Երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը ճանաչվել է աշխարհի ռեկորդակիր։
Երաժշտի անունը գրանցվել է WDPO համաշխարհային ռեկորդների գրքում նրա երեք նախաձեռնությունների համար։ Գեղեցիկ զուգադիպությամբ Երևանի 2807 ամյակին նրա «Երևան» ստեղծագործության տեսահոլովակը ներառվել է համաշխարհային ռեկորդների գրքում միաժամանակ 200 քանոնահարների մասնակցությամբ կատարման համար։ Համաշխարհային ռեկորդակիր ճանաչվելու համար առիթ է հանդիսացել նաև Ջիվան Գասպարյանի ծննդյան 90 ամյակին նվիրված բեմահարթակին միանգամից 112 դուդուկահար մեկտեղելու համար։
Երրորդ համաշխարհային ռեկորդը հանձնվել է հինգ բաս քանոնների ստեղծման գաղափարի համար։
Բաս քանոնի ստեղծման գաղափարը մաեստրոյի մոտ առաջացել էր տարիներ առաջ, երբ քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ ներկայացրել էին «Մուշ» ստեղծագործությունը` 50 քանոնով: Աշխարհում առաջին բաս քանոնը պատրաստված է Սոչիի թխկու փայտից, որը Արա Գևորգյանին հաջողվել է բերել Տուապսեից: Մեկ բաս քանոն պատրաստելու համար պահանջվում է առավելագույնը 8 ամիս ժամանակ, որի ընթացքում մանրակրկտորեն մշակվում է երաժշտական գործիքի յուրաքանչյուր դետալ:




