Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայի՛ր. Շառլ Ազնավուր

  Ինձ տվեցին     

          Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայի՛ր,

Նայեցի, բայց կյանքում ոչինչ ես չտեսա:

Ինձ տվեցին մի սիրտ և ասացին՝ պահի՛ր,

Պահեցի, բայց մի օր, ա ՜հ, կորցըրի ես այն:

Ինձ տվեցին սերը, որ լոկ բերեց կսկիծ,

Քանզի նա էլ մեկնեց, երբ հավատս հանգավ:

Ինձ տվեցին մարմին, բայց կորցըրի ես ինձ

Եվ մարմինս տվի օտարների՛ն անգամ:

Ինձ տվեցին, ինձ տվեցին, այնքա ՜ն…

 

Ինձ տվեցին երազ, որ գիշերս չզգամ,

Բայց երազս դարձավ մղձավանջ ու տանջանք:

Ինձ տվեցին շուրթներ, որ շշնջան միայն,

Սակայն անհույս բառեր լոկ ասացին նրանք:

Ինձ տվեցին արցունք, որ լամ վիշտ ու խնդում,

Բայց չեմ լալիս – սիրտս սիրտ է անսի՛րտ մարդու:

Ինձ տվեցին նաև մի խիղճ, բայց իմ սրտում

Ես չեմ լսում երբեք նրա ձայնը հեռու:

Ինձ տվեցին, ինձ տվեցին, ինչո՞ւ…

 

Ինձ տվեցին գրքեր, որ ես կարդամ կյանքում,

Սակայն դեռ բաց չարած՝ ես այրեցի դրանք:

Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,

Բայց ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրած:

Ինձ տվեցին հոգի, որ ես պահեմ անեղծ,

Բայց մատնեցի դևի՛ն ես իմ հոգին մաքուր,

Ինձ տվեցին կյանքը, որ կիրակի անեմ

Բայց վատնեցի կյանքս և չգիտեմ, թե ո ՜ւր…

Ինձ տվեցին, ինձ տվեցին, իզո ՜ւր:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Թարգմանությունը՝ Աբրահամ Ալիքյանի

 

 

Scroll to Top