Իջեւանում զբոսաշրջությունը սկսեք տեղի պատմաերկրագիտական թանգարանից Իջեւան քաղաք հասնելիս այցելուների հետաքրքրությունը միանգամից կգրավի մայրուղու հարեւանությամբ գտնվող, թնդանոթներով «պաշտպանված» մի հին ու գողտրիկ շինություն, սա տեղի թանգարանն է։
Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանը յոթանասուն եւ ավելի տարիների պատմություն ունի, հիմնադրվել է դեռեւս ԽՍՀՄ տարիներին՝ համալրելով տեղական հարուստ ժառանգություն ունեցող թանգարանների շարքերը։ Սակայն 1992 թվականին թանգարանից շուրջ 1600 նմուշ տեղափոխում են Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի պատմության թանգարաններ։
Թանգարանի բակում տեղադրված թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906 թվականին Պետերբուրգում, գործածել են Առաջին համաշխարհային պատերազմի եւ հեղափոխական կռիվների ժամանակ, իսկ երկրորդը պատրաստվել է ավելի ուշ՝ 1927-ին Եկատերինբուրգում եւ մասնակցել Երկրորդ աշխարհամարտին։ Թանգարանի ցուցադրության առաջարկվող տարածքը համալրված է չորս բաժիններով եւ հինգ ցուցասրահներով՝ տեղեկատվական, հնագիտական, ազգային, իսկ վերջինը նվիրված է պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին։ Այստեղ ցուցադրվող իրերի մի մասի կենսագրությունը վերագրվում է մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին, ապա նաեւ՝ Ուրարտական շրջանին։
Ցուցադրվող իրերը վերաբերում են նոր եւ նորագույն պատմությանը, կան հնագույն նմուշներ, որոնք պատմում են տեղի կենցաղի մասին՝ ինչպես Կողբի տարածքից հայտնաբերված Քարե դարի շերեփը, հազվագյուտ ցուցանմուշներից՝ թուրը, տարբեր ժամանակաշրջաններին վերագրված կահկարասին, հողագործական իրերը, տարածաշրջանում գտնվող քարատեսակները, տեղի կենդանական աշխարհի մի քանիսի ցուցանմուշներ եւ այլն։ Թանգարանի տնօրեն Հասմիկ Խեչյանը (ի դեպ, օրն աշխատանքային չէր, սակայն տնօրենը անտրտունջ ու սիրով ընդունեց մեզ) առանձնակի հպարտությամբ պատմեց Իջեւանի պարծանք համարվող «Դեղնաքյունջ»՝ այսինքն դեղին անկյուններ ունեցող գորգի մասին։ Իսկապես, գորգին նայելիս միանգամից աչքի է զարնում կենտրոնի բազմանիստը երիզող գորգադաշտի վառ դեղին հիմնագույնը։ Այս գորգը, որին տվել են նաեւ քաղաքի նախկին անվանումը՝ «Քարվանսարա», սկսել են գործել դեռեւս նախորդ դարասկզբից, հեղինակը տեղի նշանավոր գորգագործուհի Նունուֆար Էդիլյանն է։
Ասում են, որ այս գորգից կա գրեթե բոլոր իջեւանցիների տներում։ Թանգարանի հետաքրքրական ցուցանմուշներից էր նաեւ եգիպտացորենը մաքրող գործիքը, գյուղատնտեսության մեջ գործածվող մատնոցը, որը կիրառել են մանգաղով հասկը հնձելու ժամանակ։ Այցելուներիս համար զարմանք պատճառող իրերից էր նաեւ մեր հնարամիտ նախնիների կողմից հորինված «մանկական տաքդիրի նախահայրը»։ Քնելիս նորածնի հարմարավետության համար օրորոցի կենտրոնում փոքրիկ անցք են բացել, եւ երեխայի մեզը փայտե հատուկ հարմարանքի միջոցով թափվել է ներքեւ։ Ցուցադրվող իրերը մեկը մեկից հետաքրքրական էին ու տարբերվող։ Արժե՝ Տավուշի այս գողտրիկ աշխարհ այցելելիս ծանոթությունը սկսել տեղացիների անցյալը վավերագրող այս փոքրիկ ու հարուստ անկյունից։
Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ արձակագիր, մանկավարժ
Լուսանկարները՝ հեղինակային







