Կալաբրիայի հայ համայնք — ասոցիացիայի ղեկավար, «Իտալիայի հայ տաղանդների միության» ներկայացուցիչ Թեհմինե Արշակյանը MediaM.am-ի հետ զրույցում պատմել է համայնք — ասոցիացիայի հիմնադրման, ծավալած գործունեության, հնագիտական պեղումների ժամանակ 9-րդ դարի հայկական քարանձավ — եկեղեցու հայտնաբերման մասին:
_Թեհմինե, ե՞րբ եք բնակություն հաստատել Կալաբրիայում։ Որտեղի՞ց եք արմատներով։
_Ես Իտալիա տեղափոխվեցի 2012 թվականին՝ ընտանիք կազմելու նպատակով: Ամուսինս իտալացի է ու արմատներով` Կալաբրիայից, բայց այդ տարիներին աշխատում էր Հռոմում ու մեր նպատակը այն էր, որ մեր ընտանիքի հիմքերը դնենք Հռոմում, սակայան ճակատագիրը ալյ կերպ ցանկացավ՝ աշխատանքը տեղափոխվեց ծննդավայր և մենք հիմնվեցինք Կալաբրիայում։ Ես արմատներով Արմավիր քաղաքից եմ։
_Որքանո՞վ է Ձեզ հաջողվում օտարության մեջ պահպանել հայոց լեզուն և մշակույթը։
_Սզբնական շրջանում բավականին բարդ էր, քանի որ կալաբրիացիները հայերի և Հայաստանի մասին բացարձակ տեղյակ չէին, եթե ինչ- որ մեկը ինձ հարցնում էր ազգությունս, ես մեծ հպարտությամբ պատասխանում էի ՝ sono armena (ես հայ եմ), զարմացած հնչում էր հաջորդ հարցը՝ rumena? (ռումինացի) ու դա ինձ ավելի էր նյարդայնացնում, որ այդքան մեզ նման կալաբրիացին չգիտի, թե ով է հայը։ Նմանատիպ դեպքեր շատ էին լինում ու ես որոշեցի, որ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի մեր պատմությունն ու մշակույթը տարածեմ այս տարածաշրջանում։
_Դուք Կալաբրիայում գործող հայկական համայնք — ասոցիացիայի ղեկավարն եք։ Ե՞րբ է այն ձևավորվել և ո՞րն է նպատակը։
_Այո, այն շատ հետքաքրքիր պատմություն ունի։ Միգուցե զարմանաք առաջացնի, բայց մեր համայնք — ասոցիացիան ի սկզբանե կազմված էր երեք անդամից, որոնցից միայն ես եմ հայ, իսկ մյուս երկուսը իտալացիներ են՝ պրոֆեսոր Սեբաստիանո Սթրանջեսը (Մշակութային ժառանգության նախարարության նախկին պատվավոր տեսուչ, պատմահնագիտական հետազոտող/գիտաշխատող) և Կարմինե Վերդուչին («Kalabria EXperience» ասոցացիայի հիմնադիր, այժմ արդեն «Կալաբրիայի Հայ համայնք» ասոցացիայի համահիմնադիր), առանց որոնց ես միայնակ ոչինչ չէի կարող անել։ Այս ամենը պրոֆեսոր Սեբաստիանո Սթրանջեսի շնորհիվ է ստեղծվել, քանի որ նա դեռ ութսունական թվականներից է սկսել ուսումնասիրել հայ ազգի պատմությունն ու մշակույթը։ Նրա նպատակներից է եղել հնարավորինս շատ տեղեկություններ հավաքագրել և տարածել առաջին քրիստոնյա ժողովուրդի մասին։ Մենք շատ պատահական հանդիպեցինք Սեբաստիանոյի հետ ու մեր հանդիպումը ճակատագրական էր, Աստծո կողմից ուղարկված առաքելություն (ես միշտ այդպես եմ մեկնաբանում)։ 2017 թվականն էր, երբ ես պատահական սոցիալական հարթակներից մեկում տեսա մի նկար, որտեղ դրված էր հայկական դրոշը և գրված էր՝ «Սեմինար նվիրված հայոց եղեռնի հիշատակին» և վարում էր Սեբաստիանոն: Առանց երկար մտածելու գրեցի, արձագանքեց ու անմիջապես պայմանավորվեցինք հանդիպել։ Հանդիպանը ծանոթացա նաև Կարմինեի հետ ու այդ օրը դարձավ մեր միասնության օրը և միտք ծագեց հիմնել համայնք/ասոցացիա, որի նպատակն էր՝ Կալաբրիայի տարածաշրջանում տարածել հայ ազգի պատմությունն ու մշակույթը, հավաքագրել տարածաշրջանում ապրող հայերին, ինչպես նաև կազամակերպել հիշատակի օր նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 2018 թվականի ապրիլին կազմակերպեցինք առաջին միջոցառումը և մատուցեցինք Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին ու այդ տարի էլ հիմնեցինք մեր Կալաբրիայի Հայ համայնք -ասոցացիան։
_ Թեհմինե, Դուք բազմիցս անդրադարձել եք հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված եզակի գտածոյին։ Ե՞րբ են տեղի ունեցել հնագիտական պեղումները։ Ինչի՞ մասին է այն փաստում։
_Այդ ամենը Սեբաստիանոյի անդադար աշխատանքի շնորհիվ է ստեղծվել։ Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում, 1990 թվականին մասնագիտական հետաքրքրությունները նրան տարել են դեպի հին լքված քարանձավները, որը գտնվում է Կալաբրիայի շրջանի Բռանկալեոնե Վետուս համայնքի բարձրադիր գոտում: Այդտեղ նա հայտնաբերել է 9-րդ դարի քարանձավ — եկեղեցի, որի մեջտեղում վեր է խոյանում «Կենաց ծառը», մուտքի ձախակողմյան հատվածում առկա է փոքրիկ խորան, պատին փորագրված է խաչ և սիրամարգ, որը ըստ պրոֆեսոր Սթրանջեսի հին սիրիա — հայկական դիցաբանության մեջ խորհրդանշում է Գաբրիել հրեշտակին, իսկ «Կենաց ծառը» խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին։ Մուտքի աջակողմյան հատվածում հենց հատակին փորված է լողավզան, որը ինչպես վկայում է Սեբաստիանոն ծառայել է մկրտության արարողություն կատարելու համար, իսկ մի փոքր վերև պարզ երևում է մեր հայկական ավանդական թոնիրը, որն էլ բնականաբար ծառայել է, ինչպես լավաշ թխելու այնպես էլ այլ կերակուրներ պատրաստելու համար։ Թոնիրի տարածքում գտել ենք փոքր կավե կտոր՝ փորագրված խաչերով և մեջտեղում նուռ, որն էլ հավանաբար թոնիրը ծածկելու համար է եղել։ Այս ամենը փաստում է այն մասին, որ 9-րդ դարի սկզբներին այստեղ հայերեն են բնակվել ու բնականաբար անհնար էր, որ հետքեր թողած չլինեին։ Այս ամենը ստիպել է պրոֆեսոր Սթրանջեսին, որպեսզի նա իր ուսումնասիրությունները էլ ավելի ընդլայնի: Նա հնագիտական պեղումները շարունակել է Բռուցցանո համայնքում, որտեղ վաղուց գոյություն ուներ հին կիսաքանդ մի դղյակ, որը կոչվում է՝ Rocca degli Armeni / Rocca Armenia (Հայերի ամրոցը)։
_ Ի՞նչ աշխատանքներ են այժմ իրականացվում։
Մենք չենք դադարել ուսումնասիրությունները քարանձավների տարածքում, սակայն այս պահի դրությամբ մի փոքր պեղումները դադարեցրել ենք քանի որ ամառվա այս ամիսներին կենտրոնանում ենք զբոսաշրջության վրա։ Վերջերս բավականի մեծ ճանաչում է ձեռք բերել «Հայերի հովիտ»-ը (մենք այդպես ենք անվանել այն ողջ տարածքը, որը ներառում է հայկական հետքեր): Այցելուների թիվը բավականին մեծացել է, թե՛ իտալացի, թե՛ հայազգի, զբոսաշրջիկների ուշադրությունը հատկապես գրավում է այս տարածաշրջանը։ Երկու օր առաջ Բելգիայից հայ ընտանիք էր ժամանել ու շատ տպավորված էր։ Մեր երազանքն է, որպեսզի Հայասնանից նույնպես հնագետներ միանան աշխատանքներին և ուսումնասիրությունները դրվեն այլ հարթության վրա: Կարծում եմ, որ օր առաջ պետք է զբաղվել այս աշխատանքներով: Այն մեր բազմադարյան մշակույթի մի մասն է կազմում:
_Մեր օրերում որքանո՞վ է արժևորվում սփյուռքի գոյությունը։ Արդյո՞ք ստեղծվում են «կամուրջներ» Հայաստանի և սփյուռքի այլ համայնքների միջև։
_Սփյուռքը շատ կարևոր դեր է կատարում Հայաստանում և օտարության մեջ: Ամենադժվար պահին սփյուռքն է կանգնած հայի և Հայաստանի կողքին: 44- օրյա պատերազմի ժամանակ մեծ հանգանակություն հավաքվեց սփյուռքի հայության կողմից, վիրավոր զինվորիներին օգնելու կամ համապատասխան պարագաներ գնելու համար։ Մեր փոքրիկ համայնք — ասոցացիան ևս իր հնարավորության չափով կարողացավ օգնել։ Առանց սփյուռքի իմ կարծիքով Հայաստանի մի թևը կկոտրվի։ Հայաստանի հետ վաղուց էի ցանկանում կապեր հաստատել, վերջապես այս տարի հնրավորություն ընձեռնվեց մասնակցել մի ծրագրի, որը հիմնականում Հայաստանում գործող Հասարակական կազմակերպություններին էր վերաբերվում: Մեզ նույնպես հաջողվեց մասնակցել։ Կազմակպերպված էր Հայկական ժառանգություն հիմնադրամի և Europa Nostra միջազգային մշակութային կառույցին կից գործող European Heritage Hub -ի կողմից, նպատակը՝ հիմնադրամների քարտեզագրումն էր: Ամենահետքարքիր կապը, որը վերջերս ենք ստեղծել, դա Անի Մանուկյանի և նրա հիմանդրած «Արմատ և ծիլ» ստեղծագործահետազոտական միջդպրոցական մրցույթ ծրագիրն, որը Հայաստանում երեք տարի է իրականացվում: Գալիք ուսումնական տարվա մեջ նախատասել ենք իրականցանել նաև Կալաբրիայի դպրոցներում, փոխադարձ կապ ստեղծելու նպատակով։
_Թեհմինե, օտարերկրացիները ինչպե՞ս են վերաբերվում հայկական մշակույթին։ Որքանո՞վ է ստացվում հանրահռչակել այն։
Ի սկզբանե անտարբեր էին, որովհետև տեղեկատվական աղբյուրներ չեն ունեցել: Ես շատ էի նեղվում, բայց հետո հասկացա, որ պետք է շատ աշխատել այդ ուղղությամբ եթե ուզում ենք, որ մեզ ճանաչեն պետք է քայլեր ձեռնարկել։ 2021 թվականին որոշեցինք համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հասկանում էինք, որ դա ամենադժվար, բայց ամենճիշտ ճանապարհն է։ Մենք մի բանաձև էինք պատրաստել, որը խնդրում և պարտավորեցնում էր քաղաքապետին ու իր ողջ անձնակազմին ընդունել Հայոց Ցեղասպանության բանաձևը և ամեն տարի ապրիլի քսանչորսին մեր եռագույնը 24 ժամով փակցնել քաղաքապետարանի շենքի դիմային հատվածում՝ Իտալիայի դրոշի կողքին, որպես հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ի ուրախություն ինձ ու իմ թիմի անդամներին մեզ գրկաբաց ընդունեցին ու ոչ միայն բանաձևն ընդունեցին, այլև դրոշը փակցրեցին և լուսային տեխնիկայի շնորհիվ շենքի աջակողմյան պատը, որը նաև գլխավոր փողոցներից մեկն է ևս քսանչորս ժամ լուսավորվեց մեր եռագույնով: Բնակչությունը անց ու դարձ էր անում և կարդում՝ 1915 – 2021 (106 anniversario del genocido degli armeni ), այդ տարի 106-րդ տարելիցն էր։ Դա ևս տեղեկության մեծ աղբյուր էր մեզ համար ու հենց այդ ժամանակվանից սկսեցին ավելի ու ավելի հետքարքրվել հայկական մշակույթի, պատմության ու ընդհանրապես Հայաստանի մասին։ Մեզ համար շատ կարևոր և պատմական օր էր 2024 թվականին Կոզենցայի Կապելլո պատմական հրապարակում քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակի տեղադրման արարողությունը։ Այն մեր համայնքի պատմության կարևոր էջերից է, որը հայկական մշակույթի և պատմության հանդեպ խորին հարգանքի դրսևորում է:
_Խոսենք համայնքի անդամների միջև միասնության մասին։ Արդյո՞ք ստացվում հայ երիտասարդներին համախմբել ընդհանուր գաղափարների շուրջ։
_Կալաբրիան ամենափոքր համայնքն է մյուս հայ համայնքների համեմատ, այստեղ շատ հայեր չեն ապրում, այդ պատճառով մեր հիմանական նպատակն է, ոչ թե համախմբել հայերին, այլ տարածել հայկական մշակույթը և պատմությունը, փորձել կապեր ստեղծել Հայաստանի հետ, զարգացնել զբոսաշրջությունը դեպի Կալաբրիա իսկ Կալաբրիայից դեպի Հայաստան։ Իտալիայում գործող հայ համայնքների հետ հաճախ ենք միասնական ծրագրեր իրականացնում: Այսօր մեր հիմնական նպատակն է, որպեսզի Կալաբրիայի դասագրքերում տեղ գտնեն նաև Հայոց պատմության ամենակարևորը էջերը։
_ Ի՞նչ հիմնական խնդիրներ են առկա համայնքում և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում դրանք լուծելու ուղղությամբ:
_Լուրջ խնդիրներ չունենք, սակայն մի քանի անհրաժեշտ միջամտությունների կարիք կան, որոնք միայն ֆինանասկան լուծումներ են պահանջում: Համայնքը չունի ֆինանսավորման աղբյուր քանի որ մենք ոչ մի շահույթ չենք հետապնդում ամեն ինչ անում ենք հայրենասիրական հիմունքներով։ Իմ ամենամեծ նպատակներից մեկն է քարանձավների տարածքում գործող եկեղեցու մոտ խաչքար տեղադրել: Գուցե ապագայում կարողանամ բարերար գտնել և իրականացնել իմ և շատերի երազանքը: Ի դեպ եկեղեցին կաթոլիկ է եղել ու հետո լքվել է, մենք այն վերանորոգել ենք ու զարդարել ենք սրբապատկերներով: Այն մեր հույզերի, հիշողությունների անկյունն է:
Զրուցեց՝ Մերի Բադալյանը
Լուսանկարները՝ Թեհմինե Արշակյանի անձնական արխիվից







