Եվ ահա Գևորգյան ճեմարանի սան եմ։ Ոչ միայն ուրախ եմ, այլև հպարտ։ Այստեղ են ուսանել Կոմիտասը, Շանթը, Ավետիք Իսահակյանը. Մկրտիչ Խերանյան

«Եվ ահա Գևորգյան ճեմարանի սան եմ։ Ոչ միայն ուրախ եմ, այլև հպարտ։ Այստեղ են ուսանել Կոմիտասը, Շանթը, Ավետիք Իսահակյանը։ Ես երջանիկ եմ»,- իր ինքնակենսագրականում գրել է Մկրտիչ Խերանյանը։  Խերանյանները գաղթել են Վանից 1915 թվականին։ Այս գերդաստանը Վանում շատ մեծ է եղել, նույնիսկ նրանց անունով փողոց է եղել՝ Խերանենց փողան։ Մկրտիչն իր նախնական կրթությունը ստացել է Խրիմյան Հայրիկի հիմնադրած Վարագա ժառանգավորաց դպրոցում, այնուհետև Վանի Հայկազյան վարժարանում։ Մանկությունը անցել է Վանում և քաղաքին մոտ գտնվող Շուշանաց գյուղում, որտեղ հայրը՝ Եղիշե Խերանյանը, հոգևոր ծառայություն էր իրականացնում։  1915 թ․ Խերանյան ընտանիքը հազարավոր գաղթականների պես փրկություն է որոնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Արշալույս գյուղի ուսուցիչ Հակոբ Ներսիսյանը պատահաբար հանդիպում և ապաստան է տալիս այս ընտանիքին։ Մկրտիչն հաճախում է գյուղի դպրոց՝ հոգում փայփայելով Գևորգյան ճեմարանի սան դառնալու երազանքը։Երկու տարի անց նա ճեմարանի սան էր։Նա այն եզակի ուսանողներից էր, որին հաջողվում է մի տարում երկու տարվա ծրագիր սերտել։ Մի քանի շաբաթ սովորելուց հետո նրան 5-րդ դասարանից տեղափոխում են 6-րդ դասարան։ Ցավոք՝ Խերանյանը չի ավարտում ճեմարանը, քանի որ այն փակվում է։Գրաբարի կատարյալ իմացությունը հնարավորություն է տալիս իրագործել իր կյանքի ամենաբարդ առաքելությունը՝ «Նարեկի» թարգմանությունը։ Նրա ստեղծագործության մեջ առանձնանում են ժողովրդական նյութի մշակումները՝ «Մոկաց Միրզա», «Հազարան բլբուլ», «Սասնա տուն», որը մեր էպոսի չորս ճյուղերի ամբողջական մշակումն է։ Մինչ Նարեկացու գլուխգործոցի թարգմանելը՝ Խերանյանը գրաբարից աշխարհաբար է թարգմանել Հոմերոսի «Իլիականը», իսկ աքսորից հետո գրողն իր կյանքի մեկուկես տասնամյակը նվիրում է այդ տառապալից, բայց բերկրալի աշխատանքին՝ «Նարեկի» թարգմանությանը։1960 թ․ աշխարհաբար «Նարեկն» արդեն ընթերցողի սեղանին էր։ Այն Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Հայ առաքելական սուրբ եկեղեցին կանոնական համարեց ու երաշխավորեց հրատարակության։Կյանքի վերջում Խերանյանը քիչ էր գրում։ Նրա մեջ զարթնել էր կորցրած հայրենիքի անբուժելի կարոտը և զարմանալի ճշգրիտ հիշողությունը։ Եվ նա փորձում էր վերարտադրել իր հիշողության ծալքերում մեռնող պատկերները՝ ստեղծելով Արևմտյան Հայաստանում թողած սիրելի վայրերի ճշգրիտ մանրակերտները։
Իր հեռավոր անցյալը նաև գրականությամբ փորձեց փրկել՝ գրելով «Երկա՜ր-երկա՜ր մի ճանապարհ» ինքնակենսագրական վեպը։

Աղբյուրը՝  www.youtube.com

Scroll to Top