Կապան քաղաքում հնարավություն ունեցա այցելելու տեղի արքունական պալատի պեղավայր։ Ծանոթանալով պեղումներ կատարելու անհրաժեշտ կանոններին՝ մի կարճ ժամանակով միացա արշավախմբին՝ մասնակցելով կատարվող աշխատանքներին։
Ինչպես ասում են՝ պեղումներ կատարելը միայն «գետինը փորել» չէ։ Սա մի ամբողջական բարդ ու պատասխանատու աշխատանք է, որը մասնագետներից պահանջում է համբերատար ու մանրակրկիտ աշխատանք, համառ կամք եղանակային՝ անգամ անբարենպաստ պայմաններում աշխատելու համար։
Հնագետներն այս տարածքում պեղումները սկսել են դեռևս անցած տարվա աշնանից։ Նպատակային ու համառ աշխատանքի արդյունքում նրանց հաջողվել է բացահայտել Սյունյաց թագավորության արքայական պալատը՝ իր մի շարք օժանդակ կառույցներով՝ հինգ սենյակ, երկար միջանցք, որը ձգվում է մինչև արքայական ընդունելության դահլիճ։ Սա եղել է պատմական Կապան քաղաքի միջնաբերդը։ Ապարանքը շրջապատված է եղել հաստ պարսպաշարերով, որոնք, ցավոք, այժմ ունեն մեծ ճաքեր։
«Մինչև վերջերս այս ապարանքը թվագրվում էր որպես 17-րդ դարի շինություն, սակայն պեղումների արդյունքը ցույց տվեց, որ հողի հաստ ծածկույթի տակ թաքնված են ավելի վաղ շրջանի պատմական շերտեր, որոնք թվագրվում են մինչև 5-րդ դար»,— պալատի թվագրության մասին ներկայացրեց աշխատախմբի անդամներից Ա․ Հայրապետյանը։
Հատկապես այս տարվա պեղումների արդյունքը եղել գոհացնող․ հայտնաբերվել է բազիլիկ եկեղեցու հիմքը (ենթադրաբար՝ 4-6-րդ դարեր), սյուների խարիսխներ, աղյուսե հատակ, միջնադարյան ձիթհանի գնդաքար և այլն։
Այս հնավայրում պեղումների արդյունքում շինություններից բացի, հայտնաբերվել են նաև ջնարակապատ խեցեղեն (10-13-րդ դարեր), որոնց մի մասը համապատասխան ուսումնասիրություններից հետո հանձնվել է Կապանի երկրագիտական թանգարանին։
Ի դեպ, հողի շերտը մաքրելիս գտա քարի մի կտոր։ Մասնագետների կողմից գտածոյի հողային շերտը մաքրելուց հետո պարզվեց՝ այն խեցանոթի շուրթի մի փոքրիկ մասնիկ է։
Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները նախ պետք է կարողանալ ճիշտ տարորոշել։ Երբեմն առաջին հայացքից հայտնաբերվածը կարող է թվալ սովորական իր, սակայն պարզվի, որ այն պատմական արժեք ունեցող գտածո է։ Տարբերակելուց հետո այն պարտադիր գրանցվում և պահպանվում է։
Պեղումների ընթացքում արշավախմբի անդամները մեծ ուշադրություն էին դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը։ Կարևոր է, որպեսզի աշխատանքների ընթացքում չվնասվեն շրջապատի կենդանական և բուսական աշխարհը, ինչը, ըստ մասնագետների, աշխատանքում կարևորագույն պահանջներից մեկն է։ Կարևոր է նաև՝ աշխօրն ավարտելուց հետո պեղավայրը հնարավորինս վերադարձնել բնական տեսքին։
Պեղավայրում աշխատանքները դեռևս ավարտված չեն։ Մասնագետները լիահույս են, որ նոր շերտերը նոր բացահայտումների առիթներ դեռ ստեղծելու են։
Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
արձակագիր, մանկավարժ







