Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան 

17-18-րդ դարերում Հայաստանի արվեստը հիմնականում կապված է եղել Հովնաթանյանների տոհմի գեղարվեստական ստեղծագործության հետ:  Նրանց գործունեության մեջ վառ կերպով դրսևորվել են այն հատկանիշները, որոնք բնորոշ են այդ ժամանակի ազգային գեղանկարչությանը:  Հովնաթանյանների տոհմի նախահայրն էր Նաղաշ Հովնաթանը.  որդիներն էին Հակոբը (ավագ), Հարությունը և թոռը` Հովնաթան Հովնաթանյանը: Նրանց գործունեությունը տևեց է մի ամբողջ հարյուրամյակ, իսկ հետագայում երկու սերունդների` Մկրտումի և իր որդիների` Հակոբի ու Աղաթոնի գործունեությունը հասնում է մինչև 19-րդ դարի 80-ական թվականները: Նշանակալից է Հակոբ Հովնաթանյան կրտսերի (1806-1881թթ.), դերը հայ գեղանկարչության զարգացման գործում, մասնավորապես դիմանկարչության ժանրում: 

«Հակոբ Հովնաթանյանը միայն դիմանկարներ էր նկարում։ Սակայն դրանք բնորոշում են մի ամբողջ դարաշրջան, ժամանակի դեմքը, դրանց շնորհիվ կարելի է դատել այն աշխարհի մասին, որտեղ ապրում ու աշխատում էին նկարիչը և իր ժամանակակիցները»։ Այսպես է բնութագրել Հակոբ Հովնաթանյանի ստեղծագործության նշանակությունը արվեստագետ Հենրիկ Իգիթյանը։

Հակոբ Հովնաթանյանը մուտք գործեց հայ կերպարվեստ որպես դիմանկարի ժանրի մեծ վարպետ և աշխարհիկ թեմայի հիմնադիրներից մեկը: Նա աշխատել է Թիֆլիսում 1830-1880 թվականներին: Նրա դիմանկարների շարքը իր ժամանակի ոգու և մթնոլորտի լավագույն վկայությունն է: Դրանք ընդգծում են պատկերվածների անհատականությունը, նրանց սոցիալական դիրքը. դրանցում արտահայտվել է նկարչի եզակի գեղանկարչական ձիրքը, դրանք աչքի են ընկնում դետալների մանրակրկիտ ու նրբաճաշակ մշակումով:

Նյութի աղբյուրը՝  Հայաստանի ազգային պատկերասրահ

Scroll to Top