Սասունցի Դավիթը մեր ժողովրդի հավաքական կերպարն է. Երվանդ Քոչար

Սասունցի Դավթի արձանի համար ոչ մի բնորդ ու նախատիպ չի եղել։ Երվանդ Քոչարը իր հուշերում գրել է, որ Սասունցի Դավիթը մեր ժողովրդի հավաքական կերպարն է։ Նա ասում էր` դա մեր լավագույն հատկանիշների, դարավոր երազանքների խտացումն է։ Երևանի ամենածանր հուշարձանի (3,5 տոննա) յուրաքանչյուր դետալն իր բացատրությունն ու խորհուրդն ունի։ Պատվանդանը արձանի համեմատ ավելի փոքր է, քանի որ Քոչարը ցանկացել է ցույց տալ, որ Հայաստանից շատ փոքր մաս է մնացել։ Իսկ օդում մնացած ձիու ոտքերը հայկական սփյուռքն է, որը հայրենի հող չունի վրան հենվելու համար։ Ձիու պոչն անբնական մեծ է, քանի որ, ըստ էպոսի, այն օգնում է Դավթին կռվի ժամանակ։ Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը: Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում. քանդակագործն այսկերպ անդրադարձել է նաև էպոսի ծագումնաբանությանը:

Սասունցի Դավթի արձանը  Քոչարի երկրորդ Դավիթն է։ Առաջինը տեղադրվել է 1939 թվականին, երբ Երևանում նշում էին «Սասնա ծռեր» էպոսի 1000–ամյակը։ Այդ առիթով որոշվեց Երևանի կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի գլխավոր հերոսի` Սասունցի Դավթի արձանը։ Քանդակագործներն ասում էին, որ գոնե մեկ-երկու տարի պետք է նոր քանդակի համար, և միայն Փարիզից նոր վերադարձած Երվանդ Քոչարը համաձայնեց կարճ ժամկետում քանդակել Դավթին։ 18 օր անց արձանը պատրաստ էր։

Սասունցի Դավթի ձիարձանը կայարանամերձ հրապարակում կանգնեցնելուց երկու տարի հետո` 1941 թվականին, Երվանդ Քոչարին բանտարկեցին։ Պատճառներից մեկն այն էր, որ Դավթի մերկացրած սուրը նայում էր դեպի Թուրքիա։ 1957 թվականին իշխանությունները որոշեցին վերականգնել Էպոսին նվիրված խորհրդանշական արձանը ու գործը կրկին վստահեցին Երվանդ Քոչարին, արդյունքում նա ստեղծեց բոլորովին այլ Սասունցի Դավիթ։

Նշենք, որ Սասունցի Դավթի ( ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան) այս կերպարը այնքան սիրվեց, որ հայտնվեց թղթադրամների, մետաղադրամների ու հոբելյանական հուշամեդալների վրա։ Այն երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն էր:

Աղբյուրը՝  Երվանդ Քոչարի թանգարան

Scroll to Top