Ինձ թույլ չեն տալիս ֆիլմեր նկարել, և ես սկսել եմ ստեղծել կոլաժներ: Կոլաժը խտացված ֆիլմն է. Սերգեյ Փարաջանով

«Ինձ թույլ չեն տալիս ֆիլմեր նկարել, և ես սկսել եմ ստեղծել կոլաժներ:
Կոլաժը խտացված ֆիլմն է»: 

Սերգեյ Փարաջանովը կալանավայրում ստեղծել է բազմաթիվ գործեր՝ կոլաժներ, գծանկարներ։ Դրանց համար նա օգտագործել է տարբեր ուղիներով ձեռք բերած ամսագրերի էջերի նկարներ, զանազան իրեր։ Երբ բացվեց Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսը, նա այդ առիթով գրեց. «Ես պրոֆեսիոնալ չեմ ու չեմ էլ հավակնում լինել։ Իմ ցուցահանդեսը հոբի չէ, այլ իմ մասնագիտական անհրաժեշտությունն է։ Ես ռեժիսոր եմ, աշակերտել եմ մեծ վարպետներ Սավչենկոյին ու Դովժենկոյին, երկուսն էլ նկարում էին, Էյզեյնշտեյնն էլ էր նկարում, և ակամա ես էլ սկսեցի նկարել, կոլաժներ անել։ Ես ուզում եմ, որ ցուցահանդես այցելեն երեխաները, որովհետեւ եկել է գեղեցիկը որոնելու, գտնելու և իրականացնելու ժամանակը, մեզ շրջապատող գեղեցիկը՝ մեր լեռները, երկինքը»։ «Տատիկիս ընկույզի մուրաբան» կոլաժը Սերգեյ Փարաջանովի սիրելի ստեղծագործություններից մեկն էր. կոլաժը պատրաստված է կոտրված սպասքի կտորներից: Մանկության ջերմ հիշողությունների արդյունքում է նա ստեղծել կոլաժը։ Փարաջանովը շատ բարդ հանգամանքներում է անդրադարձել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ին: Շարքի առաջին գործը պատրաստել է բանտում և այն անվանել «Լացող Ջոկոնդան»: Գաղափարը ծնվել է, երբ Փարաջանովն իր բանտակից ընկերների հետ բաց երկնքի տակ ամռան շոգին աշխատելիս է եղել: Փարաջանովն իր հուշերում պատմում է, որ մի պահ իրեն վատ է զգացել ու նստել, նրան թվացել է՝ ուշագնաց կլինի: Երբ նստում է, պատահաբար աչքն ընկնում է բանտարկյալներից մեկի թիկունքին դաջված Մոնա Լիզային: Վառ երևակայության տեր Փարաջանովը պատկերավոր է նկարագրում այդ տեսարանն ու ասում, որ իրեն թվացել է, թե Ջոկոնդան կենդանացել է ու բարձր ձայնով ծիծաղում է բանտարկյալների վրա, ասես ձեռք է առնում, հետո բարձր ձայնով լաց է լինում՝ նայելով այն իրավիճակին, որում իրենք են: Երբ «Լացող Ջոկոնդան» կոլաժը պատրաստ է լինում, Փարաջանովն այն ուղարկում է կնոջը՝ Սվետլանա Շչերբատյուկին ու երկտողում գրում. «Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան կողբա իմ մահը»: Շարքի մյուս գործերը նա ստեղծել է բանտից դուրս գալուց հետո 1988-1989 թվականներին:

Աղբյուրները՝ 
www.aravot.am 
www.parajanovmuseum.am

Scroll to Top