Նկարչուհի Արփինե Բարոյանի հերոսները խոսում են «հոգու լեզվով»

Արմինե Բարոյանի  երազկոտ հերոսները՝ սիրում են բնությունն ու գույների աշխարհը։ Media M.am-ի հետ զրույցում երիտասարդ նկարչուհին խոսել է իր նկարների, նախընտրած ժանրի և ցուցահանդեսների մասին։

_Արփինե, քանի՞ տարեկանից եք սկսել նկարել։ Որտե՞ղ եք սովորել։

_Նկարել սկսել եմ մանկուց։ Դպրոցում իմ սիրելի առարկան նկարչությունն էր։ Հիշում եմ՝ հորեղբորս նվիրած առաջին մատիտները և թղթերը օրս վերածել էին տոնի։ Այդ ժամանակ էլ որոշեցի, որ կդառնամ նկարչուհի կամ գիտնական։ Արվեստի դպրոցում սովորելուց և կիսատ թողնելուց հետո տարիներ անց՝ եղբորս խորհրդով կրկին վերադարձա նկարչությանը։ Սովորել եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետում։ Ուզում եմ նշել նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին։ Այն ինձ լայն հնարավորություններ տվեց՝ փորձարկելու տարբեր տեխնիկաներ, սովորելու համակարգչային ծրագրեր, լուսանկարչություն, կինոարվեստ և անիմացիա։Սակայն, անկախ նրանից, թե որտեղ ենք սովորում, կարծում եմ, որ իրական առաջընթաց լինում է այն դեպքում, երբ ամեն օր աշխատում ենք մեր հմտությունների զարգացման վրա։

_Ե՞րբ է տեղի ունեցել Ձեր առաջին անհատական ցուցահանդեսը։

_Իմ առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Նկարիչների միությունում։ Այնտեղ ներկայացրել էի տարբեր ոճի աշխատանքներ՝ թե՛ գրաֆիկական, թե՛ գունային։

_Ո՞ր ժանրն է Ձեզ առավել հոգեհարազատ։

_Ինձ ամենամոտը գրաֆիկան է։ Ինձ դուր է գալիս թանաքով աշխատել մեկ հարթության վրա և մեկ գույնով ստեղծել երազային աշխարհներ։ Սիրում եմ նաև մանրանկարչության տարրեր ներառել աշխատանքների մեջ։

_Ձեր աշխատանքներում գերակշռում են երևանյան թեմատիկայով նկարները։ Ինչպե՞ս է ծնվել գաղափարը։ Ովքե՞ր են Ձեր հերոսները։

_Ապրելով Երևանում՝ չեմ կարող չնկարել այն։ Ուզում եմ, որ մեր քաղաքն ունենա տարբերվող իլյուստրացիաներ։ Իմ հերոսները մարդիկ են, ովքեր իրենց արվեստով կարողանում են խոսել հոգու լեզվով։ Մարդիկ են, որ ունեն իրենց ճանապարհը գտնելու և դրանով քայլելու համարձակություն։ Նրանք ստեղծագործ են, հետևողական իրենց գաղափարների մեջ։

_Արփինե, Ձեր նկարներում առկա է գունային բազմազանություն։ Գույների ընտրությունը կախվա՞ծ է Ձեր հոգեվիճակից։

_Երկար տարիներ նկարել եմ միայն գրաֆիկական աշխատանքներ՝ սև ու սպիտակ գույներով։ Այդ ընթացքում կատարելագործել եմ նաև մանրանկարչական հմտությունները։ Մի քանի տարի է, ինչ սկսել եմ ստեղծագործությունները «համեմել» գույներով։ Կարծես փորձում եմ լրացնել գույների պակասը։ Գուցե ենթագիտակցորեն դա կախված է հոգեվիճակի հետ։ Հաճախ գույներն են որոշում, թե որտեղ և ինչ քանակությամբ լինեն։

_Խոսենք ժամանակակից տեխնոլոգիաների մասին։ Այն առավելությու՞ն եք համարում։ Որքանո՞վ է այն օգնում աշխատանքներ ստեղծելիս։

_Ես դրական եմ վերաբերվում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Ժամանակը շարժվում է առաջ, և մենք չենք կարող կանգ առնել. պետք է զարգանանք ու չվախենանք նորարարություններից։ Թվային տեխնոլոգիաներն ու ծրագրերը թույլ են տալիս շատ արագ ստանալ մեր ուզած պատկերները, ինչպես նաև հեշտությամբ շտկել սխալները։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, ապա այն ևս հետաքրքիր գործիք է, որը կարող է օգնել ստեղծագործական գործընթացում, ոգեշնչել ու ընդլայնել երևակայության սահմանները։

_2023 թվականից համարվում եք Նկարիչների միության անդամ։ Պարտավորեցնո՞ղ է։

_Այո, անկեղծ ասած՝ պարտավորեցնող է։ Երբ մտածում եմ, որ միության անդամներից շատերը մեծ փորձ ունեցող նկարիչներ են, ովքեր ունեն կայուն ոճ և տարիների փորձ, հասկանում եմ, որ ես դեռ փնտրտուքների ու փորձարկումների փուլում եմ։ Միության ամենամյա ցուցահանդեսներին ձգտում եմ պատրաստվել լրջորեն՝ ներկայացնելով հետաքրքիր ու ինքնատիպ աշխատանքներ։

_Խոսենք, Ձեր «Գարնանային սալոն 2024» և «Ծառապատում» ցուցահանդեսների մասին։ Ի՞նչ եք փորձել փոխանցել նկարների միջոցով։ Ինչու՞ «Ծառապատում»:

_ «Գարնանային սալոն» ցուցահանդեսին ներկայացրել եմ «Ծառապատում» շարքի նկարներից, որից հետո կազմակերպվեց անհատական ցուցահանդես նույն անվամբ։ Այս շարքում գերակշռում էին բնության պատկերները՝ հատկապես ծառերը։ Վերջին շրջանում ծառահատումները շատացել են։ Իմ նկարներում ծառերը հիմնականում ներկայացված են անտերև ու մռայլ՝ ասես նեղացած մարդկանցից։ Այնուամենայնիվ, կա հույս, որ զանգվածային ծառահատումները կնվազեն, և կտնկվեն նոր «կյանքեր»։ Ցուցահանդեսը նպատակ ուներ սթափեցնել մարդկանց՝ հիշեցնելու բնության ու ծառերի պահպանության կարևորության մասին։ «Ծառապատում» անվանումը կարող ենք բացատրել երկու ձևով․ առաջինը՝ որպես ծառերի մասին պատմություններ, երկրորդը՝ որպես ծառերի տնկում։

_Ձեր ստեղծագործություններում  ունեք Վահան Տերյանին և «Գոշավանք» վանական համալիրին նվիրված աշխատանքներ։ Ինչպե՞ս ծնվեց գաղափարը։ Արդյո՞ք այն կլինի շարունակական։

_Վահան Տերյանին նվիրված աշխատանքը պատվեր էր՝ ստեղծված «Ձմռան գիշեր» բանաստեղծության հիման վրա։ Երաժշտությունը գրել է Գեղամ Մարգարյանը, որի հետ արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք իր տարբեր երգերի անիմացիաների վրա։ «Գոշավանք» թվային աշխատանքը մի փոքր անձնական է։ Գոշավանքը գտնվում է Դիլիջանում՝ մի վայրում, որն առանձնահատուկ է ինձ համար։ Վանքը ոչ միայն հայկական ճարտարապետության գոհարներից է, այլև մի վայր է, որտեղից ժամանակին տարածվել է դպրություն ու արվեստ։ Այն եղել է հսկա մշակութային օջախ, ինչը շատ ոգևորիչ է։ Ամեն անգամ այնտեղ լինելով՝ ես նորովի եմ բացահայտում վանքի կախարդական մթնոլորտը, քարերի պատմությունը։ Հայկական մշակութային ժառանգությունն ինձ համար անսպառ թեմա է։ Անշուշտ, հայկական թեմատիկայով պատկերներ դեռ կլինեն իմ ստեղծագործական էջերում։

_Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը։ Ո՞ր նկարն է Ձեզ առավել ոգեշնչել։

_Սիրելի նկարիչներ շատ ունեմ, բայց կցանկանայի առանձնացնել Ալֆոնս Մուխային։ Նրա գործերը մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա իրենց նրբագեղությամբ, գունային լուծումներով և յուրահատուկ մոտեցմամբ։ Որևէ նկար չեմ  կարող առանձնացնել. ինձ դուր են գալիս գրեթե բոլոր գործերը՝ սկսած նկարներից, վերջացրած զարդարվեստով։

_Ապագայում սպասվու՞մ են նոր ցուցահանդեսներ։

_Ցուցահանդեսը ինձ համար մի նոր փուլ է։ Հաջորդ ցուցահանդեսը, կարծում եմ՝ կլինի հաջորդ տարի։ Այս անգամ կլինեն շատ գույներ։

Զրուցեց՝ Մերի Բադալյանը

 

Scroll to Top