Բանաստեղծ, թարգմանիչ Արմինե Մուրադյանը
Media M.am-ի հետ զրույցում խոսել է իր ստեղծագործությունների, «Մեսրոպ» հայագիտական կետրոնում ծավալած գործունեության և իր հերթական համագործակցության՝ Այն Ռենդի «Ակունքը» վեպի հայերեն թարգմանության մասին։
—Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել բանաստեղծություններ գրել։
Ինչը՞ մղեց բանաստեղծություններ գրելուն։
—Ստեղծագործել սկսել եմ 13-14 տարեկանից։ Մի տետր ունեի, որի մեջ արտագրում էի իմ սիրելի բանաստեղծությունները ու ձեռքի հետ խմբագրում։ Լինում էին տողեր, որ ինձ դուր չէին գալիս, մտքում կռիվ էի տալիս բանաստեղծների հետ։ Հիշում եմ՝ փորձում էի այլընտրանք գտնել Պարույր Սևակի «Պատահաբար են պատահում կյանքում» բանաստեղծության «հայհոյիր աստծուն» տողին․ չէի պատկերացնում՝ ինչպես կարելի է նման բան գրել։ Եվ այդ ընթացքում իմ մեջ խմորվող բառերը քիչ-քիչ մարմին առան ու սկսեցի ինքս գրել։
—Արմինե, Ձեր ստեղծագործություններում ի՞նչ դեր է խաղում կենսագրական տարրը։ Ովքե՞ր են Ձեր հերոսները։
—Եթե այս հարցն ինձ տայիք մի քանի տարի առաջ հաստատապես կասեի, որ կենսագրական տարրն իմ բանաստեղծություններում շատ քիչ է, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ մարդն ամենալավը գրում (երբեմն էլ լռում) է այն ամենի մասին, ինչը խորապես ապրել ու մինչև ոսկորները զգացել է։ Մարդը միշտ գրում է հենց իր մասին, գուցե գրածը ինքն իր հետ վիճելու, հակադրվելու, հակասելու, ինքն իր ասածը հաստատելու արդյունք է, բայց գրողի կենտրոնում ինքն է և իր աշխարհընկալումը։ Հիմա հետահայաց նայելով՝ կարող եմ փաստել, որ իմ բանաստեղծությունները չեն գրվում ինքնանպատակ, չեն գրվում, որովհետև ես պարտավոր եմ գրել, այլ գրվում են, երբ ես ամփոփում եմ իմ՝ ինչ-որ շրջանի եսը։
—Ձեր ստեղծագործությունները հրապարակվել են մի շարք գրական հարթակներում։ Մտածե՞լ եք բանաստեղծությունների ժողովածու հրատարակելու մասին։
—Բազմիցս, բայց ոչ մի կերպ հերթը չի հասնում։ Երևի դեռ ժամանակը չէ, երևի դեռ կիսատ մի բան կա, որ ենթագիտակցորեն զգում եմ ու հետաձգում, բայց այսպես երկար չի կարող շարունակվել, մի առավոտ ամեն ինչ մի կողմ եմ դնելու ու անցնեմ գործի։ Այդ առավոտը սարերի հետևում չէ։ Թեև Գերմանիայում ոչինչ սարերի հետևում չէ․․․այստեղ սարեր չկան։
—Արմինե, բանաստեղծ եք, թարգմանիչ։ Խոսենք «Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը» վեպի մասին։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այն թարգմանելիս։
—Իմ թարգմանչական կարիերան նույնպես կապված է այն տետրի հետ, որն ունեի դպրոցական տարիներին։ Մի անգամ անգլերենի դասին արտագրում էի Տերյանի «Անդարձություն» բանաստեղծությունը, ուսուցչուհիս նկատեց ու, որպես պատիժ, առաջադրանք տվեց, որ թարգմանեմ այդ բանաստեղծությունը։ Դա էլ եղավ իմ առաջին փորձը։ Իսկ ահա «Լուսնաքարն» իմ առաջին մեծածավալ թարգմանությունն էր, որին մոտեցել եմ մեծ պատասխանատվությամբ ու սրտի թրթիռով։ Քոլիզնի և իր ժամանակաշրջանում գրված վեպերի պարագայում թարգմանիչը պետք է մեծ ուշադրություն դարձնի մի շարք հարցերի՝ պահպանի ժամանակի ոգին, լինի այդ ժամանակին հավատարիմ, բայց տեքստը մատուցի ժամանակակից ընթերցողի քիմքին հարիր։ Գիրքն ուներ նաև նախկինում արված ռուսերենից թարգմանություն, որտեղից սովետական գրաքննության թեթև ձեռքով բացակայում էին ամբողջական գլուխներ։ Կարելի է ասել դետեկտիվ ժանրի ակյունաքարային գործերից մեկի՝ Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը» իմ թարգմանությամբ առաջին ամբողջական ու լիարժեք հայերեն տարբերակն է։
—Ե՞րբ է լույս տեսնելու Ձեր հաջորդ թարգմանությունը։ Գրող-թարգմանչի համար որքանո՞վ է ստացվում հավատարիմ մնալ բնագրին։
—Մինչ տարվա վերջ լույս կտեսնի «Անտարես» հրատարակչության և իմ հերթական համագործակցությունը՝ Այն Ռենդի «Ակունքը» վեպի հայերեն թարգմանությունը։ Այս վեպը տրամագծորեն տարբերվում է «Լուսնաքարից», շատ յուրահատուկ գրական ու փիլիսոփայական աշխարհընկալում է զարգացնում, ստիպում է ինքդ քեզ քանդել ու փազլի պես նորովի հավաքել։ Չեմ վարանի ու կասեմ, որ այս գիրքը պարտադիրների շարքից է։ «Ակունքը» թարգմանելիս փորձել եմ հնարավորինս հավատարիմ մնալ Այն Ռենդի զուսպ, հստակ, կտրուկ, բայց միևնույն ժամանակ յուրօրինակ դատողությունների հոգեցույց ոճին։ Ես լացել եմ այս գրքի հետ, վիճել եմ, նեղացել եմ, հեռացել եմ, միացել եմ, բայց վերջին տողի հետ հասկացել եմ, որ սա լավագույն գործն էր, որ այս պահին կարող էի թարգմանել հայ ընթերցողի համար։ Իսկ ահա գրող-թարգմանչի հավատարմության ուխտը շատ փխրուն է, երբեմն բնագրին կառչած մնալը խանգարում է, երբեմն՝ պարտադիր է։ Պետք է գտնել ոսկե միջինը, իսկ դա գտնելու համար փորձ ձեռք բերելն ու լավ լեզվակիր լինելը միակ ճանապարհն է։
—Աշխատում եք «Մեսրոպ» հայագիտական կենտրոնում։ Որտե՞ղ է այն գտնվում
և ի՞նչ գործունեություն է ծավալում։
—«Մեսրոպ» հայագիտական կենտրոնը գտնվում է Գերմանիայի Հալլե քաղաքում, Մարտին Լյութերի համալսարանի Քրիստոնյա Արևելք և բյուզանդագիտություն ֆակուլտետում։ Համարյա երեսուն տարի ծավալում է հայագիտական գործունեություն այստեղ։ Որպես հայ ինձ համար շատ պարտավորեցնող էր դառնալ այդ կենտրոնի մի մասնիկն ու նախագծային աշխատանքի շրջանակում զբաղվել նրանով, ինչն իմ երազանքներից մեկն էր՝ թարգմանել հայ գրականություն, դարձնել մեր գրականության բազմաձայնը լսելի ու սիրելի օտարազգի ընթերցողների և ամենակարևորը ուսանողների համար, որոնք հնարավորություն կունենան իրենց գիտական ուսումնասիրությունների շրջանակում ներառել նաև հայ նոր գրականությունը, որպես համաշխարհային գրականության մի մաս։
—Խոսենք Ձեր առաջին գիտական ելույթի մասին, որը կազմակերպել էր «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը։ Ինչի՞ մասին է Ձեր կատարած հետազոտությունը։
—«Մեսրոպ» հայագիտական կենտրոնում աշխատելուց բացի, ես նաև տվյալ համալսարանի ասպիրանտ եմ։ Գերմանիա տեղափոխությունը ստիպեց ինձ լցվել նոր ոգևորությամբ և շարունակել իմ կրթությունը՝ այս անգամ թիրախում ունենալով հայերենն ու հայագիտությունը։ Հետազոտությունը, որը ներկայացրել եմ սիմպոզիումի ժամանակ, իմ ասպիրանտական թեզի շատ փոքրիկ մասն է։ Թեման հայ կանայք են, որ հասարակական կարևոր դեր են ունեցել 19-րդ դարավերջին։ Թիրախում կին գրողներն են, հասարակական-քաղաքական գործիչները, խմբագիրները, հոդվածագիրները, բարեգործները։ Հիացմունքով կարող եմ ասել, որ մեզ հայտնի ու անհայտ շատ կանայք իսկապես շատ կարևոր գործունեություն են ծավալել և արժանի են հանրահռչակման։
—Ի՞նչ բացթողումներ և չուսումնասիրված էջեր ունենք հայագիտության ոլորտում։
—Խնդիրներից ամենակարևորը, որ կուզեմ շեշտել վերաբերում է ոչ միայն հայագիտությանը, այլ բոլոր գիտություններին։ Մենք կարիք ունենք հարստացնելու մեր մեթոդաբանությունը, զարգացնելու մեր անալիտիկ մտածելակերպը։ Մենք մեր կրթական հաստատություններում ստանում ենք չափազանց շատ գիտելիք, բայց ոչ մի մեթոդ այդ գիտելիքը կիրառելու համար։ Արտասահմանում մեթոդաբանությունը շատ լուրջ հիմքերի վրա է դրված։ Այդ առումով պետք է շատ համագործակցենք ու սովորենք իրենցից։ Իսկ չուսումնասիրված էջերից մի նկատառում ունեմ, որ գուցե իմ սուբյեկտիվ տպավորությունն է, բայց Հայաստանից դուրս հայագիտության թիրախում են հնադարը, ուշ հնադարն ու միջնադարը։ Շատ ուրախացա, երբ «Մեսրոպ» կենտրոնի կազմակերպած սիմպոզիումի ժամանակ նկատեցի 2 ասպիրանտ, որոնք ինձ պես ուսումնասիրում էին նոր ժամանակաշրջանը։ Հուսով եմ՝ առաջիկայում շատերին կհանդիպեմ։ Մեր հին ու հարուստ պատմական ժառանգության կողքին մենք ունենք ոչ պակաս հարուստ նոր ժամանակաշրջան, որն արժանի է դրսում գտնվող մասնագետների ուշադրությանը։
—Ո՞վ է Ձեր ամենասիրած գրողը կամ բանաստեղծը։
—Վերևում նշված տետրի մեջ, որտեղ ես բանաստեղծություններ էի արտագրում ու խմբագրում, Վահան Տերյանը միակն է, որին ես չեմ խմբագրել․․․ իսկ ավելի հասուն տարիքում ես վայելել ու վայելում եմ Դանիել Վարուժանի հիասքանչ պոեզիան։
—Ո՞րն է եղել ձեր կարդացած վերջին գիրքը։
—Վերջին շրջանում ես երազում եմ գեղարվեստական գիրք ընթերցել, մասնագիտական գրքեր ու հին թերթեր ընթերցելուց զատ։ Բայց հենց այսօր Հալլեից վերադառնալիս գնացքի մեջ պայուսակիցս հանեցի վաղուց մի անկյունում ինձ լուռ սպասող Իկա Փեզուաշվիլիի «բունկեր»-ը ու սկսեցի կարդալ, իսկ ամիսներ առաջ արդեն գերմաներենով վերընթերցեցի Բեռնարդ Շլինկի «Ընթերցողը»։
—Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ բանաստեղծներին և թարգմանիչներին։
—Երևի թե այս հարցիս պատասխանը կլինի ամենակարճը՝ շատ կարդալ, հավատալ, որ կարող են, լինել համառ ու ինքնավստահ։ Սա է իմ ուղին՝ ես այն հատել եմ կամ երևի դեռ կեսճամփին եմ․․․
Զրուցեց՝ Մերի Բադալյանը
Լուսանկարը՝ Արմինե Մուրադյանի անձնական արխիվից
