Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմ գյուղը առանձնանում է ոչ միայն պատմամշակութային վայրերով , այլև հյուրընկալ և զրուցասեր մարդկանցով։ Երկար տարիներ Դաշտադեմում ապրող Շողիկ տատի առօրյան սկսվում է այգու աշխատանքներով՝ բերքը հավաքել, այգին ջրել, նոր ծառեր ու ծաղիկներ տնկել։ Տասնամյակներ շարունակ մշակում է այգին. գիտի յուրաքանչյուր ծառի պատմությունը, հասկանում է «ծառերի լեզուն», զրուցում է նրանց հետ, գովաբանում ու խնամքով հավաքում է պտուղները։
Շողիկ տատի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից։ Հաստատվել են գյուղ Իրինդում, տուն են կառուցել, շենացրել և ապրել են «էրգրի» մասին հիշողություններով։ Ամուսնությունից հետո Շողիկ տատը տեղափոխվել է Դաշտադեմ։ Մեծ հիացմունքով է խոսում իր հինգ զավակների, թոռների ու ծոռների մասին։ Երկար տարիներ աշխատել է գյուղի մանկապարտեզում։ Պատմում է, թե ինչպես էին իննսունականներին առանց վարձատրության աշխատել, անգամ սեփական միջոցներով են պահել մանկապարտեզը։ Նրա կարծիքով դեռ մանկուց է պետք երեխայի մեջ սեր սերմանել գրքի, գրականության ու մշակույթի հանդեպ։ Մանկապարտեզի սաների հետ հաճախ էին այցելում Դաշտադեմի ամրոց։ Ծանոթացնում էին ամրոցի հիմնադրման պատմությանը, պատմում էին նախնիների կենցաղի և հերոսությունների մասին.
_Մանկապարտեզի սաների հետ հաճախ էինք այցելում՝ Դաշտադեմի ամրոց (Քաղենի ամրոց)։ Ամրոցի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին և Սուրբ Սարգիս (10-րդ դար) կարմիր տուֆից եկեղեցին: Յուրաքանչյուր այցելությունը տոն էր սաների համար։
Շողիկ տատը համոզված է, որ մանկավարժները գիտելիքներից զատ ապագա սերունդներին պետք է պարգևեն գեղեցիկ հիշողություններ։ Տասնյակ տարիներ են անցել, բայց նա դեռ հիշում է իր ուսուցիչների խորհուրդները, նրանց փոխանցած բազմամյա փորձն ու գիտելիքները։ Մանկության ջերմ հիշողություններից է Ավետիք Իսահակյանին տեսնելը.
_ Ես այն երջանիկներից եմ, ով տեսել է Ավետիք Իսահակյանին։ Վարպետը կնոջ՝ տիկին Սոֆիի հետ, հաճախ էր լինում Իրինդում։ Հիշում եմ խաղերի ժամանակ շատ էինք տեսնում վարպետին՝ մարդկանցով շրջապատված։ Հավաքվում էին գյուղի երիտասարդկները, մեծահասակները շրջան էին կազմում, իսկ Իսահակյանը պատմություններ էր պատմում։ Մենք փոքր էինք, խաղով էինք տարված, բայց հասկանում էինք, որ շատ կարևոր զրույց է ու չէինք խանգարում։
Շողիկ տատը ակնածանքով է հիշում՝ Խաչիկ Դաշտենցին և Մուշեղ Գալշոյանին։ Նա ոչ միայն լսել է գրողների մասին պատմությունները, այլև առիթ է ունեցել տեսնել և հետագայում ընթերցել իր գյուղի և համագյուղացիների մասին գրված պատմվածքները։
Զրուցեց՝ Մերի Բադալյանը






