Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Քրիստոնյա բոլոր եկեղեցիները տոնը «Այլակերպություն» անունով են նշում, և միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաև «Պայծառակերպություն»` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը:
«Վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց հանեց առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը» (Մատթեոս 17.1-2):
Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները հստակ նկարագրել են Հիսուս Քրիստոսի պայծառակերպության դրվագը, որն այն բացառիկ իրադարձություններից է, երբ երկրի վրա միաժամանակ հայտնվում է Սուրբ Երրորդությունը. Հայրը` ձայնով, Սուրբ Հոգին՝ լուսավոր ամպով, Որդին՝ պայծառակերպված:
Հիսուսից ճառագած լույսը ողջ մարդկության փրկության լույսն է: Իսկ այդ լույսը տեսնելու համար Հիսուս պատասխանել է` ասելով.
«Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք պիտի տեսնեն Աստծուն» (Մատթեոս 5.8):
Պայծառակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը, հատկապես ժողովրդի մեջ, հայտնի է նաև «Վարդավառ» անվամբ: Վարդավառը ցնծության, երգ ու պարի տոն է` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով: Հայտնի է նաև, որ Վարդավառը հեթանոսական տոն է, որը նվիրված էր Աստղիկ դիցուհու պաշտամունքին: Տոնի անվանման իմաստը որևէ կապ չունի «վարդ» բառի հետ: Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ: Միմյանց վրա ջուր ցողելով՝ մարդիկ իբրև ազատվում են և՛ մահից, և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես այս, այնպես էլ շատ մինչքրիստոնեական պաշտամունքային տարրեր չկարողանալով հանել ժողովրդի հիշողության միջից` պարուրեց քրիստոնեական լույսով: Բացի այդ Հայ Եկեղեցին մշտապես ջատագովն է եղել այն իրողության, որ ավանդույթները նաև ժողովրդի մշակույթի մի մասն են և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ազգի պատմության ու մշակույթի մասին:
Սուրբ Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:
Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Տերը մարմնի վարագույրով ծածկվելով ինչպես կոկոն, այսօր բացվելով հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:
Եվ քանզի Քրիստոս պատգամ էր տվել, որ Իր մասին չպատմեն մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (Մատթեոս 17.9), այդ պատճառով էլ Հարության և Համբարձման տոներից հետո է կատարվում Վարդավառը: Ուստի, Պայծառակերպության տոնը շարժական է:
Պայծառակերպության տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, նույնպես մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Նյութի աղբյուրը՝ https://www.qahana.am/post/720
