Ժամանակակից գրող Հաս Չախալյանը Media M.am — ի հետ զրույցում պատմել է նոր նախասիրության, «Տատիս կարի մեքենան» խորագրով աշխատանքի և «Աբստրակտ արվեստի» ամառային ցուցահանդեսի մասին։
Մայիսի 24-ին, Դուբայի «Kutubna» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Աբստրակտ արվեստի» ամառային ցուցահանդես, որտեղ Հաս Չախալյանի «Տատիս կարի մեքենան» խորագրով ստեղծագործությունը նույնպես ընդգրկվել էր ավելի քան քսանհինգ ստեղծագործությունների թվում, որոնք ներկայացված էին տասնհինգ արվեստագետների կողմից՝ տասներկու տարբեր երկրներից։ «Տատիս կարի մեքենան» ներկայացնում է հայկական հավաքական հիշողությունը, ընտանեկան ժառանգությունը և անցյալի հետ կապող անտեսանելի թելերը։
_Ինչպե՞ս եք անվանել կոլաժը։
_Կոլաժը կոչվում է «Տատիս կարի մեքենան»։ Այս վերնագիրը հուշ է իմ մանկության ու ընտանեկան ջերմության մասին, բայց միաժամանակ՝ խորհրդանիշ։ Ժամանակը կարի մեքենա է, և մեր կյանքի թելը մի օր ավարտվում է։ Կարևորը այն է, թե ինչ հետք ենք թողնում այդ ավարտից հետո, որովհետև մարդը միշտ ձգտում է հավերժության։ Այս կոլաժում կարի մեքենան դառնում է ոչ միայն հուշի, այլ նաև ժամանակի ու անցողիկության պատկեր։ Նրա հետևում թաքնված է թռչունը՝ հիմնական խորհրդանշական կերպարը, որը մարմնավորում է հենց այդ հավերժության ձգտումը։ Թռչունը միշտ պատրաստ է վեր բարձրանալ, վեր բարձրացնել նաև հիշողությունները, սերը, թողած արժեքները։
_Ի՞նչ զգացողություններ և մտքեր են առաջացնում։
_Աշխատանքս միաժամանակ առաջացնում է կարոտ և հույս։ Դիտողները հաճախ նշում են, որ կոլաժում զգում են մի յուրօրինակ խաղաղություն, բայց նաև՝ թաքնված թախիծ։ Այն հիշեցնում է անցյալը, հուշում ներկայի արժեքը և բաց է թողնում մի լուսավոր զգացողություն ապագայի հանդեպ։ Այս հույզերի հակադրությունը դիտողին դրդում է կանգ առնել, խորհել ու վերապրել իր իսկ հիշողությունները։
_Ինչպիսի՞ նյութեր եք օգտագործել կոլաժում։
— Կոլաժում օգտագործել եմ տարբեր նյութեր՝ փետուրներ, քորոցներ, աղամաններ, կոճակներ, կոտրված ապակու կտորներ, արհեստական նուռ և ծովախեցիներ։ Այս իրերը համադրել եմ գեղանկարչական տարրերի հետ՝ փորձելով ստեղծել հավասարակշռված ամբողջություն։ Չնայած նյութերի բազմազանությանը, աշխատանքը չի կրում ծանրություն, քանի որ յուրաքանչյուր տարր տեղ է գտել իր բնական, մտածված միջավայրում։ Ինձ համար կարևոր է, որ ամեն նյութ ոչ թե արհեստական դեր կատարի, այլ փոխանցի իմաստ։
_Ո՞ր գույներն են գերակշռում Ձեր աշխատանքներում։
—Իմ աշխատանքում գույների ընտրությունը ներքին զգացողությամբ է։ Կոլաժում գերակշռող կարմիրը խորհրդանշում է ընտանիքի ջերմությունը, արյունակցական կապը, ինչպես նաև՝ անցյալի ապրումները, սերը և կարոտը։ Կապույտ և երկնագույն երանգները բերում են հուզական հավասարակշռություն՝ խորհրդանշելով ներսումս ապրող հանգստությունն ու երբեմն էլ՝ կարոտը օտարության մեջ։ Այդ գույները նաև փոխկապակցված են թռչնի կերպարի հետ, որը իմ աշխատանքում հանդես է գալիս որպես հոգու ազատության, հավերժության ու թռիչքի ձգտման խորհրդանիշ։ Ի վերջո, գույները ինձ համար միայն գեղագիտական բաղադրիչ չեն։ Դրանք իմ ներաշխարհի արտահայտությունն են՝ զգացմունքների, հուշերի և ներքին պայքարի տեսանելի պատկերը։
_ Ինչպե՞ս եք կարողանում գույները համադրել առարկաների հետ։ Արդյո՞ք լինում են դժվարություններ։
—Գույների և առարկաների համադրումը կարող է առաջին հայացքից պարզ թվալ, սակայն իրականում այն պահանջում է մեծ ուշադրություն, համբերություն և փորձառություն։ Սկզբում գաղափարը երկար ժամանակ խմորվում է իմ ներսում՝ երբեմն շաբաթներ, երբեմն ամիսներ։ Այդ ընթացքում սկսում եմ հավաքել այն իրերը, որոնք, իմ կարծիքով, կարող են ծառայել գաղափարի իրականացմանը։ Հաճախ օգտագործում եմ այնպիսի առարկաներ, որոնք այլ դեպքում կարող էին անպիտան համարվել։ Իմ աշխատանքներում դրանք ստանում են նոր կյանք։ Չեմ կրկնօրինակում որևէ արվեստագետի և չեմ օգտվում պատրաստի աղբյուրներից։ Իմ կոլաժներն անցնում են ինքնուրույն թրծման փուլ՝ սխալներով, որոնումներով ու պատահական բացահայտումներով։
_ Ե՞րբ հասկացաք, որ պետք է նկարել։
—Նկարչությունը ինձ գրավել է դեռ մանկուց, սակայն մանկության տարիներին հանգամանքների բերումով նկարչության դասերի չեմ հաճախել։ Սկսեցի նկարել այն ժամանակ, երբ տեղափոխվեցի օտար երկիր՝ չունենալով անգամ պատկերացում նկարչական օրենքների մասին։ Սկզբնական շրջանում ինձ գրավեց հենց այդ ազատ ընթացքը, երբ չունես հստակ կանոններ կամ ակադեմիական գիտելիք, բայց փոխարենը ներսումդ կա ստեղծագործական ուժ, անասելի ազատություն և պատրաստակամություն սխալվելու՝ փորձելով, որոնելով։ Ինձ հիացնում էին փորձարարական մեթոդները, անսպասելի լուծումներն ու ստեղծագործության ընթացքի անկանխատեսելի ավարտը։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ խորանալ արվեստում։ Գիտելիք ձեռք բերելու նպատակով որոշեցի հաճախել Դուբայի լավագույն ուսումնական կենտրոններից մեկը։ Այդ քայլը փոխեց ոչ միայն իմ տեխնիկական մոտեցումը, այլև խորացրեց իմ ստեղծագործական մտածելակերպը։ Իմ ներքին ազատությունը այժմ համադրվում է իմ գիտելիքներին՝ բացելով ավելի հստակ ու խորքային ճանապարհ դեպի արտահայտման նոր ձևեր։
_Ինչպե՞ս եք պատկերում հայրենիքը և ծննդավայրը Ձեր կոլաժներում։
—Իմ աշխատանքների առանցքը հենց հայրենիքն է՝ անցյալի հիշողություններով և ապագայի հանդեպ սպասելիքներով համեմված։ Գրեթե բոլոր կոլաժներիս մեջ կարելի է հանդիպել նուռը՝ որպես խորհրդանիշ։ Որոշ աշխատանքներում այն տեսանելի է ու կենտրոնական կերպար է, իսկ մյուսներում՝ թաքնված։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործ մարդ սնվում է իր արմատներից։ Ինձ համար արվեստը մի տարածք է, որտեղ նյութը դառնում է զգացում, գույնը՝ լեզու, իսկ հիշողությունը՝ կենդանի ներկայություն։
Զրուցեց՝ Մերի Բադալյանը
https://www.kutubna.ae/pages/upcoming-exhibits





