Երազանքը գործողությունների մեջ է ապագա դառնում, անգամ եթե քայլերը նվազ են ու երերուն.
Նաիրա Աբրահամյան

Գրող, մանկավարժ Նաիրա Աբրահամյանի հերոսները պարզ են, անմիջական, քաջ ու խորհրդավոր: Ժամանակակից գրողը MediaM.am- ի հետ զրույցում պատմել է իր «Մամիկ» գրքի, ինքնատիպ հերոսների, մանկավարժական գործունեության և ապագա ծրագրերի մասին։

 —Նաիրա, որպես գրող և մանկավարժ՝ ինչպե՞ս եք գնահատում այս երկու ոլորտների ազդեցությունը Ձեր ինքնության և առաքելության ձևավորման վրա։ Ո՞րն է Ձեր հոգեհարազատ ընտրությունը։

—Իրականում մանկավարժությունը բարդ մասնագիտությունների շարքից է: Դու պետք է սովորողների համար դառնաս ոչ միայն անհրաժեշտ գիտելիք փոխանցողը, այլև կարողանաս այս բազմաշերտ իրականության մեջ ուսումնառողի համար կրթությունը դարձնես գրավիչ ու հետաքրքրական։ 
Իսկ այդ ամենի համար, անշուշտ, ստեղծարարություն, նորարարական քայլեր կիրառելու կարողություններ ու հմտություններ ունենալն անհրաժեշտություն է։
Իրականում ստեղծարար միտքն այս գործում ինձ բավականին օգնել է, իսկ երեխաների հետ շփումը, նրանց անկեղծ ու դիպուկ մտածողությունը ինձ համար դարձել են կերպարներ կերտելու համար օգտավետ հումք։
Եղավ պահ, որ պետք է թողնեի մանկավարժական գործունեությունս, քայլ կատարելը բարդ էր, հետ կանգնեցի։

—Ինչպե՞ս ծնվեց Ձեր առաջին գրական գործը։ Ովքե՞ր էին Ձեր առաջին ոգեշնչման աղբյուրները։

—Մայրս երիտասարդ տարիներին ստեղծագործել է։ Հիշում եմ՝ բանաստեղծությունների տետրակը տպագրության էր հանձնել  «Թռիչք»   թերթի գրական էջին: Իննսունականների ծանր օրերին թերթն էլ լույս չտեսավ, մորս ձեռագրերն էլ անհետացան, գրելու ձիրքը՝ նույնպես… 
Հավանաբար հետաքրքրությունը փոխանցվել է իրենից:
Անշուշտ, ստեղծագործելը գրողի համար ինքնարտահայտման լավագույն միջոցն է: Սնուցվելով արվեստի տարբեր ոլորտներից՝ հաճելի է, երբ դու էլ փորձում ես ստեղծել քո սեփականը։
Ինձ համար ոգեշնչող կարող է դառնալ ամեն բան՝ ծառի ճյուղին օրորվող տերևից մինչև աղբանոցից «ավարով» հեռացող կարիքավորի աչքերից թափվող լռությունը։

 —Ձեր անդրանիկ գրքի վերնագիրն է «Մամիկ»։ Ինչպե՞ս ծնվեց այս խորագիրը, և ի՞նչ խորհրդանշային կամ կենսագրական շերտեր է այն պարունակում։

—Գրքում սկզբից մինչև վերջ, տեղ-տեղ ընդհատումներով, անցնում է տատի հավաքական և ամբողջական կերպարը: Այն ընդգծուն դարձնելու համար գիրքը կոչեցի ճեպանկարներից մեկի անունով՝ «Մամիկ»: Վերնագիրն ինձ համար ունի նաև կենսագրական գաղտնագիր. այն նվիրել եմ հայրիկիս՝ անունը ծածկագրելով մեջը:
Գրքում գյուղը դառնում է միջավայր իրականությունն ու առեղծվածը, անցյալն ու ներկան պատկերելու համար: Այստեղ կա պայքար կորուստների և դիմադրության, սիրո և մաքառման միջև:

—Ձեզ հաջողվում է ներկայացնել կյանքի տարբեր շերտերը՝ մարդկային փոխհարաբերություններից մինչև սոցիալ-մշակութային խնդիրներ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է ժամանակակից հայ մարդու հավաքական կերպարը։

—Ինձ համար մարդու հավաքական ընկալումները ձևավորվում են ժամանակի ընթացքում՝ կախված սոցիալական, մշակութային, հոգեբանական, քաղաքական փոփոխություններից։ Ժամանակակից մարդը սկսել է հեշտությամբ հարմարվել միջավայրի փոփոխություններին։ Իրականում սա լավ է և վատ։ Այսօր մարդկանց մտածողությունը դարձել է ավելի ճկուն, ավելի հնարամիտ են։ Ինքնազարգացման ձգտող մարդկանց թիվն էլ քիչ չէ: Գրականությունն էլ իր հերթին դառնում է իրականության արտացոլանքը, հայելին՝ վերարտադրելով հասարակական կյանքն ու  մարդկային հարաբերությունները:
Մարկեսը դիպուկ բնութագրում ունի․ «Գրողը մշտապես հակասությունների մեջ է հասարակության հետ։  Գրելը միջոց է գրողի և նրա միջավայրի միջև այդ անձնական կոնֆլիկտը լուծելու համար»։

—Ի՞նչ եք ցանկանում փոխանցել մարդկանց Ձեր հերոսների միջոցով։

—Երբեմն ինձ դուր են գալիս կերպարվեստի այն գործերը, որոնք վերնագրեր չունեն։ Վերնագիրը մտածելու իր «պարտադրանքն» է թելադրում:
Մտածում եմ՝ հերոսների ասելիքի հարցում էլ նույնն է։
Ընթերցելիս յուրաքանչյուրը կարող է յուրովի ընկալել այն:
Այս համոզման եկա գրքին վերաբերող հանդիպումների ընթացքում հնչեցրած կարծիքներն ու տեսակետերը վերլուծելիս։
Իրականում «Մամիկ»-ում  գյուղը ներկայացված է բազմաշերտ՝ երբեմն խորհրդանշական ենթատեքստերով: Իմ հերոսները պարզ են, անմիջական, բայց միևնույն ժամանակ խորհրդավոր են ու հոգեբանական: Կան հերոսներ, որոնք ձայն են բարձրացնում միջավայրում անտեսված, ծպտվածների անունից:

— Նաիրա, Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ անցյալը հաճախ չի թողնում, որ գալիք օրն էլ դառնա հիշողություն։ Ո՞ր ժամանակահատվածն է Ձեզ առավել հոգեհարազատ։

—Մի բան հստակ է․ պետք է կարողանալ օրվա բաշխած ժամանակահատվածից հիշողության մնայուն պահեր որսալ։ Երազանքը գործողությունների մեջ է ապագա դառնում, անգամ եթե քայլերը նվազ են ու երերուն։ Հենց տվյալ ժամանակահատվածն է ունակ դառնալու ավելի հոգեպարար ու մնայուն։

 —Աշխատանքային գործունեություն եք ծավալում նաև մանկավարժության ոլորտում։ Ինչպես՞ է ընդունվում Ժամանակակից գրականությունը աշակերտների կողմից։
Արդյո՞ք ժամանակակից գրականությունը նպաստում է սերունդներ դաստիարակելու, կրթելու գործում: 

—Դասակա՞ն, թե՞ ժամանակակից, միևնույն է, գրականությունն իր դաստիարակչական ներուժով ազդում է սերունդների կրթության, նրանց քննական մտածողության զարգացման, վերլուծելու կարողությունների ձևավորման, սեփական դիրքորոշում արտահայտելու գործում։ Դժվարագույնը նրանց գրքին մոտեցնելն է։ Ինքս տարբեր ծրագրերի ու նախագծերի միջոցով փորձել եմ ունենալ սպասված արդյունքը։
Իմ և արձակագիր Դավիթ Սամվելյանի կազմած «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» վեցհատորյա գրքերի լույսընծայումը հենց այս գաղափարներն իրագործելու քայլերից մեկն էր։ Կատարած բարդագույն աշխատանքը նպատակային էր, առհավատչյան դրական ու քաջալերող արձագանքներն են:

—Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը և ամենամեծ նվիրյալը:

—Ժամանակի ընթացքում միշտ փոխվել է գեղարվեստական ճաշակս՝ ելնելով տարիքից, հետաքրքրություններից, գրականությունն ընկալելու խորքայնությունից։ Մի բան հաստատ է, հոգին թելադրում է միտքը հարստացնելու իր պահանջմունքը։
Պոլ Էլյուարի պոեզիայով եմ սկսել հետաքրքրվել, Ներսես Աթաբեկյան եմ շատ կարդում, Էդոյան…Մնձուրին,Մաթևոսյանն իմ սեղանի գրքերն են…թարգմանական գրականությամբ ուղղակի կլանված եմ:
Այսօր ընթերցողին առաջարկվող գրքերը բազմաշերտ են ու գայթակղիչ, մնում է որսալ ժամանակ այդ ամենը վայելելու համար:

— Ո՞րն է գրական գործընթացում ամենածիծաղելի երևույթը և որը՝ ամենատխուրը:

—Ամենածիծաղելի (ժպտում է)…Մարդիկ, տուրք չտալով իրենց սեփական գրական ճաշակին, ձեռք են բերում կամ պարտադրված ընթերցում են այն գրքերը, որոնք տվյալ պահի համար չգիտես՝ ինչ  արժեքների շնորհիվ դարձել են թրենդային։ Շատ կարևոր է՝ նորաձև դարձած գրքի հետ ունենալ լուսանկար, մի երկու տող էլ ցիտել, ու, որպես կանոն, դա սեփական ընտրությամբ էլ չեն առանձնացնում։ Սա ինձ համար իսկապես ծիծաղելի է:
Շատ արժեքավոր գրքեր ուղղակի մնում են գրախանութների անտեսված մի անկյունում կամ հեղինակների գրապահոցներում։ Մենք հիանալի հեղինակներ ունենք, որոնց գործերն ուղղակի հանրահռչակել է պետք։ 

—Ձեր կարծիքով, մեր այս ժամանակում առավելապես ինչի՞ համար պիտի ցավենք ու ափսոսանք:

—Ցավոք, վերջին տարիներին ցավի ու ափսոսանքի առիթներ շատ ունեցանք, բայց մեջքն ուղղելով՝ առաջ շարժվել է պետք:

 —Մոտ ապագայում ի՞նչ նոր գրքեր կամ ստեղծագործական ծրագրեր եք պատրաստում ներկայացնել ընթերցողին։ Ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Ձեր հավատարիմ լսարանը։

—Մասնագիտական ու գեղարվեստական ոլորտում պլանավորած նորություններ ունեմ, մնում է ապավինել ժամանակին ու աշխատել քրտնաջան:

Զրուցեց՝ Մերի Բադալյանը

Scroll to Top