Արցախցի գրող Հերմինե Ավագյանը Media M.am-ի հետ զրույցում խոսել է իր ստեղծագործությունների, «Արևի մարդիկ» ներկայացման և սպասվող նախագծի մասին։
_Հերմինե, Դուք առանձնակի ջերմությամբ եք գրում Ձեր ծննդավայրի և համագյուղացիների մասին։ Որտե՞ղ եք ծնվել։
_Ծնվել եմ աշխարհից հեռու մի աշխարհում, որտեղ թողել եմ մի ամբողջ աշխարհ։ Դա ոչ աշխարհի ծայրն է, ոչ էլ աշխարհի կենտրոնը, դա այն կետն է, որտեղից ես սկիզբ եմ առել, և դա միակ տեղն է, որ ուր էլ գնամ` իմն է մնալու։ Ամեն տեղ ես լինելու եմ մի սովորական Հերմինե, իսկ այնտեղ ինձ զգում էի այն Հերմինեն, ում մեջ ապրում էր անտառը, հողը, ժայռը, քամին, թուփը, ծաղիկը, անգամ`մանրիկ ավազահատիկը։ Իմ գյուղը Աշանն է, որ մնացել է այ է՜ն սարից, այ է՜ն ձորից, այ է՜ն կամրջից այն կողմ… Մի օր, խոստանում եմ, Ձեզ տանել այնտեղ։
_Քանի՞ տարեկանից եք սկսել ստեղծագործել։ Ովքե՞ր են եղել Ձեր հերոսները։
_Առաջին պատմվածքս ծնվել է տասներկու տարեկանում։ Գարնան մի պայծառ օր էր, ու ես այդ օրը զգացի, որ արևը իմ ներսում է ապրում. առաջին անգամ զրուցեցի նրա հետ և խոստացա նրան, որ ոչ մեկին չեմ ասի նրա տեղը։ Մեր թաքուն զրույցից ծնվեց իմ առաջին փոքրիկ պատմվածքը, որ կոչվում էր «Կիթառի լարը»։
_Ե՞րբ եք հրատարակել Ձեր առաջին գիրքը։ Ինչի՞ մասին է այն։
_Առաջին գիրքս հրատարակել եմ քսանչորս տարեկանում, կոչվում էր «Պատերազմ, Աչքեր, Ծաղիկներ»։ Պատմվածքներիս առաջին ժողովածուն էր, որ նվիրել էի ազատամարտիկ հորս հիշատակին։ Հետագայում գիրքը բեմադրվեց Ստեփանակերտի թատրոնում և սիրվեց հանդիսատեսի կողմից։
_Պատմվածքների ժողովածուից հետո հրատարակել եք չափածո ստեծագործություններ։ Ո՞ր ժանրն է Ձեզ առավել հոգեհարազատ։
_Իրականում ինչ էլ պատասխանեմ, անկեղծ չի լինի, որովհետև չգիտեմ այդ հարցի ճիշտ պատասխանը։ Լինում են օրեր, որ Հերմինեն դառնում է պոեզիա և այդպես գնում է թափառելու իր խորքերում։ Օրեր են լինում, որ դառնում է երկար տողեր, երբեմն`անվերջ թվացող, մի քանի իմաստներով, երկար վերջաբանով։ Երբեմն նա մնում է առանց վերնագրի, առանց ժանրի, պոեզիայի ու արձակի միջև մտորելիս, բառերի արանքում թաքնված`մինչև որ լեզու է գտնում ինքն իր հետ և շարունակում կիսատ թողած զրույցները իր իսկ եսի հետ։
_Ո՞րն է գրողի նպատակը։ Ի՞նչ եք ցանկանում փոխանցել գրելու միջոցով։
_Իմ ստեղծագործություններն ինձ համար այն հայելին են, որի միջոցով ամեն օր նայում եմ աշխարհին։ Այդ հայելին իմ ներսում է։ Գուցե շատ բան այդ հայելու մեջ այնպես չեմ տեսնում, ինչպես որ իրականում է, գուցե շփոթում եմ գույներն ու պատկերները, բայց միշտ ասում եմ այն, ինչ տեսնում եմ։ Երբեք չեմ խաբում ինձ ու ընթերցողին։ Ես ապրում եմ այդ հայելու մեջ, և եթե ընթերցողն իմ փոխարեն իրեն է այնտեղ գտնում, ուրեմն դա նաև իր բնակավայրն է։ Ամեն գրող պետք է ունենա իր սեփական բնակավայրը, չհայտնվի ուրիշների տան մեջ։ Ես ապրում եմ իմ հայելիների հետ և այդտեղ ես միշտ ես եմ։
_ «Վազում եմ սպասիր»պատմվածքների ժողովածուի հիման վրա նոր գործ եք գրել, որը նաև բեմադրվել է։ Խոսենք այդ համագործակցության մասին։ Ինչի՞ մասին է ներկայացումը։
_Ներկայացումը կոչվում է «Արևի մարդիկ»։ Այն Արցախում ապրող սովորական հայ մարդկանց մասին է` իրենց ամենօրյա երազանքներով, ապրելու հավատով։ Այս ներկայացման մեջ նպատակ չկար առանձնացնելու Արցախը, ընդհակառակը կար նպատակ այն ներկայացնելու որպես Հայրենիքի մի անբաժանելի մաս, ինչպես Հայաստանի ցանկացած մարզ, ցանկացած վայր։ Իրադարձությունները տեղի են ունենում Արցախի մի գյուղում, բայց դա շատ հանգիստ կարող է ընկալվել որպես Հայաստանի ցանկացած մի գյուղ։ Այս ներկայացման մեջ մունքը՝ մենք է, որովհետև իրականում այսօր, առավել քան երբևէ, մեզ պակասում է այդ կարևոր գիտակցումը։
_Ե՞րբ եք հրատարակել «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն։ Ինչու՞ «Հրաժեշտի աչքեր»։
_Այն հրատարակել է Newmag հրատարակչությունը։ Նրանք մրցույթ էին հայտարարել արցախցի երիտասարդ արձակագիրների համար ու ես էլ մասնակցեցի իմ պատմածքներով։ Արդյունքում ճանաչվեցի հաղթող և լույս տեսավ այս ժողովածուն։ Գրքում զետեղված պատմվածքների մեծ մասը ծնվել են Արցախի շրջափակման օրերին։ Դրանք իմ ապրումների, ցավոտ հիշողությունների, երազանքի ու իրականության գույների մասին են։ Այնտեղ կա ցավ, բայց չկա լալկանություն։ Կա պատերազմ, բայց չկա հոռետեսություն։ Այդ գիրքը ապրելու մասին է։ Երբ դուք կարդաք այն, կունենաք մի անհագ ցանկություն` պարզապես ապրել…
_Ովքե՞ր են Ձեր սիրելի գրողները։ Ի՞նչ ազդեցություն են ունեցել Ձեր ոճի ձևավորման վրա։
_Սիրելի գրողներ շատ կան, օրինակ` Վիլյամ Սարոյանը, ում հետ հաճույքով «ընկերություն» եմ անում. միասին սուրճ ենք խմում, լռում, վիճում, ժպտում, հաշտվում, բայց երբեք չեմ փորձում նրան կրկնել։ Նա ինձ չի ների դա ու անմիջապես կխզի մեր ընկերությունը (ծիծաղում է)։ Այդպիսի շատ գրողներ կան. նրանք ինձ դաստիարակում են ամեն օր, բայց երբեք չեն դարձնում իրենց նման։
_Ի՞նչ անակնկալներ են սպասվում ընթերցողներին։ Ե՞րբ եք հրատարակելու Ձեր հաջորդ գիրքը։
_Այսօր աշխատում եմ ֆրանս֊հայկական մի գեղեցիկ նախագծի ուղղությամբ, որի արդյունքում գրքի տեսքով լույս կտեսնի արցախցի գրողի և ֆրանսիացի երաժիշտի միջև գրական նամակագրությունը, որի մեջ հայ և ֆրանսիացի ընթերցողը նորովի կճանաչի ու նորովի կսիրի Արցախը։ Շատ չեմ մանրամասնի`սպասելով գրքի լույս ընծայմանը։
Զրուցեց՝ Մերի Բադալյանը
