Նրանք իրենց արյան ու արվեստի մեջ կրում են ուրարտացի նախնիների գեներն ու շնորհները.
Սիլվա Կապուտիկյան

Արծաթագործ Արծրուն Բերբերյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում։ Վարպետի աշխատանքներում ներառված է բանահյուսական, ազգային ու քրիստոնեական հարուստ ժառանգությունը։ Media M.am-ը անդրադարձել է վանեցի վարպետի գործունեությանը, ում դուռը միշտ բաց է եղել հայ ժողովրդի և բյուր ազգերի առջև։
 
«Վարպետ Արծրուն Բերբերյան՝ Վանեցի։ Արվեստանոցս կառուցեցի ՌՁՀՋ թվին։ Վաստակս է քառասուն տարի։ Դուռս թող բաց լինի հայ ժողովրդի և բյուր ազգերի առջև». այս տողերն էր դրվագել ժողովրդական վարպետ Արծրուն Բերբերյանն իր արվեստանոցի դռանը։
Արծաթագործ Արծրուն Բերբերյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում։ Տիրապետել է մետաղի մշակման, կոփման, զոդման, ձուլման  եղանակներին։ Նրա պատրաստած աշտանակները, կաթսաները, ատրուշանները, սկիհները, գավաթները, մոմակալները, զարդերը գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում անհատական հավաքածուներում։ Վարպետի աշխատանքներում ներառված է  բանահյուսական, ազգային ու քրիստոնեական հարուստ ժառանգութունը և  խորհրդանիշները։ Բերբերյանները Վանում հայտնի արծաթագործներ էին ։ Վարպետի ծնողները 1914 թվականին էին գաղթել Թիֆլիս այնդտեղից Թավրիզ ապա Թեհրան։ Հայկական դպրոցների փակվելուն պես հայրը տասներկուամյա տղային տանում է Վանից գաղթած վարպետների մոտ, որպեսզի սովորի նախնիների արհեստը։ 
Արծրուն Բերբերյանը 1946 թվականին Թեհրանում արդեն վարպետի կոչում ուներ, սակայն երազում էր հայրենիքում աշխատել. վերադառնալով Հայաստան` դասավանդել է Երևանի ուսումնական հաստատություններում, աշխատել է Էրեբունի նորաստեղծ թանգարանում որպես վերականգնող վարպետ։
Վանեցի վարպետի ինքնատիպ զարդերը կրել են ժամանակի երևելի կանայք: Բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանն այն եզակիներից էր, որ ազգային արժեքների մեջ նաև ազգային զարդն էր ներկայացնում։ Բանաստեղծուհու նախաձեռնությամբ և վարպետի ջանքերով վերականգնվել է Վանի մանյակը։ Սիլվա Կապուտիկյանը կարևորել է վարպետի նվիրյալ աշխատանքը. 
«Շատ ուրախ եմ, որ իմ հայրենակից և ազգական Արծրուն Բերբերյանը հասել է այսպիսի բարձունքների։ Հասել է իր ուժերով, իր գործը սիրելու և նրան նվիրվելու տոկունությամբ։ Այս հարկի տակ, Նոր Երևանի կենտրոնում հառնել-վերածնվել է Վան-Վասպուրականի ոգին, ավելի ճիշտ՝ ուրարտական Տուշպա-Տոսպի ոգին, որը երևի նույնպես փոքրիկ մի ապացույց է այն մեծ իրողության, որ վասպուրականցիները իրենց արյան ու արվեստի մեջ կրում են ուրարտացի նախնիների գեներն ու շնորհները»։ Արծրուն Բերբերյանի հայ և օտարերկրացի աշակերտները աշխարհի տարբեր անկյուններում շարունակում են 
Վանեցի վարպետների գործը։

Նյութի աղբյուրը՝
www.youtube.com/@ShoghakatTVcompany
Լուսանկարները՝
Սիլվա Կապուտիկյանի տուն — թանգարան / Silva Kaputikyan Home-Museum
Master Artsrun Berberian Վարպետ Արծրուն Բերբերյան Мастер Арцрун Берберян

Scroll to Top