Պարույր Սևակ -Բանաստեղծություններ

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց…

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ

 Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:

Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…

     ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ

 Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա…
Ցա՜վն է հաճախ առաջ մղում:                         

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ…
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.
Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…
                                                                                                                                                                     ՎԵՐՋԻՆ ՍՓՈՓԱՆՔ

Իմ տված ցավից
Դու լաց ես լինում,
Իսկ ես` ամոթի՛ց`
Տաք-պաղ քրտնում եմ:
Ի՜նչ ասեմ հիմա:
Գեթ մխիթարվի՛ր,
Որ նույն համն ունեն
Քրտինք ու արցունք…             

 

Scroll to Top