Ութամյա դաշնակահարուհու երաժշտական ուղին

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի  2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը Media M.am-ի զրույցում պատմել է սիրելի կոմպոզիտորների, «Grand Prize Virtuoso» միջազգային երաժշտական մրցույթի առաջին կարգի մրցանակի և երազանքների մասին։ 
 
Անին հինգ տարեկանից սկսել է դաշնամուր նվագել։ 
Ծնողները  ցանկանում էին, որ երաժշտական գործիքներից նա թավջութակ ընտրի, սակայն փոքրիկ երաժիշտը առաջարկում է իր տարբերակը.
 
 —Ես  հասկացա, որ դաշնամուրը իմ գործիքն է, և շատ ուրախ եմ այդ ընտրությունից։ Տանը մենք դաշնամուր ունենք, և երկու- երեք տարեկանում դաշնամուր նվագելը իմ օրվա խաղի մի մասն էր կազմում,-ասաց Անին։ 
 
Երաժշտական ստեղծագործությունները ընտրում է Անիի ուսուչուհին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Իրինա Գրիգորյանը։ Ուսուցչուհու մասնագիտական նվիրվածության, քնքուշ վերաբերմունքի և անկեղծ հոգատարության շնորհիվ Անին, ոչ միայն զարգացնում է իր երաժշտական հմտությունները, այլև ձևավորում է սեր և խոր հարաբերություն արվեստի հանդեպ։
Ութամյա  դաշնակահարուհին բազմաթիվ մրցանակներ է ստացել միջազգային մրցույթներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Սերբիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում։ Անդրանիկ մրցույթը եղել է Հայաստանում, զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Առաջին ելույթի հուզմունքը հաղթահարելով՝ այժմ  հեշտությամբ է անցնում ճանապարհը։ Ծափահարությունները և ջերմ խոսքերը ոգեշնչում են Անիին և օգնում են պատվով անցնել բոլոր դժվարությունները։ Փոքրիկ երաժշտին ոգեշնչում են նաև սիրելի  մանկավարժները և դասղեկը։ Նրանք խրախուսում են   Անիի ընտրած ստեղծագործական ուղին և զարգացումը։
Նա շատ պատասխանատու է մոտենում յուրաքանչյուր ստեղծագործության և ցանկանում է հնարավորինս լավ ներկայանալ. 
 
—Սկզբում դաշնամուր նվագելը մի փոքր դժվար էր, մանավանդ միաժամանակ երկու ձեռքերով 
 նվագելը, բայց հետո սովորեցի։ Հիմա լավ է ստացվում, քանի որ շատ եմ պարապում։ Եթե լավ եմ պատրաստված լինում, բեմում չեմ հուզվում,- ասաց փոքրիկ երաժիշտը։
Անին ամեն օր երկուսից երեք ժամ պարապում է՝ անկախ նրանից պատրաստվում են նոր համերգի, թե՛ ոչ։ 
Անիի մայրիկը հիշում է, որ Արամ Խաչատրյանի «Անդանտինո» ստեղծագործությանը պատրաստվելը ամենահուզիչ և պատասխանատուն է եղել Անիի համար.
 
«Ամեն առավոտ մինչ դպրոց գնալը նա կանգնում էր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմացի հուշարձանի առջև և պատմում էր, թե ինչ է սովորել, ինչ դժվարություններ են առաջացել։ Հետո խոսք էր տալիս, որ մյուս դասին ավելի լավ կսովորի»,- ասաց Անի Մելիքյանի մայրիկը՝ Աննան։
 
Փոքրիկ դաշնակահարուհին շատ է լսում այլ երաժիշտների կատարումներ, որոնք  շատ են ոգեշնչում նրան։ Սիրված կոմպոզիտորներից առանձնացրեց՝ Առնո Բաբաջանյանին, Արամ Խաչատրյանին, դաշնակահարներից սիրում է Գլեն Գուլդի կատարումները,  իսկ Կոմիտասի երգերը նրա ամենասիրելիներից են։
Ութամյա երաժշտի  համար ամենակարևորը լավ ներկայանալն է հանդիսատեսին, սակայն հաղթանակները նույնպես կարևորում է, քանի որ ներկայացնում է Հայաստանը աշխարհի տարբեր երկրներում։  
Վերջին համերգի ժամանակ փոքրիկ հայուհին Զալցբուրգում արժանացել է «Grand Prize Virtuoso» միջազգային երաժշտական մրցույթի առաջին կարգի մրցանակի:
Մրցույթը տեղի է ունեցել Մոցարտի ծննդավայրում՝ ավստրիական Զալցբուրգ քաղաքում։ Անին մրցույթին կատարել է հայ ժամանակակից կոմպոզիտոր Արամ Սաթյանի «Բարկարոլլա» ստեղծագործությունը։ 
Աշխարհի տարբեր երկրներից ուղարկված հայտերից ընտրվել են շուրջ  32 մասնակից։ Ժյուրիի քվեարկությամբ գալահամերգին ելույթ են ունեցել առաջին հորիզոնական զբաղեցրած մասնակիցները։
Համերգի բացումը կատարել է գեղեցկուհի հայուհին։
Անին շատ ընկերասեր  է և երբեմն համերգները առիթ են հանդիսանում ստեղծելու նոր ծանոթություններ։
Նրա ամենամեծ երազանքն է զուգերգով  հանդես գալ իր մտերիմ ընկերուհու՝ Սիլվիի հետ։ Նրանք սովորում են նույն դասարանում, նրանց ջերմ ընկերությունը ամրապնդում է նաև երաժշտությունը։ 
Անին ունի նաև այլ նախասիրություններ. սիրում է տարբեր խաղեր խաղալ, գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել և նկարել։
Նա ցանկանում է շարունակել երաժշտական ուղին և ապագայում գնալ հաջորդ երազանքի հետևից։ Բժշկուհի դառնալը  ևս նրա երազանքներից է։ Փոքրիկ երաժիշտը իր հասակակիցներին խորհուրդ է տալիս չվախենալ դժվարություններից   և գնալ իրենց երազանքների հետևից։
 
Զրուցեց  Մերի Բադալյանը
Լուսանկարները՝  Անի Մելիքյանի անձնական արխիվից
 
Scroll to Top