Երաժիշտ, գործիքավորող, «M Project» խմբի հիմնադիր Սպարիկ Սարգսյանը MediaM.am-ի հետ զրույցում պատմել է իր ստեղծագործական ճանապարհի, նախընտրած ոճի և թողարկված երգերի մասին։
—Պարոն Սարգսյան, երաժշտությունը Ձեր կյանքի անբաժան ուղեկիցն է։ Ի՞նչն էր շարժիչ ուժը, որ Ձեզ բերեց դեպի այս ճանապարհը։
—Երաժշտությամբ զբաղվում եմ դեռ մանկուց։ Միշտ եղել է սեր դեպի երաժշտությունը։ Մանկուց նվագել եմ ստեղնաշարային գործիքների, ակորդեոնի վրա։ Ավելի հասուն տարիքում ստեղծագործական ճանապարհը սկսելու առիթ դարձավ «Միներալ ռոք» բենդը։
—Հիշու՞մ եք Ձեր առաջին շփումը ստեղնաշարային գործիքների հետ։ Ի՞նչ զգացողություններ է այն թողել։
—Դա շատ վաղուց էր իհարկե փոքր հասակում։ Միանշանակ հասկացա, որ դա այն է, ինչն իսկապես իմն է:
—Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում երաժշտական ստեղծագործական ճանապարհին։ Ո՞րն է այն ուժը, որ ստիպում է շարունակել ու զարգանալ։
—Մեծ ցանկությունը լավ երաժշտություն արարելու և մատուցելու։ Դա է շարժիչ ուժը։
—Ի՞նչ ոճի երաժշտություն է Ձեզ հոգեհարազատ։ Ո՞ր ժանրերում եք առավել հաճախ ստեղծագործում և կատարում։
—Ինձ հարազատ է new age֊ը, ռոքը։ Երկու ժանրում էլ ստեղծագործական գործունեություն ծավալել եմ։ Այժմ «M Project» խմբում ավելի շատ կոմերցիոն երաժշտություն ենք մատուցում փորձելով պահպանել սիրելի ժանրերից տարրեր։
—Ձեր համար ի՞նչ է երաժշտությունը՝ մասնագիտությո՞ւն, ապրելու եղանակ, թե՞ հոգևոր ապրում։
—Կարծում եմ բոլորը միասին։
—Դուք երկար տարիներ եղել եք «Միներալ ռոք» բենդի երաժիշտներից։ Ինչպե՞ս առաջացավ «M Project» խմբի գաղափարը, և ի՞նչ նոր շունչ բերեց այն խմբի գործունեության մեջ։
— Խումբը «Միներալ»֊ի նախագծերից է։ Ակունքը այնտեղից է գալիս։ Գաղափարը առաջացավ ամիսներ առաջ և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրեց գերել երաժշտասերների սրտերը։ Նոր շունչը մեզ համար հենց կոմերցիոն երաժշտությունն էր։
—«M Project»-ը կարճ ժամանակում ձեռք բերեց իր ունկնդիրը։ Ո՞ր կատարումներն էին, ըստ Ձեզ, առավել սիրված և ոգեշնչող։
—Առավել սիրված կատարումներն են «Beggin/Երջանկության արցունքները», «Լուսնակը»վերջերս ևս երկու քավեր և միքս տարբերակ թողարկեցինք, որոնք նույնպես սիրվեց։
—Ի՞նչ կերպարով եք պատկերացնում ժամանակակից երաժշտությունը։ Ո՞րն է այն ուղերձը, որ ցանկանում եք փոխանցել «M Project»-ի միջոցով։
—Ցանկացած ժամանակաշրջանում ինձ համար կարևոր է երաժշտության որակը։ Անկախ նրանից կոմերցիոն է, թե ոչ, համապատասխանում է ներկայիս չափանիշներին, թե ոչ, առաջնայինը պետք է այն որակյալ լինի և լսելի։
—Հետագայում նախատեսու՞մ եք ընդլայնել Ձեր ստեղծագործական գործունեությունը նաև Հայաստանի սահմաններից դուրս։
—Եթե լինեն դրսից հրավերներ, ինչու ոչ։
—Ի՞նչ նոր նախագծեր ունեք առաջիկայում։
—Առաջիկայում ունենք ևս մեկ հետաքրքիր երգի թողարկում, որի հետ կապված փակագծեր առայժ չեմ բացի։ Ժամանակի ընթացքում ամեն բան կտեսնեք և կլսեք ինքներդ (ժպտում է)։
—Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ երաժիշտներին, ովքեր իրենց ուղին են նոր սկսում։ Ինչի՞ց խուսափեն և ինչի՞ն հաստատակամորեն հետևեն։
—Սկսեն որակյալից, նշաձողը բարձր դնեն և անընդմեջ աշխատեն չկորցնելով իրենց երաժշտական անհատականությունը։
Զրուցեց՝ Մերի Բադալյանը


