Սոցիալական մեդիա մարքեթինք՝ ժամանակակից մասնագիտություն, որը պահանջում է ստեղծագործական միտք, երկարատև ուսուցում և մարքեթինգային հմտություններ։ Media M.am —ի հետ զրույցում SMM ոլորտը առավել բովանդակալից ներկայացնում է ոլորտի մասնագետ՝ Շողեր Ամիրյանը։
_ Շողեր, աշխատում և դասավանդում եք սոցիալական մեդիա մարքեթինգ ոլորտում( SMM): Ինչպե՞ս և ե՞րբ հայտնվեց SMM-ը։
_2018 թվականին, երբ որոշեցի թողնել հաշվապահի աշխատանքս և մուտք գործել թվային մարքեթինգի ոլորտ, Հայաստանում SMM-ը դեռ այդքան տարածում չուներ: 2017-ից սկսած՝ այն սկսեց ակտիվորեն զարգանալ, երբ բիզնեսները լայնորեն սկսեցին օգտագործել Facebook-ն ու մյուս հարթակները:
_Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ SMM սովորելու համար։ Այն մասնագիտությո՞ւն է:
_SMM-ում զարգացումը շարունակական գործընթաց է: 10-12 դասի ընթացքում մասնագետ դառնալ հնարավոր չէ: Հմտանալու համար անհրաժեշտ է երկարատև ուսուցում, մշտական փորձարկումներ և պրակտիկա: Ստեղծագործական միտքը շատ կարևոր է: Որքան էլ լավ տիրապետեք գործիքակազմին, առանց ստեղծագործական գաղափարների անհնար է հաջողության հասնել: Կարելի է այն համարել մասնագիտություն, քանի որ պահանջում է տեխնիկական գիտելիքներ, ռազմավարական մտածողություն և մարքեթինգային հմտություններ: Բայց այն ավելի շատ մասնագիտացում է, քան առանձին մասնագիտություն: Ցավոք, այսօր SMM դասընթացների մեծ մասը 1-1.5 ամիս է տևում և ներառում է ընդամենը 10-13 դաս: Դրանք հաճախ չեն ապահովում խորացված գիտելիքներ: Որոշ դասընթացներ նաև ներառում են “պրոֆեսիոնալ նկարահանում և մոնտաժ”։ Սակայն պրոֆեսիոնալ վիդեոգրաֆները տարիներ են տրամադրում իրենց մասնագիտության կատարելագործմանը, ուստի 1.5 ամսում այդ հմտությունները պրոֆեսիոնալ մակարդակով սովորեցնել հնարավոր չէ: SMM-ը պահանջում է շարունակական զարգացում, փորձարկումներ և պրակտիկա՝ իրական արդյունքների հասնելու համար:
_Միայն SMM-ին տիրապետելով հնարավո՞ր է դառնալ գրագետ մասնագետ։
_ Լավ SMM մասնագետը պետք է ունենա՝ մարքեթինգային գիտելիքներ, վաճառքի հմտություններ և ռազմավարական մտածողություն:
_Ո՞ր ոլորտներին է առավել անհրաժեշտ SMM-ը։
_Բոլոր ոլորտներին, քանի որ այսօր SMM-ը բիզնեսի անբաժան մասն է դարձել:
_Որո՞նք են սոցիալական մեդիա մարքեթինգի առաջխաղացման հիմնական մեթոդները:
_Օրգանական առաջխաղացում՝ արժեքավոր և ներգրավող բովանդակություն (պոստեր, ռիլեր): Influencer մարքեթինգ՝ բլոգերների և միկրոինֆլյուենսերների հետ համագործակցություն: Վճարովի առաջխաղացում՝ թիրախավորված գովազդային արշավներ:
_Ո՞րն է սոցիալական մեդիա մարքեթինգի և սոցիալական մարքեթինգի տարբերությունը:
_Սոցիալական մարքեթինգը՝ սոցիալական խնդիրների վերաբերյալ արշավներ են (առողջապահություն, բնապահպանություն և այլն): Սոցիալական մեդիա մարքեթինգը՝ (SMM) բրենդների, ապրանքների և ծառայությունների առաջխաղացումն է սոցիալական մեդիայում:
_Որո՞նք են սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարական ուղղությունները:
_Այս հարցի շուրջ երկար կարելի է խոսել, փորձեմ հակիրճ պատասխանել։ Հիմնական ուղղություններն են բրենդինգ և ճանաչելիություն, հաճախորդների ներգրավում և համայնքի ձևավորում, տրաֆիկի և վաճառքի խթանում, հաճախորդների սպասարկում և պահպանում։
_Ինչպե՞ս համադրել SEO-ն և SMM-ը:
_SEO-ն որոնման համակարգերում բրենդի տեսանելիության բարձրացման գործընթացն է: Կարևոր է ունենալ SEO-օպտիմալացված, վաճառք բերող կայք: Սոցիալական մեդիայի SEO-ն ներառում է՝ ճիշտ հիմնաբառեր, օպտիմալ բովանդակություն, հեշթեգներ, backlink-եր:
_ Ո՞րն է Ձեր նախընտրած սոցիալական մեդիա հարթակը:
_Նախընտրած հարթակ չունեմ, քանի որ Instagram-ն ու Facebook-ը զուգահեռ կարևոր են: Հարթակի ընտրությունը կախված է բրենդի նպատակներից և լսարանից: SMM-ը բիզնեսի անփոխարինելի մասն, իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն, մշտական զարգացում և ստեղծագործ մոտեցում:
Զրուցեց՝ Մերի Բադալյանը
