«Իմ ու իմ միջև» գիրքը  դրսից դիտակետ է դեպի իրականություն

Ժամանակակից գրող Հաս Չախալյանի համար գրելը ինքնանպատակ չէ։ Նրա համար առաջնայինը  արժեքավոր ու որակյալ աշխատանք ստեղծելն է։      Media M.am-ի հետ զրույցում գրողի հետ  խոսել ենք անդրանիկ գրքի, ինքնատիպ ոճի և ապագայում սպասվող նոր գրքերի մասին։

_Հաս, ստեղծագործում եք ութ տարեկանից։ Ի՞նչ է Ձեզ համար գրելը։

_Գրելը ինձ համար էություն է ու ապրելակերպ։ Ես գրում եմ, երբ ներսումս կուտակված ասելիք կա։ Կարծում եմ՝ գրելը չպետք է լինի ինքնանպատակ։

_Մինչ առաջին գրքի «ծնունդը» Ձեր գործերը հրապարակվել  են տարբեր հարթակներում և մամուլում։ Ինչպիսի՞ն է եղել ընթերցողների արձագանքը։

_Ընթերցողների արձագանքները տարբեր են եղել։ Ես փորձել եմ գրել տարբեր ոճերում, ի վերջո գտնելով ու ձևավորելով իմը։ Ես չեմ ստեղծագործում պարզունակ ոճով. իմ նպատակը արժեքավոր ու որակյալ աշխատանք ստեղծելն է։

_Ե՞րբ հասկացաք, որ ժամանակն է գիրք հրատարակելու։

_Հասկացա, երբ ցանկացա ստեղծագործություններս ամբողջացնել մի տեղում։ Գրքից դուրս մնացին շատ ստեղծագործություններ, որոնք գրվել էին դեռ պատանեկության տարիներին։ Գիրքը լույս է տեսել 2019 թվականին,այն կոչվում է «Իմ ու իմ միջև»։

_Ձեր հարցազրույցներից մեկում «Իմ ու իմ միջև» գիրքը համարել եք դրսից դիտակետ դեպի իրականություն։ Ինչպիսի՞ն է այդ իրականությունը Ձեր դիտակետից։

_Ստեղծագործող մարդու իրականությունը միշտ տարբեր է՝ հուզական ու գունեղ։ Ես սիրում եմ ուսումնասիրել մարդկանց, լսել ու ապրումակցել։ Իմ իրականությունը բաժանվում է երկու մասի, և այդ երկատվածության մեջ ես զուգահեռում եմ ինձ։

_Մի քանի տարի է, ինչ բնակվում եք Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այն Ձեզ վրա։ Արտահայտվել է արդյո՞ք Ձեր ստեղծագործություններում։

_Արդեն ութ տարի է, ինչ ապրում եմ այստեղ։ Բնականաբար, տեղի մշակույթը թողել է իր հետքը իմ ստեղծագործությունների վրա։ Ունեմ էսսեներ, չափածո շարքեր, որոնք ներկայացնում են արևելյան կյանքը, բարքերը և գեղեցկությունը։ Պետք է հավելեմ, որ ես չեմ կորցրել իմ ազգային ինքնությունը։ Այլ երկրի մշակույթով կարելի է հիանալ, սակայն ապրել՝ ոչ։

_Համացանցում մեծ տարածում գտած «Նամակ անծանոթին» բանաստեղծությունը հուզել էր շատերին։ Ե՞րբ եք այն գրել։ Ում էր այն ուղղված։ Արդյո՞ք այն կոչ էր համայն հայությանը։

_Այդ գիրս տարածվեց համացանցում և շարունակում է տարածվել առանց իմ անվան։ Այն գրվել է 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ։ Կարծում եմ՝ այն կոչ է մարդկությանը, որովհետև պատերազմը արհավիրք է ու աղետ։

_Առաջին գրքից հետո շատ ստեղծագործություններ հրապարակում եք տարբեր հարթակներում։ Սպասվու՞մ են ապագայում նոր գրքեր։

_Այո, ապագայում սպասվում են նոր գրքեր։ Նոր գաղափարներ միշտ ունեմ։

_Եվ վերջում՝ ամենասիրելի գրքից նախընտրած հատվածը, որը հուզել է և չի մոռացվել։

_«Գիրքը պետք է լինի այնպիսի կացին,որը կկոտրի մեր ներսում սառցե ծովը»։ Ֆրանց Կաֆկա

Զրուցեց՝  Մերի Բադալյանը

Scroll to Top