Սիրո, փոխըմբռնման և ջերմության մթնոլորտում են ստեղծվում նորաստեղծ «M project»- ի յուրաքանչյուր աշխատանաք։ Media M.am-ի հետ զրույցում երաժշտական խմբի կատարողներից` Ռոզի Սարգսյանի հետ խոսել ենք խմբի գործունեության, տարբերվող ոճի, մարտի 5-ին կայանալիք առաջին երաժշտական համերգի մասին։
_Ռոզի, հոգեբան եք, լրագրող նորաստեղծ «M project» բենդի երգչուհին։ Ո՞ր մասնագիտություններն են առավել հոգեհարազատ։
_ Բոլոր մասնագիտություններս էլ սիրում եմ և շատ հոգեհարազատ են։ Ներկա պահին աշխատում եմ հոգեբանության բնագավառում և սիրում եմ մասնագիտությունս։ Հոգեբանությունն ինձ ավելի շատ օգնում է ապրել և կյանքի ամեն պարագայում պինդ լինել։ Լրագրությամբ զբաղվել եմ կյանքիս ինչ֊որ մի փուլում, այժմ չեմ զբաղվում։ Իսկ երգն անկախ ամեն ինչից միշտ արդիական է ինձ համար, անգամ, երբ չէի զբաղվում, գոնե թերապևտիկ առումով այն միշտ առկա էր իմ կյանքում, իսկ այժմ արդեն` նախագծի շրջանակներում։
_Խոսենք խմբի ստեղծման մասին։ Ու՞մ գաղափարն է ստեղծել բենդ։
_Խմբի ստեղծումը կապված է «Միներալ ռոք» բենդի հետ։ Այն «Միներալ»- ի նախագիծն է, այդ իսկ պատճառով անվանվել է «M Project»։ Բենդ ստեղծելու գաղափարը եղել է՝ Սպարիկ Սարգսյանինը, ով նաև հայրս է։
_Յուրաքանչյուր նոր ստեղծվող երժշտական խումբ, նախագիծ լինում է՝ նորար, տարբերվող։ Ո՞րն է ձեր խմբի յուրահատկությունը։ Ինչո՞վ է այն նորար և տարբերվող։
_Իրականում այս դարաշրջանում դժվար է անել մի բան, որով դու կարող ես զարմացնել ու տարբերվել։ Երաժիշտը պիտի ունենա սեփական երաժշտական դիմագիծ, միայն դրանով կարող ես տարբերվել մյուսներից։ Դու կարող ես միևնույն գործը ներկայացնել այնպես, որը միայն քեզ ու քո դիմագծին է դա բնորոշ։ Դա ըստ իս միակ գործոնն է, որով երաժիշտը մեկ այլ երաժշտից կարող է տարբերվել։
_Կենդանի երաժշտություն, երգերի հետաքրքիր համադրություն։ Ովքե՞ր են խմբի երաժիշտները։
_Խումբը կազմված է վեց անդամից` Սպարիկ Սարգսյանը, Արմեն Ավետիսյանը, Վասիլի Գևորգյանը, Լևոն Հայրապետյանը, Ավետիք Երանոսյանը և ես։ Սակայն կան երաժիշտներ, ում հետ մենք համագործակցում ենք։ Օրինակ մեր դհոլահարը` Հայկ Խաչատրյանը և Վասիլ Սահակյանը, ով փողային երաժշտական գործիքներ է նվագում։
_Հեշտ՞ է խմբում լինել միակ իգական սեռի ներկայացուցիչը, դժվար չի՞ հասկանալ տղամարդու հոգեբանությունը։
_Չէի ասի, որ դժվար է, բայց առաջին անգամն է, որ աշխատում եմ մի խմբում, որտեղ բոլորն արական սեռի ներկայացուցիչներ են։
Հետաքրքիր է նրանով, որ միակն ու անկրկնելին եմ այդ առումով (ծիծաղում է): Բարդ չի հասկանալ իրականում, նախ հոգեբանի մասնագիտական հմտությունները ինձ կյանքում շատ են օգնում, բացի այդ խմբում տիրում է փոխըմբռնման և ջերմության մթնոլորտ, որն ավելի է հեշտացնում իրար հասկանալու գործընթացը։
_Նեկայացնում եք հայտնի դարձած եգերը նորովի։ Ո՞վ է կատարում երգերի ընտրությունը։ Ունե՞ք հեղինակային երգեր։
_Երգերի ընտրությունը համատեղ քննարկման արդյունքում է կատարվում։ Յուրաքանչյուրս էլ որևէ բան առաջարկում ենք, հետո քննարկում միասին, հասկանում արժե իրագործել տվյալ գաղափարը, թե՝ ոչ։
_Ո՞րն է ձեր խմբի նպատակը, ինչի՞ եք ուզում հասնել ու ո՞րն է վերին նշաձողը:
_Յուրաքանչյուր գործում առաջնային նպատակն ըստ իս պետք է լինի սիրով այդ աշխատանքը անելը, կատարածդ աշխատանքից հաճույք ստանալը։ Երբ մի բան սիրով ես անում, կարող ես գրավել ավելի մեծ բարձունքներ, քան կարող էիր պատկերացնել… Եվ հակառակը, կարող ես վերին նշաձողին հասնելու անընդմեջ պայքար մղել, սակայն դա անել զուտ արդյունք գրանցելու համար, այդպիսով ոչնչի չհասնելով։
_Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում։
_Մարտի հինգին Hard Rock-ում, նախատեսված համերգ ունենք։ Որպես «M Project» մեր առաջին ելույթն է լինելու։ Այս պահին նախապատրաստվում ենք կայանալիք համերգին։
_Եվ վերջում՝ ո՞րն է ձեր սիրելի երաժշտական խումբը: Երգ, որը հուզել է և չի մոռացվել։
_Միանշանակ, ինձ համար կան այդպիսիք, որ հուզել են և չեն մոռացվել։ Անուններ չեմ նշի, բայց, անխոս, կան նախագծեր և աշխատանքներ, որոնք ինձ համար եղել են, կան ու կմնան գլուխգործոցներ։
Զրուցեց՝ Մերի Բադալյանը


