNu00
