Մնաց ութ կիլոմետր

Ճամփորդական նոթեր Վիրահայոց լեռներից

Լոռին գեղարվեստ բնաշխարհ ունի՝ առլեցուն ուրույն ու կախարդական թովչանքով։ Այն ինքնին պոեզիա է, յուրատիպ արձակ՝ հագեցած հեքիաթայինգաղտնախորհուրդ էջերով։ Լոռին ավանդույթ ու առասպել է, «քիչ մը շաշ», բայց հումորից ծնված խոսք ու զրույց է։ Լոռվա մարգագետիները երիզող լեռները վեհ են ու կանչող։ Գագաթներին վեր խոյացող ավերված՝ նաևկանգուն բերդերն ու պատմամշակութային կոթողները պատմական էջեր կերտելուց զատ՝հարստացել են նաև իրենց շուրջը հորինված բազում ավանդույթներով ու զրույցներով, որոնց մասին լոռեցիները (ու ոչ միայն) պատմում են չտեսնված հետաքրքրությամբ։ 

Հայաստան- Վրաստան սահմանապահ Վիրահայոց լեռները կանաչազարդ են, շատ հատվածներում՝ անտառապատ։ Ձգվում են մոտ 73 կիլոմետր։ Ամենաբարձր կետը Լալվարն է՝ 2544 մետր բարձրությամբ։Վիրահայոց լեռներ հասնելու համար պետք է անցնեինք Շամլուղ և Բենդիկ գյուղերի միջով։ 1996 թվականից վարչատարածքային փոփոխությունների պատճառով նախկին Շամլուղ ավանը դասվել է քաղաքների շարքին։ Շամլուղն ինձ շատ տխուր ու թևաթափ թվաց։ Ի տարբերություն Լոռվա մյուս բնակավայրերի՝այստեղ հանքարդյունաբերության պատճառով բնությունը կորցրել է իր երբեմնի փարթամությունն ու հմայքը։

Արդյունաբերողները վերցնելով հանքերի թանկարժեք ավարը՝ բնությանը վերադարձրել են թափոնների անսպառ կուտակումներ՝ քաղաքին հաղորդելով անգույն ու մռայլ պատկերներ։Պատմում են, որ Շմլուղը ժամանակին եվր ոպացի բնակիչներ էլ է ունեցել, ինչը նպաստել է բնակավայրի սոցիալական, կրթական- մշակութային կյանքի մեծ առաջընթացին։ Ունեցել է մշակութային պալատ, գրադարան, հիվանդանոց ու դպրոց,մանկապարտեզներ, ավտոմատ հեռախոսակայան ու անգամ՝ դիսկոտեկ։ Հուսանք՝ ներկայիս Շամլուղը նորից կապրի իր երբեմնի փարթամ ու բարեկեցիկ կյանքը՝ արժանանալով քաղաքին վայել իր այսօրվա կոչմանը։

Առաջ ենք շարժվում, հասնում հունական Բենդիկ գյուղը։ Հեռվից նշմարվում է քայքայված տանիք-պատերով գյուղի եկեղեցին։ Ներս ենք մտնում։ Եկեղեցին իսկապես ծեր էր շատ, բայց պատերի ներսում մի տեսակ կենդանի շունչ էր զգացվում։ Տարբերվում էր հայկական եկեղեցիներից, խորանը շատ ցածր էր, սյունների փոխարեն պատեր էին՝ բնորոշ քաղկեդոնական եկեղեցիներին։ Տներից մեկի բակում մարդիկ կային, ինձ ներս գցեցի։ Տեսակապը միացված էր։ Հունաստանից տանտիրոջ՝ պարոն Ժորայի քույրն էր միացել։ Տիկինն ուրախացավ ինձ իրենց օջախում տեսնելով։ Հասցրեց եղբորից մի քանի բան պատմել։ Պարզվում է՝ պարոն Ժորան երկար տարիներ հանքերում է աշխատել, արժանացել աշխատանքային բարձրպարգևների։ Համառորեն մնացել ու ապրում է իր համար հայրենիք դարձած հարազատ Բենդիկում։ Եկող տարի Ժորա պապիկի իննսուն ամյակն է։ Ծննդյան տոնին մասնակցելու պաշտոնական հրավերի այցին հավատարիմ մնալով՝ մի քանի լուսանկար ու տանտերերի ջերմ վերաբերմունքը հետս վերցնելով՝ հեռացա հայաբնակ հունացիների ջերմ ու տաքուկ օջախից։ 

Մեր խումբն արդեն առաջ էր շարժվել։ Թեպետ հեռվից լսվում էր նրանց ուրախ խոսք ու զրույցի ելևէջները, բայց ձայնի օգնությամբ չկարողացա գտնել խմբիս ու մոլորվեցի։ Սա երևի թե իմ կյանքի միակ դեպքն էր, երբ վախ չապրեցի, թվաց՝ իմ հայրենի գյուղում եմ, ճիշտ մեր տանը։ Կողքս մարդիկ խմբվեցին, հասկացան, օտար եմ, այն էլ՝ մոլորված։ Ամեն մեկը համոզում էր իր տունգնամ, իրենց հյուրը դառնամ։  Ինձ շրջապատող բենդիկցիները մեկեն լռեցին՝ տեսնելով հեռվից մոտեցող մեր խմբին ուղեկցող պարոն Հրայրին, ում տեղացիներից մեկն անմիջապես ճանաչեց։

-Հրա՛յր բիձիկ,  մենք էլ մտածեցինք՝ գալ չեք ու ղոնաղին տուններուս կտանենք։ 

Ի դեպ, «բիձիկ» բառը «բիձա» բառի փաղաքշական ձևը չէ, ինչպես այդ պահին  եզրակացրի ես, այսպեսլոռեցիները դիմում եմ  հորեղբայրներից ամենասիրելիին։ Հրաժեշտ տալով բենդիկցիներին, գրեթե վազելով՝փորձեցինք միանալ խմբին։ Զառիվեր էինք բարձրանում, դժվար էր ճանապարհը։ Մացառն ու ծառերի ճյուղերի ագույցները խոչընդոտ էին դառնում մեր առաջ շարժվելուն՝ նույնիսկ տեղ-տեղ դարձնելով անանցանելի։ Տեսարանը չնաշխարհիկ էր, վայելելու ու լուսանկարելու պատկերները բազում ու բազմապիսի, ժամանակը՝ սակավ։ Հրայր բիձիկն արագացնում էր,  ես կանգ էի առնում ու փեշս լցնումսնկի սպիտակ ու փարթամ գլխիկները, ծառերից պոկում ու կծոտում էի դեռ անհաս, բայց շատ համեղտանձն ու խնձորը, սաթից էլ սև, մեղրից էլ քաղցր վայրի մոռն ու մոշը ու ամեն կանգառին կորցնում վերելքիս օգնող  ճամփորդական ձեռքնափայտը։ Հրայրը ծառից ծառ թռչելով՝ իմ համար հոնի բարալիկ ճյուղերից բիր էր կտրում, փայտի ծայրով ցույց տալիս մոշի փարթամ թփերը, ծառի ճյուղերի միջից նայում իմ հիացական դեմքին ու թե․

-Իմացած էլի, Լոռվա  սարերըմ օչով սոված մնալ չի։

Հասանք խմբին։ Կկվի բույն բերդ հասնելու բարձունքի մի մասը հաղթահարելով՝ մերոնք կաղնու ու հացենիների ստվերի տակ թիկն էին տվել։ Իմ մեղքով ես ու Հրայր բիձիկը հանգստի ժամանակ չունեցանք, տեսնելու դեռ շատ բան ունեինք, առաջ շարժվել էր պետք։ Արևն այրող էր ու կիզիչ։ Մեր ուսապարկի ջրերը գրեթե եռում էին, ծարավն անհագ էր մնում։ Շատերը սկսեցին տրտնջալ, ու մեկը մյուսին չլսելով՝ խմբավարին նույն հարցն էին տալիս․

-Ինչքա՞ն մնաց։

Խմբավարն էլ թե․

-Մնաց ութ կլիմետր։

Վերջապես մեր առջև բացվեց մի ընդարձակ ու կանաչ հարթավայր։ Ձիերի երամակը վայելում էր փարթամ ու հյութեղ խոտը։ Ինքնաբուխ,  սառնորակաղբյուրի կողքին Հրայրը մեզ հանգստի մի քանի րոպե տվեց։ Բնապատկերն աննման էր, ա՛յ թե նկարիչ լինեի։  Դարիվերը հաղթահարելով՝ վերջապես հասանք ու բարձրացանք երկար սպասված Կկվի բույն բերդը։ Պատմում են՝ Թումանյանը Թիֆլիսից Դսեղ գալու ճանապարհին գիշերն անցկացնում է Վիրահայոց լեռներում։ Նստած ձորի պռնկին, տարված բնության խորհրդավորությամբ` բերդի կողմից հանկարծ ականջին է հասնում կկվի անվերջանալի ձայնը։ Ուհենց այդտեղ էլ մեծն Լոռեցին թղթին է տալիս բոլորիս սիրելի «Չարի վերջը» չափածո հեքիաթը։ Կկվի բույն բերդի մասին տեղեկություններ չեն պահպանվել կամ՝ շատ քիչ։ Բերդն իր անունը՝տեղանքում շատ կկուներ լինելու պատճառով էայդպես ստացել։ Ենթադրվում է, որ բերդը ծառայել է Դեբեդի հովիտը հսկելու համար՝ որպես դիտակետ։ Այսինքն, ըստ մեր բանախոսի, բերդի գլխին վառվող կրակի միջոցով թշնամու շարժի մասին տեղեկություններ հաղորդելն է եղել բերդը կառուցելու նպատակը։  Կկվի բույն ամրոցն իսկապես դիտակետ էր․ դիմացդ փռված էր Գուգարաց լեռները, մի կողմից երևում էրՇնողի Կայծոն բերդը, դեպի ձախ՝ Լենկ-Թեմուրի բերդը, ուշադիր դիտելիս կարելի էր նշմարել անգամԱթոռիկ ու Կայան բերդերը, Գադուկի քարանձավային ամրոցը։ Ա՛յ քեզ իսկական թանգարան։ Իսկապես այս ամենը խոսում է դարերի խորքից եկած հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի փայլուն նվաճումների մասին։ Օրվա մեծ մասն անցել էր։ Ցավոք, այս ամենը երկար վայելել չէինք կարող, մինչ մութ ընկնելը պետք է հասնեինք «Ապրոյի գոմերը»։ Խմբավարը նորից ու նորից հիշեցնում էր սպասվելիք անձրևի մասին, առեղծվածային ու անհազդու պատմություններպատմում անտառի կայծակ- ամպրոպի վտանգից։ Ներքին հույս էինք փայփայել, որ զառիթափը՝ շեշտակի իջնող թեքության պատճառով ավելի հեշտ կլինի, քան բարձունքն էր։ Այդպես չէր։ Գուցե և վայրէջքը վերելքից էլ դժվար էր, կամ՝ մենք էինք շատ հոգնած։ Ես անձայն էի կրում դժվարությունները։ Հոգիս ուրախությունից թևածում էր կուսական, նաև՝ խիստ առանական բնության հեռուները։ Հեռվից լսվեց աղջիկներից մեկի ձայնը․

-Խնդրում եմ, էս անգամ անկեղծ ասեք՝ ինչքա՞ն մնաց։

Բոլորս ծիծաղեցինք, խմբավարն էլի նույն հանգստությամբ կրկնեց․

-Մնաց ութ կիլոմետր։

Սկսեց բարակ անձրև մաղել, մութն էլ իր նոսր շղարշը փռեց։ Հասանք Ապրոյի գոմեր գյուղատեղին։ Դիտելով արդեն ավերակ դարձած գյուղի միակ բնակչի՝ Ապրիհամ Աղաբաբյանի տան ու գոմերի ավերակները, համտեսելով Ապրոյի անունը կրող աղբյուրի սառնորակ ու համեղ ջուրը՝ առաջ շարժվեցինք՝ չհասցնելով տեսնել  գյուղի նախնադարյան դոլմեն, մինհիրները, միջնադարյան գերեզմանատունը։ Արդեն վերջ։ Ուղևորությունն ավարտված էր։ Հաղթահարեցինք ճիշտ և ճիշտ տասնինը կիլոմետր։ Դեբեդի շարժվող կամրջին էինք հասել։ Արդեն երևում էր երկաթուղու գծերը՝ կողքին կանգնած մեր մեքենան։ Նայեցի խմբավարին։ Դեմքին հոգնությունից առավել՝ հանգստություն կար։ Բազում ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ կարողացավ մեզ՝ ուխտավորներիս անվտանգ ու ապահով տեղ հասցնել։ Ժպտացի, շուռ եկա ու․ 

-Չե՞ք ասի, ինչքա՞ն մնաց, որ տեղ հասնենք։

Խմբավարը կամացուկ սրբեց ճակատին թափվող անձրևի կաթիլները, քթի տակ ժպտաց, ինքն էլ շուռ եկավ, նայեց մեր մեքենային ու թե․

-Ա՛յ հիմա բան չմնաց, ճիշտ և ճիշտ ութ կիլոմետր․․․

 

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

արձակագիր, մանկավարժ

 

 

Scroll to Top