Նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները սփյուռքում խոսում են հայերեն, պարում ազգային պարեր, տարածում ազգային մշակույթն ու լեզուն։ Վրաստանաբնակ նկարիչը Media M.am-ի հետ զրույցում խոսել է շրջիկ թատրոնի և ապագա ծրագրերի մասին։
_Մասնագիտությամբ նկարիչ եք, դիզայներ։ Ինչպե՞ս է եղել նկարչությունից անցումը տիկնիկներին։ Ինչու՞ տիկնիկներ։
_Ինձ միշտ հետաքրքրել է հեքիաթների աշխարհը, իսկ հեքիաթը կենդանացնելու հրաշալի միջոց է տիկնիկային արվեստը։ Գրում եմ նաև հեքիաթներ, և տիկնիկային թատրոնի միջոցով շունչ եմ տալիս հերոսներին։ Տիկնիկները օգնում են վառ պահել հեքիաթը։
—_Ձեր ստեղծած հեքիաթի աշխարհում որքա՞ն տիկնիկներ են «բնակվում»։ Ովքե՞ր են «բնակիչները»։
— Անկեղծ ասած, չեմ հաշվել, թե քանի տիկնիկ է «բնակվում» այնտեղ։ Բավականին շատ են՝ հարյուրավոր։ Տեղ չլինելու պատճառով շատերը պահված են հին ճամպրուկների և սնդուկների մեջ։ Նրանք պարբերաբար դուրս են գալիս սնդուկներից և ներկայանում մարդկանց։
_Արմեն, Ձեր «կախարդական ճամպրուկը» լի է հեքիաթներով։ Ու՞մ համար են այդ հեքիաթները։
_Այո, «կախարդական» ճամպրուկներն ու սնդուկները լի են հեքիաթներով։ Ես միշտ նշել եմ, որ իմ ստեղծած տիկնիկային թատրոնը բոլորի համար է՝ անկախ տարիքից։ Այն մարդկանց համար է, ովքեր կորցրել են իրենց ներսի հեքիաթը։ Ես խնդրում և հորդորում եմ բոլորին հաճախել տիկնիկային թատրոններ։ Տիկնիկները կօգնեն գտնել իրենց ներսում ապրող, բայց մոռացված հեքիաթը։ Յուրաքանչյուրի ներսում ապրում է մի փոքրիկ մանուկ, և մենք պետք է խնամենք այդ մանկանը։ Կարծում եմ՝ աշխարհի բոլոր չարիքները արթնանում են, երբ մարդկանց ներսում մոռացվում է հեքիաթը։
_Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեր ստեղծած տիկնիկները բարության քարոզիչներ են երկրի վրա։ Որքա՞ն է դա նրանց հաջողվում։
_ Կարծում եմ՝ մասամբ նրանց հաջողվում է։ Հեքիաթի հերոսները փորձում են գեղեցիկ մանկություն պարգևել փոքրիկներին։ Մարդկանց չարության և պատերազմների հիմնական պատճառներից մեկը ՝ոչ առողջ մանկություն ունենալն է։ Տիկնիկային թատրոն հաճախած երեխաները միշտ տարբերվել են։ Հեքիաթների հերոսները օգնել են նրանց աշխարհին նայել մանկան աչքերով։
_Խոսենք մեր մեծերին նվիրված աշխատանքներից և փարաջանովյան տիկնիկների շարքից։ Ո՞րն է նրանց նպատակը։
_ Իմ ստեղծած աշխատանքների մեջ կան հայ մեծերին նվիրված կերպարներ։ Տիկնիկների կերպարանք առած մեր մեծերը օգնում են ճանաչել, արժևորել, ուսումնասիրել և ընթերցել նրանց ստեղծագործությունները։ Հատկապես սփյուռքում կա հայերեն կարդալու խնդիր, և երեխաները ամբողջությամբ չեն կարողանում կարդալ ու ուսումնասիրել, իսկ տիկնիկը օգնում է նրանց խոսել հայերեն։ Փարաջանովը ինձ համար հենց Թիֆլիսն է՝ քաղաքային կոլորիտը, երկու ազգերի մշակույթների կրողը։ Սիրում եմ Փարաջանովի աշխարհը, քանի որ երկուսս էլ նույն աշխարհից ենք, երկուսս էլ երկու երկրների մշակույթի կրողն ենք։
—Փարաջանովյան հերոսները հանդես են եկել նրան նվիրված գեղարվեստական ֆիլմում։ Ո՞րն էր ֆիլմի ասելիքը։
_ Փարաջանովին նվիրված ֆիլմ նկարահանել է երիտասարդ գերմանաբնակ ռեժիսոր Արտուրո Սայանը։ Հրավերը սիրով ընդունեցի, և փարաջանովյան տիկնիկները ներկայացան նրան նվիրված ֆիլմում։ Ֆիլմի ասելիքը փարաջանովյան գաղափարախոսությունն էր՝ թե ինչպես կարելի է սիրով վրեժխնդիր լինել աշխարհից։
_Տիկնիկները ինչպե՞ս են տարածում հայ մշակույթը։
— Իմ տիկնիկները ոչ միայն բարություն են տարածում, այլև փորձում են հայ մշակույթը պահպանել և տարածել սփյուռքում։ Շրջում եմ Վրաստանի տարբեր բնակավայրերում, որտեղ ապրում են հայ երեխաներ։ Հեքիաթներով լի «կախարդական» ճամպրուկից դուրս են գալիս տիկնիկի կերպարանք առած մեր քոչարի պարողները, մեծն Թումանյանը՝ իր ստեղծագործություններով։ Նրանք խոսում են հայերեն։ Մայրենի լեզվին կարոտ երեխաները ծանոթանում են ոչ միայն մշակույթին, այլև հայերեն խոսք են լսում։ Դա ինձ համար յուրօրինակ հանգստություն է, չգիտեմ՝ ինչպես անվանել այն… Կարծես մշակութային պատարագ լինի։ Անկախ ամեն ինչից՝ եթե ապրում ենք սփյուռքում, պետք է պայքարենք հայ լինելու համար։ Ես դա բազմիցս եմ ասել։ Սփյուռքում մեր ամեն մի օրը պայքար է, պետք է պայքարել գրագետ, արժանապատվորեն։ Ինձ համար պայքարը կենացներն ու ճառերը չեն։ Իմ գործն է հասնել հեռավոր մարզեր, գտնել հայ երեխաներին և փորձել նրանց մեջ արթնացնել մոռացված գենետիկան կամ այնպես անել, որ այն երբեք չմոռացվի։
_Ո՞րն է Ձեր ամենասիրելի տիկնիկը։ Որքա՞ն ժամանակ եք տրամադրել պատրաստմանը։ Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։
_ Բոլորին շատ եմ սիրում, ինչպես ծնողները՝ իրենց երեխաներին, բայց կան առանձնացված տիկնիկներ, որոնց մեջ փորձում եմ գտնել անգամ իմ կերպարը։ Ինձ ոգեշնչում են հետաքրքիր, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ և հին քաղաքները՝ իրենց յուրօրինակ կոլորիտով։
—Ապագայում ի՞նչ պլաններ ունեք։ Ո՞րն է Ձեր ստեղծած հեքիաթի հաջորդ «կանգառը»։
_Ապագայում կան հետաքրքիր պլաններ՝ հյուրախաղերի տեսքով։ Ցավոք, Հայաստանից հետաքրքրությունը պակասել է։ Ակտիվություն չկա, ինչը չէի ասի Վրաստանի մասին, որտեղ փորձում են հնարավորինս աջակցել, գնահատել և հարգել արված աշխատանքը։ Հետաքրքիր համագործակցություն է ստացվել շրջիկ թատրոնի և Փարաջանովի տուն-թանգարանի միջև։ Ամեն տարի թատրոնը տարբեր ներկայացումներով հանդես է գալիս Փարաջանովի տուն-թանգարանի բակում։ Ես շատ եմ սիրում այդ բակը և փորձում եմ մի փոքր Թիֆլիս բերել թանգարան։ Անցած տարի հյուրախաղերով եղել եմ Գերմանիայում։ Տիկնիկները առաջին անգամ եղան Եվրոպայում և ներկայացրեցին հայ և վրաց մշակույթը։ Գերմանիայում հյուրախաղերը տեղի են ունեցել՝ Վրաստանում Հայաստանի դեսպանութան աջակցությամբ։ Կան առաջարկներ Պարսկաստանից։ Հիմա աշխատում ենք նոր ներկայացման վրա, որը շուտով պատրաստ կլինի։
_Արմեն, եթե հայտնվեիք Ձեր սիրելի հեքիաթում, ո՞ր հերոսը կցանկանայիք լինել։
_ Իմ ստեղծած հեքիաթի ինչ-որ կերպար էլ ես եմ։ Ես ուզում եմ իմ հեքիաթի մեջ լինել տիկնիկագործ, որը ստեղծում է կերպարներ։ Ես աշխարհի մեջ նոր աշխարհ եմ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի ապրել այլ կերպ՝ մի աշխարհ, որտեղ չկա իշխանություն, քաղաքականություն, այլ կա միայն հեքիաթ, որտեղ յուրաքանչյուրը ունի իր դերն ու նպատակը։
_Որտե՞ղ է գտնվում Արմեն Հովհաննիսյանի հեղինակային տիկնիկային թատրոնը: Ո՞րն է թատրոնի նպատակը։
_Սփյուռքում հայ մնալու համար յուրաքանչյուր օրդ պետք է պայքար լինի, և արվեստը պայքարելու հրաշալի միջոց է: Դրա համար էլ հիմնադրեցի տիկնիկային թատրոն, որ թատրոնի միջոցով հայ երեխաները ծանոթանան հայ մշակույթին, լսեն հայերեն և հայ մնան: Թատրոնը ստացել է նաև շրջիկ ձևակերպում քանի որ շրջագայում եմ տարբեր վայրերում։ Վրաստանում՝ իմ ծննդավայրում, որտեղ իմ նախնիների հարյուր հիսուն տարվա տունն է հիմնել եմ փոքրիկ թանգարան և թատրոն։ Այն գտնվում Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում ոչ հեռու Թիֆլիսից։ Այդ ձևաչափով նույնպես ընդունում եմ հյուրեր։ Զբաղվումում եմ նաև մանկավարժությամբ։ Մասնավոր և պետական ստուդիաներում դասավանդում եմ արվեստի պատմություն, նկարչություն, ձեռագործություն։ Անչափ ուրախացնում է աշակերտներիս առաջխաղացումը։ Նրանք ինքնուրույն պատրաստում են իրենց տիկնիկային թատրոնը։ Համագործակցում եմ նաև տարբեր թատրոնների հետ, որպես նկարիչ-տիկնիկագործ։
Զրուցեց՝ Մերի Բադալյանը










