Նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարները՝ նոր շունչ են հաղորդում, փոխանցելով կյանքին հանդարտ ու բուռն ընթացք: Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություն, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Սիրված նկարիչն անդրադարձել է նկարչության գրեթե բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն: Նայելով վարպետի աշխատանքներին տեսնում ենք նկարչի պայքարը և խիզախությունը: Մեծ վարպետ՝ Մարտիրոս Սարյանաի խոսքերը ունեցել են իրենց ազդեցությունը.
«Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,-ասել է վարպետը:
Նայելով սիրված նկարչի աշխատանքներին զգում ենք այդ ուժը և հավատը, որը փոխանցել է վարպետը: Մինաս Ավետիսյանի որմնանկարները ստեղծվել են՝ 1972 -1974 թվականներին, Շիրակի մարզում և Երևանում։ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով օրհասական է դառնում որմնանկարները ավիրված, վնասված շենքերից տեղափոխելը՝ ավելի ապահով վայրեր։ 2008 թվականին սկսվում է «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման աշխատանքները, 2009-ին այն հանգրվանել է նկարչի թանգարանում, իսկ 2010 թվականին «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» աշխատանքները տեղադրվել են ՀՀ կառավարության շենքում: «Հանդիպում» կամ «Աղբյուրի մոտ» որմնանկարները նվիրվել է՝ 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին: Այն նկարչի կողմից ստեղծված երևակայական հուշարձան է: Կանանց կերպարները լի են տագնապով ու խոր վշտով, տխրությամբ դեպի կորուսյալ երկիր: Մի առիթով նկարիչը ասել է.
«Մենք այնքան ենք տեսել ու հուզվել, որ մեր նկարչությունը այլ լինել չէր կարող»,-ասել է վարպետը: «Արմենիա» որմնանկարը գտնվում է՝ Շիրակի մարզում Վահրամաբերդ գյուղում: Այն ստեղծվել է՝ 1973 թվականին Մշակույթի տան պատին: 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը գրեթե ամբողջովին ավերվել էր, սակայն պահպանվել էր որմնանկարով պատը: Այսօր շնորհիվ «Արմենիա» որմնանկարի՝ գյուղը ունի մշակույթի պալատի նոր շենք: Նկարիչը մոր թեմային է անդրադարձել գրեթե իր բոլորաշխ ատանքներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում: Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը: «Թել են մանում» որմնանկարը Մինաս Ավետիսյանը նկարել է՝ 1970-1971 թվականներին, Ազատան գյուղի մշակույթի տանը: Բնապատկերում գյուղացի կանայք են, ովքեր իլիկով թել են մանում: «Երկանքը», «Ջուլհակուհիներ» որմնանկարները գտնվում են Զվարթնոց օդանավակայանում:
Մինաս Ավետիսյանը երկու որմնանկար ունի, որոնք նույն անունն են կրում ՝ «Թել են մանում», որից մեկը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում, մյուսը՝ գյուղ Ազատանում, սակայն այլ մոտեցմամբ: Վերջինիս գլխավերևում սարեր են ու երկինք: Մինչ այսօր գյուղի մշակույթի տանն է գտնվում «Լեռներում» որմնանկարը: «Հայկական հովվերգություն» «Գորգ են գործում», որմնանկարները գտնվում են Գյումրի քաղաքում: Երկրաշարժից հետո կործանումից փրկվում է «Անալիտիկ սարք» գործարանի ճաշարանում արված «Աղբյուրի» մոտ որմնանկարը, որը հաջողությամբ թեղափոխվում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենք:
Միակ որմնանկարը, որ հնարավոր չի եղել փրկել «Ցերեկ»֊ն է, նրանից մնացած միակ հատվածը, այսօր ցուցադրվում է նկարչի տուն-թանգարանում, իսկ «Գիշեր» որմնանկարը վերականգնումից հետո՝ Գյումրու կիսավեր գործարանից 2019 թվականին տեղափոխվել է Երևան: Նշենք, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները վերականգնվել և պահպանվել են երկար տարիների արդյունավետ աշխատանքների արդյունքում, որոնք հանդիսանում են պետական հուշարձաններ։
Նյութի աղբյուրը՝ Մինաս Ավետիսյանի տուն- թանգարան




