Երաժիշտ-խմբավար, գրող և մանկավարժ Աղավնի Գրիգորյանի ստեղծագործությունները, տեղափոխում են տարբեր իրականություններ։ Լռությունը վերածվում է երաժշտության, իսկ հերոսները խոսում են «բնության լեզվով»։ Media M.am-ի հետ զրույցում, մադրիդաբնակ գրողի հետ խոսել ենք նախընտրած ժանրի, լույս տեսած գրքերի և մանկավարժական գործունեության մասին։
_Երաժիշտ-խմբավար, գրող և մանկավարժ։ Ո՞րն է եղել Ձեր առաջին կրթօջախը։ Մասնագիտությու՞նն է «ընտրել» Ձեզ, թե՝ դուք մասնագիտությանը։
_Առաջին բեմելս եղել է ընտանեկան միջոցառումներին, հավաքույթներին, հետո արդեն Նիկոլ Աղբալյանի (նախկինում Ն.Կրուպսկայա) հանրակրթական դպրոցին զուգահեռ հաճախում էի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց: Երկու կրթօջախն էլ կարևոր են եղել որպես անհատ՝ ձևավորմանս համար: Վաղ մանկական երազանքս էր դառնալ նկարիչ, հետո սոլֆեջոյի ուսուցիչ (հրաշք ուսուցչուհի ունեի, և նա էր ինձ ոգեշնչել) և գրող: Բայց դրանք պարզապես երազանքներ էին, իսկ որպես ավելի գիտակցված ընտրություն, անկեղծ ասած, մտադիր էի ֆիզիկոս դառնալ, քանի որ դպրոցական տարիներին չափազանց սիրել եմ հենց տեխնիկական առարկաները: Ով՝ ում է ընտրել, կդժվարանամ ասել, մասնագիտությունս իմ ապրելակերպն է, ես ամեն օր երջանիկ եմ աշխատանքի պահին, աշակերտներիս հետ:
_Տարիների ընթացքում՝ ճանապարհները երբեմն տանում են օտար «ափեր»։ Ապրում և ստեղծագործում եք՝ Մադրիդում, որտե՞ղ եք ծնվել։
_Մանկությանս տունը Երևանի սրտում էր, թաղամասն էլ հենց իր անվանը շատ սազող՝ Այգեստան էր: Հրաշալի այգի ու պարտեզ ունեինք:
_Ունեք հեղինակային երգեր՝ Դուք երբևէ կատարե՞լ եք այդ ստեղծագործությունները։
_Երգերիցս մի քանիսի առաջին կատարողը ես եմ եղել, կամ երգչախմբիս սաները, հետո կատարել են տարբեր մանկական խմբեր: Հետո տեղափոխվեցի Իսպանիա ու այդ ստեղծագործական շավիղը մնաց կիսատ: Ինչ-որ պահերի բացակաս չներվեց երևի, ես էլ չկարողացա հանդուրժել որոշ շարունակական անազնիվ քայլեր, այդ թվում՝ հեղինակային իրավունքիս ոտնահարումը: Այդ էջը առժամանակ փակել եմ:
_Գրում եք՝ բանաստեղծություններ պատմվածքներ։ Ո՞ր գրական ժանրն է առավել հոգեհարազատ։
_Տարբեր ժանրերում եմ ստեղծագործում, նայած, թե այդ պահի ասելիքս ինչպես եմ զգում: Հաճախ ասելիքս հումորով է նաև, ծուռ հայելիների աշխարհում ենք ապրում: Հեքիաթն անսահման ազատության տարածք է ինձ համար, իսկ արձակը այն դաշտն է, որտեղ կուզեմ ասելիքս ոչ միայն այս պահին, այլև վաղը լսելի և ընթերցված լինի:
_Աղավնի, Ձեր հարցազրուցներից մեկում ասել եք, որ Ձեր կյանքում ամեն ինչ երաժշտության միջով է գալիս, նույնը՝ ստեղծագործելը։ Ու՞մ ստեղծագործություններն են առավել ոգեշնչում և ինչպե՞ս են արտացոլվում Ձեր գործերում։
_Լռությունն էլ երաժշտություն է, հատկապես, երբ աղմուկը չի խանգարում լսել սրտիդ ձայնը:
_Ո՞րն է Ձեր առաջին գիրքը։ Ե՞րբ եք այն հրատարակել և ու՞մ է ուղղված։
_Առաջին ժողովածուն 2016թ., «Դիմակահանդես»- ն է: Այն իմ՝ Հայաստան-Իսպանիա անցումային բարդ շրջանի առաջին տարիների ամփոփումն էր: Այդ գրքով առաջին անգամ չորս տարվա բաժանումից հետո ոտք դրեցի Հայաստան: Ուրախ եմ, որ այն իմ կենսագրության մասն է: Գիրքը գրախանութ չի մտել, այն նվիրել եմ իմ բարեկամներին, հարազատներին, ընկերներին:
_Աղավնի, Ձեր ստեղծագործություններում կարևոր մաս են կազմում հեքիաթները։ Ձեր երկրորդ գիրքը հեքիաթների ժողովածու է։ Ինչի՞ մասին է այն՝ ովքե՞ր են հերոսները։
_Հեքիաթներս ավանդական՝ բարու-չարի հակադրությունը չեն: «Հեքիաթն ապրում է/ Գիշերվա պահապանները» գրքի հերոսները չեն մոռացել բնության լեզուն, ավելին՝ խոսում են այդ լեզվով: Նրանք հեռու են կատարյալ լինելուց. նրանք պարզապես կան, ապրում են իրենց աշխարհում՝ ինչպես Դուք, ես, մեր կողքի ծառը, թուփը, թիթեռը, զատիկը: Հրաշքն այն է, երբ նկատում ենք, սիրում նրանց այնպիսին, ինչպիսին կան: Մնացած բացահայտումները թողնենք ընթերցողին:
_Անցյալը, թե՝ ներկան, ո՞ր ժամանակահատվածն է Ձեզ ոգեշնչում՝ անցյալի դեպքերը, թե՝ Ձեզ շրջապատող մարդկանց առօրյան և կենցաղը։ Հայաստանի՞, թե՝ Մադրիդի՞ իրականությունը։
_Մի իրակությունը արդեն հեռու է, անցյալ, անդառնալի, բայց այնտեղ դու քեզ պաշտպանված, սիրված ու ապահով ես զգում: Մյուսն արդեն քո այսօրն է. դեռ սովորում ես, դեռ շատ բաների չես համակերպվում, դեռ շատ բաներ քոնը չեն ու չեն լինի երբեք: Բայց կան երևույթներ, որ գնահատում ես ու սկսում սիրել: Շատ տարբեր ու անհամեմատելի են այս երկու իրականությունները, իսկ դու նրանց մեջ՝ երկփեղկված: Երկու իրականությունների մասին էլ գրել և գրում եմ, հայաստանյանն ավելի է իմը: Ավելի ճիշտ եմ զգում, ավելի է ինձ հուզում, դրա համար մինչ օրս շատ ավելի ստեղծագործություններ Հայաստանի ու հայի մասին են: Իսպանական իրականությունը ուսումնասիրում եմ ամեն օր, ամեն պահի, կարծում եմ այդ մասին դեռ գրելու առիթներ կլինեն:
_Լինելով մասնագիտությամբ երաժիշտ՝ երբևէ մտածե՞լ եք գրել Կոմիտասին կամ այլ կոմպոզիտորներին նվիրված պատմվածքներ։
_Հետաքրիր հարց է, չեմ մտածել այդ ուղղությամբ, անկեղծ ասած, բայց ուսումնասիրել, ներկայացնել կոմպոզիտորներին, այդ թվում և Կոմիտասին, արել և անում եմ տարիներ ի վեր. երկար տարիներ երաժշտական գրականություն եմ դասավանդել Հայաստանում: Հիմա էլ, ցանկացած երգի կամ դաշնամուրային ստեղծագործության ուսուցման ընթացքում նաև կոմպոզիտորին եմ անդրադառնում, ժամանակշրջանին, երաժշտական ուղղվածությանը: Ամեն դարաշրջան և կոմպոզիտոր ունի իր յուրահատուկ հնչողությունը:
_«Դաշնամուր» պատմվածքների ժողովածուն Ձեր վերջին հրատարակած գիրքն է։ Ե՞րբ եք այն հրատարակել։ Ինչու՞ ժողովածուն անվանեցիք «Դաշնամուր»։
_Հրատարակվել է 2021թ.-ին: Գիրքն ընթերցելիս՝շատ տարբեր մեղեդիներ կարելի է լսել: Դաշնամուրը նվագախումբն է գործիքների և կատարողական շատ լայն հնարավորություններ ունի: Գրքում էլ, տարբեր իրականություններ կան՝ ուրախ և տխուր, իրական և զուգահեռ աշխարհների արձագանք:
_Ձեր ստեղծագործությունները՝ հրապարակում եք տարբեր հարթակներում։ Զբաղվում եք՝ նաև թարգմանչությամբ։ Ապագայում՝ սպասվու՞մ են նոր գրքեր։
_Մի քանի գրքի ծավալի նյութ կա հավաքված, բայց այն հեղինակներից չեմ, որ հապճեպ գիրք են շապկում: Կարևորում են նաև իրական շփումն ընթերցողի հետ, Հայաստան ամեն այցիս աշխատում եմ գոնե մեկ դպրոց անպայման այցելել, շփվել, զրուցել երեխաների հետ:
_Զբաղվում եք՝ նաև մանկավարժական գործունեությամբ։ Որտե՞ղ եք աշխատում ովքե՞ր են Ձեր սաները։
_Աշխատում եմ երաժշտական դպրոցում: Սաներս երաժշտություն սիրող մարդիկ են, երեխաներ թե մեծահասակներ, նաև թոշակառուներ, որ գուցե իրենց երիտասարդ օրերի երազանքն են իրականացնում: Յուրաքանչյուրի հետ տարբեր է աշխատանքը, մոտեցումը, մեր առջև դրված նպատակները: Միասին սովորում ենք սիրել և հասկանալ երաժշտությունը, ճանաչել ինքներս մեզ և, պարզապես, ավելի համարձակ քայլել կյանքում… Եվ բոլորովին պարտադիր չէ երաժիշտ դառնալը: Հայաստանում աշակերտներիցս մի քանիսը վաղուց իրենք են դասավանդում երաժշական դպրոցներում:
_Եվ վերջում՝ սիրելի գրողի ստեղծագործությունից՝ չմոռացվող հատվածը, ո՞ր կոմպոզիտորի երաժշտության հետ կհամադրեք։
_Գուցե միայն երաժշտությունը, բառերը՝ ամեն ոք իրենը կգտնի. Բեթհովենի Պաթետիկ սոնատի երկրորդ մասը:
Զրուցեց՝ Մերի Բադալյանը
