Արցախցի ռեժիսոր՝ Ռուզան Խաչատրյանը Media M.am-ի հետ զրույցում պատմել է իր անցած ուղու, բեմադրությունների, երազանքների և տարվա լավագույն բեմադրիչ ընտրվելու մասին։
_Ձեր հարցազրույցներից մեկում Ձեր ծննդավայրը անվանել եք դրախտավայր։ Որտե՞ղ եք ծնվել։
_Այո՛, դրախտավայր է, և այդ ամենը չափազանցություն չէ։ Ես Արցախից եմ՝ ծնվել եմ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։ Իրականում ամբողջ Արցախն է դրախտավայր՝ Արցախում եղած ցանկացած մարդ կվկայի այդ մասին։ Գյուղը, որտեղ ես ծնվել եմ և անցել է իմ մանկությունը, իսկապես մի չնաշխարհիկ բնակավայր է։ Այն մխրճված է լեռների, ձորերի, անտառների մեջ, որը միաձուլված է բնության հետ։ Գյուղի միջով հոսում է գետը՝ իր տարբեր առվակներով։ Յուրաքանչյուրի պատուհանից բացվում էր աննկարագրելի գեղեցիկ տեսարան։ Իմ ստեղծագործական կյանքի և առհասարակ իմ ներսի ստեղծագործական հարստությունը, եթե այն ունեմ, միանշանակ հենց այդ բնությունից է սկիզբ առել՝ այդ չքնաղ տեսարաններից։
_Ո՞րն է եղել Ձեր երազանքի մասնագիտությունը։ Երբևէ մտածել եք ռեժիսոր դառնալու մասին։ Որտե՞ղ եք սովորել։
— Իմ երազանքի մասնագիտությունը միշտ եղել է ռեժիսուրան։ Երբ ինձ առաջին դասարանում ուսուցչուհիս հարցրել է, թե ինչ եմ ուզում դառնալ, ասել եմ՝ ռեժիսոր։ Դա շատ զարմանալի պատասխան էր վեց-յոթ տարեկան երեխայի համար։ Ես իմ գիտակցական կյանքից սկսած երազել եմ ռեժիսորի մասնագիտության մասին և երբեք երազանքս չի փոխվել, այլ ընդհակառակը գնալով ցանկությունս ավելի է մեծացել։ Սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում, ռեժիսուրայի բաժնում։ Ուսումը ավարտել եմ 2014 թվականին, որից հետո շարունակել եմ նույն բաժնի մագիստրատուրան։ Ռեժիսուրան իմ կյանքի մասնագիտությունն է, որի մասին երազել եմ, և այսօր այդ մասնագիտության կրողն եմ, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն։
_Ուսումը ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եք Արցախի մայր թատրոնում։ Խոսենք այդ տարիներին կուտակած փոձի, բեմադրած ներկայացումների մասին։
—Ղեկավարել իննսունամյա փառահեղ ճանապարհ անցած թատրոնը և միևնույն ժամանակ սկսել զրոյական կետից՝ բարդ էր և պարտավորեցնող։ Այդ տարիներին թատրոնի վիճակը այդքան էլ բարվոք չէր. թատրոնը ծանր շրջան էր ապրում։ Թատրոնի շենքը վերանորոգման ենթակա էր, և ժամանակավորապես թատրոնը հանգրվանել էր մշակույթի պալատում։ Ես հինգ տարի եմ ղեկավարել Արցախի թատրոնը։ Այդ ընթացքում ծնվել են բազմաթիվ ներկայացումներ՝ բեմադրվել են Պուշկինի «Եվգենի Օնեգին», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետ», Հերմինե Ավագյանի «Լուսաբացից առաջ» ներկայացումները, մանկական ներկայացումներ և բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր, որոնք լցրել էին Արցախի թատերական կյանքը։ Արցախի հանդիսատեսը շատ մեծ սիրով էր ընդունում թատրոնի նոր շունչը և հաճույքով, սպասումով հաճախում էր թատրոն։ Իմ ղեկավարման վերջին ամիսներն էր։ Ինչու՞ վերջին՝ որովհետև սկսվեց չարաբաստիկ քառասունչորսօրյա պատերազմը։ 2020 թվականի վերջին ամիսներին նախագահը մեզ հրավիրեց և ասաց, որ թատրոնի շենքի վերանորոգումը սկսվում է և մենք բավական կարճ ժամանակում կունենանք վերանորոգված, ժամանակակից բոլոր հարմարություններով թատրոն, բայց եղավ այն, ինչ եղավ, և բոլորիս կյանքը արմատապես փոխվեց։
_Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրել եք «Արևի մարդիկ» ներկայացումը։ Ինչի՞ մասին է այն։ Ինչու՞ «Արևի մարդիկ»։
—Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում բեմադրել եմ Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասիր» գրքի հիման վրա «Արևի մարդիկ» ներկայացումը։ Ներկայացումը՝ Արցախի մասին է, բայց միևնույն ժամանակ մեր բոլորի, քանի որ Արցախը մեր բոլորինն է, քանի որ Արցախը հայկական է՝ նույնքան հայկական, որքան Հայաստանի մնացած բոլոր բնակավայրերը։ Այդ ներկայացման մեջ պարզ մարդկային կյանքն է, ուր ներկայացրել ենք ապրող Արցախը։ Հիմնականում՝ Արցախին պատերազմ, հակամարտություն, թեմաների շուրջ են անդրադառնում։ Ես ուզեցի այս անգամ ապրող Արցախը ներկայացնել։ Խոսել՝ մարդկանց մասին, ովքեր իրեն մեջ շատ արև ունեն, ովքեր իրենց հողի վրա ապրելու երազանք ունեն։ Իմ ցանկությունն է, որ այստեղ ապրող մեր հայրենակիցները գան նայեն ներկայացումը՝ տեսնեն և համոզվեն, որ Արցախցին հասարակ հայ մարդ է իր թերություններով և առավելություններով հանդերձ, ովքեր իրենց մեջ ունեն ջերմություն և արև։ Դրա համար էլ ներկայացումը կոչվեց «Արևի մարդիկ»։ Ներկայացումը՝ մի երկու ժամով Արցախ տեղափոխող ջերմ մարդկանց առօրիայի մասին է։ Մենք ունենք նաև շոշափվող թեմա, որը մեզ հիշեցնում է Արցախի ցավի՝ պատերազմի մասին, բայց շատ նուրբ է խոսվում։ Մոնթեի կերպարը ունենք ներկայացման մեջ, նրա մասին հատված կա, որը իրական դեպք է։ Նրա մասին խոսելը ներկայացման մեջ մի ուրիշ գիծ է ավելացնում։ Նա միշտ եղել է արցախցու կողքին։ Հիմա «Արևի մարդիկ» ներկայացումը խաղացանկում է և ես մեծ հույս ունեմ, որ մեր երիտասարդությունը նույնպես կցանկանա նայել և այլ տեսանկյունից ճանաչել Արցախը։
_ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ «Արևի մարդիկ» ներկայացման համար արժանացել եք տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ մրցանակի։ Սպասու՞մ էիք նման արդյունքի։ Պարտավորեցնո՞ղ է։
_Առհասարակ, երբ բեմադրություն եմ անում կամ ստեղծագործական ընթացքի մեջ եմ, երբեք չեմ մտածում մրցանակների մասին։ Անկեղծորեն եմ ասում, որովհետև այդ պահին դա կարևոր չէ։ Առաջնայինը՝ մտածում եմ ստեղծել ներկայացում, որը պետքական կլինի հանդիսատեսին, դերասաններին։ Ներկայացումը եթե կայանում է, հանդիսատեսը ընդունում է, եթե հանձնաժողովը նայում է և նպատակահարմար է գտնում, որ այն արժանի է մրցանակի, և երբ արդեն գիտես, որ անվանակարգում ներկայացված է, սկսում ես մտածել։ Այդ առումով՝ դառնում է նաև սպասված։ Ընթացքին շատ հանգիստ եմ վերաբերվել։ Եթե անգամ չստանայի՝ նորմալ կվերաբերվեի։ Իհարկե՝ հաճելի է, երբ գնահատվում ես։ Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատել են իմ աշխատանքը և մտածել են, որ այս տարի ես եմ արժանի մրցանակի։ Մրցանակը պարտավորեցնող է, որովհետև հասկանում ես՝ հաջորդ աշխատանքները պետք է ավելի լավը լինեն, որովհետև սպասում են քեզանից ավելին։ Այս առումով՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք հասկանալ, թե ինչ ենք անում և ինչի համար ենք անում։
_ Ի՞նչ սկզբունքով եք ներկայացումների համար ընտրում դերասաններ։ Ո՞րն է ամենակարևոր հատկանիշը։
_Դերասանների ընտրությունը նախևառաջ պայմանավորված է լինում նրանով, թե որ թատրոնում եմ անում բեմադրությունը։ Դերասաններին ընտրում եմ այդ թատրոնից։ Նախապես սկսում եմ դերերը մտքումս համապատասխանեցնել։ Երբ սկսում ենք աշխատանքը, ես վերջնական դերաբաշխում չեմ անում, չնայած որ մտքումս արդեն ունեմ ընդհանուր արդյունքը և գրեթե իննսուն տոկոս չեմ սխալվում իմ ընտրության մեջ։ Աշխատանքային ընթացքը շարունակում ենք նաև սեղանի շուրջ. մի քանի օր կարդում ենք դերերը։ Ընթերցելու ընթացքում շատ դերասանների արդեն տեսնում եմ տվյալ դերում։ Կախված է նաև նրանից, թե ինչ ստեղծագործություն եմ բեմադրում։
_Ի՞նչ մտքերով պետք է հանդիսատեսը հեռանա թատրոնից՝ դիտելով Ձեր բեմադրած ներկայացումները։ Ո՞րն է Ձեր նպատակը։
_ Սա շատ նուրբ և կարևոր հարց է։ Յուրաքանչյուր ներկայացում բեմադրելուց առաջ, ընթացքում և հետո ռեժիսորի համար պետք է հնչի թերևս ամենակարևոր հարցը, թե ես ո՞ւմ և ինչի՞ համար եմ բեմադրում այս ներկայացումը, և ի՞նչ եմ ուզում տալ այս ներկայացման միջոցով։ Կան կետեր, որոնց վրա հենվում եմ ասելիքի առումով, բայց ես չեմ սիրում որևէ պարտադրող գաղափարներ փաթաթել հանդիսատեսին։ Թատրոնը՝ ինձ համար զգայական, ավելի հոգևոր վայր է։ Արվեստը՝ ավելի շատ զգալու վայր է, քան հասկանալու, որովհետև ցանկացած զգայական փոփոխություն ներսի մաքրությունից է սկսվում։ Ես ցանկանում եմ, որ իմ ներկայացումից հետո հանդիսատեսը մի քիչ ավելի խաղաղված, մի քիչ ավելի բարի դարձած հեռանա։ Իմ սիրելի կինոռեժիսորներից մեկը՝ Տարկովսկին, շատ կարևոր խոսք է ասել, որ արվեստը մարդու հոգին բարուն նախապատրաստելու համար է։ Այսինքն՝ մենք ուրիշ ոչինչ չենք կարող անել, և պետք էլ չէ, բայց մենք պետք է կարողանանք այնքան ճիշտ մոտենալ մեր ստեղծագործություններին, որ կարողանանք հանդիսատեսի հոգին՝ բարին ընկալելու պատրաստ դարձնել։ Սա է ինձ համար ամենակարևորը։ Երբ մի երկու ժամվա ընթացքում, անկախ նրանից՝ ինչպիսին է հանդիսատեսը, գալով ազնվության, բարության և ճշմարտության դաշտ՝ թատրոն, այնտեղից հեռանա ավելի լավը դարձած։ Եթե հանդիսատեսի ներսում մի փոքր անգամ ծիլ է տալիս՝ լավը դառնալու կամ փոխվելու, ուրեմն մենք մեր գործում հաջողել ենք։ Այն առաքելությունը, որը կրում ենք, ճշմարիտ է։
_ Երբևէ ցանկացե՞լ եք որևէ կերպար մարմնավորել Ձեր բեմադրած ներկայացումներում։ Ո՞ր դերերն են առավել հոգեհարազատ։
_Առհասարակ խաղալ սիրում եմ, բայց ցավոք սրտի, հանգամանքները այնպես են դասավորվել, որ չի ստացվել։ Արցախում ապրելու և աշխատելու տարիները ինձ համար այնքան բուռն էին, որ ֆիզիկապես անհնարին էր։ Թեպետ միշտ ցանկացել եմ, բայց ինձ համար միշտ դժվար է եղել իմ բեմադրած ներկայացումներում խաղալ, իսկ այլ ռեժիսորների բեմադրած ներկայացումներում խաղալ՝ ֆիզիկապես չեմ հասցրել։ Դա ինձ համար մի ուրիշ աշխարհ է, չնայած ռեժիսուրան այլ կետում է, այլ բարձրության վրա, բայց դա չի նշանակում, որ պետք է թերագնահատենք թատրոնում դերասանի գործը։ Ընդհակառակը, մի պարզ բան պետք է հասկանանք՝ ցանկացած լավ ստեղծագործություն դերասանի ձեռքում է, և ամեն ինչ կախված է դերասանից։ Թատրոնը նախևառաջ դերասանի համար է։ Դերասանի աշխատանքը շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ աշխատանք է։ Հիմա անգամ ներքին պահանջ ունեմ խաղալու և խաղի միջոցով ինքնաարտահայտվելու։ Գուցե առիթներ կլինեն և նորից բեմում կլինեմ։
_Ո՞ր գրողի ստեղծագործությունը կցանկանայիք բեմադրել։
_Ես, առհասարակ, շատ սիրելի ստեղծագործություններ ունեմ և շատ սիրելի հեղինակներ։ Նրանցից շատերին էլ միշտ երազել եմ բեմադրել և հույս ունեմ, որ հնարավորություն կլինի և անպայման կանդրադառնամ նրանց ստեղծագործություններին։ Կառանձնացնեմ Շեքսպիր, Դոստոևսկի, Չեխով գրողներին։ Նրանց երևի բոլոր ռեժիսորներն են ցանկանում անդրադառնալ։ Այս հեղինակները աշխատելու այնքան լայն հնարավորություններ են տալիս։ Նրանց անդրադառնալը մեծագույն, բայց բարդ հաճույք է։ Դրա համար պետք է շատ զգույշ և նուրբ մոտենալ։ Կարծում եմ՝ ապագայում հնարավորություն կլինի իմ սիրելի գործերը բեմադրելու։
Զրուցեց՝ Մերի Բադալյանը








