Գեղարվեստական մարմնամարզություն՝ գեղեցիկ և տարբերվող սպորտաձև

ՀՀ սպորտի վարպետ, մրցավար Նելլի Մարգարյանը  Media M.am- ի հետ զրույցում  պատմել է գեղարվեստական  մարմնամարզություն սպորտաձևի, իր անցած ճանապարհի և կայանալիք մրցումների  մասին։

_Մարմնամարզությունը բավականին հին սպորտաձև է։ Վաղ շրջանում մարմնամարզական վարժությունները օգտագործել են բուժական նպատակով։

Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվում են միայն աղջիկները։ Մրցությունների ժամանակ մարզուհիները երաժշտության ներքո կատարում են մարմնամարզական և պարային վարժություններ մարզագործիքներով՝ ժապավեն, գնդակ, գուրզ, օղակ, ցատկապարան, — ասաց Նելլի Մարգարյանը։ Մինչ գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվելը Նելլին չորս տարեկանից հաճախել է Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոց, եղել է օդային ակրոբատ։ Մասնակցել է տարբեր միջոցառումների, մրցումների։ Դպրոցը ավարտելուց հետո, մայրիկի խորհրդով, ընտրել է գեղարվեստական մարմնամարզությունը։

_Ես այդ ժամանակ տասնմեկ տարեկան էի։ Տարիքիս պատճառով շատ գեղարվեստական մարմնամարզության մարզիչներ ինձ չէին ընդունում իրենց խումբ։ Իմ շատ սիրելի մարզիչ՝ Մայա Պետրոսյանը տեսնելով ինձ, իմ պատրաստվածությունը ինձ ընդունեց իր խումբ։ Երեք ամիս մարզվելուց հետո Մայան ինձ ներկայացրեց Կրեմլինա Մկրտչյանին։ Նա գեղարվեստական մարմնամարզության հիմնադիրն է Հայաստանում։ Իմ ելույթը տեսնելուց հետո, մի քանի ամիս անց, մասնակցեցի Հայաստանի առաջնության մրցումներին, որից հետո՝ Երևանի առաջնության և միջազգային մրցումների։ Զբաղեցրել եմ տարբեր հորիզոնականներ՝ առաջին, երկրորդ, երրորդ, — ասաց նա։

Գեղարվեստական մարմնամարզության դասընթացներ, քոլեջ, համալսարան, մրցումներ… Այսպիսի ճանապարհ էր ընտրել Նելլին։

_Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը ավարտելուց հետո ընդունվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գեղարվեստական մարմնամարզության բաժինը։ Սովորելու տարիներին համատեղ սպորտային բժշկության կուրսերի եմ հաճախել (կինեզալոգիա)։ Իմ բոլոր մասնագիտությունները լրացնում են միմյանց, — ասաց Նելլի Մարգարյանը։

Նելլիի սիրելի վարժությունները ժապավենով և գնդակով վարժություններն էին։ Նա մարզչի հետ էր ընտրում երաժշտությունը։ Մեծ հիացմունքով է հիշում Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո բեմադրված իր կատարումը։ Երրորդ կուրսում ՀՀ վարպետ ստանալուց հետո աշխատանքի է անցնում «Երևանի Ավան Մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում, իսկ ուսագոտու վնասվածքից հետո թողնում է սպորտը։ Նելլին դասավանդում է նաև «Նոր Նորք Տորնադո մարզամշակութային կենտրոն»-ում։ Նա մեծ սիրով իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է իր սաներին։

_Ամեն մարզիչ ունի իր աշխատելաոճը։ Ես վարժությունները ընտրում եմ երեխաների սիրելի երաժշտության հիման վրա՝ ինչպես իմ շատ սիրելի մարզիչն էր անում։ Յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ընտրել առավել օգտակար վարժությունների հավաքածու՝ կենտրոնանալով ֆիզիկական պատրաստվածության, առողջության և տարիքի վրա։ Այժմ իմ սաները պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որը կկայանա ապրիլի 29-ին և 30-ին։ Փոքրիկների խումբը պատրաստվում է Կապանում կայանալիք մրցաշարին, — ասաց մարզիչը։

Դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցումների, առաջնությունների՝ Հայաստանում և այլ երկրներում։

_ Հաղթանակները և անգամ պարտությունները շատ կարևոր են երեխաների կյանքում։ Դա օգնում է նրանց ավելի լավ պատրաստվել և դժվարությունները հաղթահարել ինքնուրույն։ Մեզ մոտ երեխաները հաճախում են չորս-հինգ տարեկանից, իսկ հինգ տարեկան երեխան արդեն մասնակցում է մրցաշարերին։

Զրուցեց՝  Մերի Բադալյանը

 

 

Scroll to Top