Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը Media M.am-ի հետ զրույցում խոսել է «Գլաձորի համալսարանի պատմությունից» գրքի, հետազոտական աշխատանքների, նոր բացահայտումների և Գլաձորի թանգարանում կայանալիք գիտաժողովի մասին։
_Պարոն Մաթևոսյան, լույս է տեսել Ձեր «Գլաձորի համալսարանի պատմությունից» գիրքը, որը նվիրված է համալսարանի 740- ամյակին։ Ե՞րբ եք սկսել հետազոտական աշխատանքները և ինչքա՞ն ժամանակ է պահանջվել։
_Գլաձորի համալսարանը Վայոց ձորի նշանավոր կրթամշակութային կենտրոններից էր, որը համահայկական նշանակություն է ունեցել։ Ես Վայոց ձորի պատմության և մշակույթի հարցերով, մասնավորապես Մոմիկի արվեստով, Նորավանքի պատմությամբ ու վիմագրերով, սկսել եմ զբաղվել են 2000-ական թվականների սկզբից, հրատարակել եմ հոդվածներ և գրքեր։ Վերջին 3-4 տարում ավելի շատ կենտրնացել եմ գլաձորյան թեմայի վրա, քանի որ պատմական և ձեռագրական մի շարք նոր տվյալների ու հանգամանքների ի հայտ գալու շնորհիվ հնարավոր դարձավ նոր խոսք ասել այս նյութի վերաբերյալ։
_Ո՞րն է եղել հիմնական դրդապատճառը անդրադառնալու Գլաձորի համալսարանի պատմությանը։ Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։
_Ինչպես հայտնի է, միջնադարում այնքան մեծ հռչակ վայելած Գլաձորի համալսարանի ստույգ տեղը ցայժմ անհայտ է։ Այս գրքում քննվում են աղբյուրագիտական հայտնի տվյալները, հարակից նյութեր և կատարվում է որոշակի ուղղորդում, որով ընթանալու դեպքում, կարծում եմ հնարավոր է, որ վերջապես լուծում ստանա հայագիտության մեջ անորոշ մնացած այդ հարցը։ Մասնավորապես, ցույց է տրվում, որ Գլաձորի վանքը Հերմոնի վանքից շատ հեռու չի գտնվել։ Հետազոտական ժամանակակից միջոցներ օգտագործելով , կարծում եմ հնարավոր կլինի գտնել այդ վանքի տեղը, որը լքվել է 1338 թվականին։ Գրքում ի մի են բերվում Գլաձորի մասին ցայժմ հայտնի պատմատեղագրական բոլոր տվյալները, որը թույլ է տալիս տեսնել, թե ե՞րբ և ի՞նչ անուններով է հիշատակվում վանքը՝ Աղբերց վանք կամ Գլաձոր (կամ երկուսը միասին), որո՞նք են այստեղ հիշատակվող եկեղեցիները, ինչպիսի՞ լրացուցիչ բնութագրումներ են տրվում վանքին ու կրթարանին և այլն։ Գրքում անդրադարձել եմ Գլաձորի համալսարանի պատմության և մշակութային ժառանգության այն հարցերին, որոնք նախկինում բավականաչափ ուսումնասիրված չեն եղել։ Աղբյուրները հիմնականում Գլաձորում գրված ձեռագրերի հիշատակարաններն են, մասամբ նաև վիմագրական և հարակից նյութեր։
_Պարոն Մաթևոսյան, գրքում անդրադարձել եք նաև Վայոց ձորի երեք նշանավոր վանական և ուսումնական կենտրոններին։ Ի՞նչ առնչություն են ունեցել Գլաձորի համալսարանի հետ։
_Գրքում առաջին անգամ ներկայացվում են Գլաձորի առնչությունները Վայոց ձորի երեք նշանավոր վանական և ուսումնական կենտրոնների՝ Վերին Նորավանքի, Հերմոնի վանքի և եպիսկոպոսանիստ Նորավանքի հետ։ Առաջին երկուսը համարվել են Գլաձորից ծագած ուսումնական կենտրոններ, սակայն փաստերը ցույց են տալիս, որ Օրբելյանների հովանավորությամբ գործող Վերին Նորավանքի դպրոցը՝ Դավիթ րաբունապետի գլխավորությամբ, ձևավորվել է դեռ 1290-ական թվականներին՝ հետագայում գործունեություն ծավալելով Գլաձորի համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։ Վերին Նորավանքը, որն ինչպես վերջերս պարզվեց անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանի շնորհիվ, Վայոց ձորի հայտնի Շատիկ վանքն է։ Գլաձորը անմիջական և շատ սերտ կապեր է ունեցել Հերմոնի վանքի հետ՝ մինչև համալսարանի այնտեղ տեղափոխվելը (1338 թ.)։ Ուսուցչապետ Եսայի Նչեցին հավանաբար որոշ ժամանակ այստեղ է հաստատված եղել, ինչը երևում է 1323 թ. այստեղ գրված մի ձեռագրի և մի քանի այլ հիշատակարաններից։ Իսկ եպիսկոպոսանիստ Նորավանքում գահակալած երեք մետրոպոլիտները՝ մեծանուն Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, ինչպես նաև այստեղ բնակված՝ Օրբելյանների տան ճարտարապետ Մոմիկը, եղել են Գլաձորի համալսարանի շրջանավարտներ։
_Ինչպե՞ս է հաջողվել համեմատաբար փոքր գավառում ստեղծել տարբեր մշակութային կենտրոններ։ Ովքե՞ր են եղել հովանավորները և ժամանակի մտավորականները։
_Կարևոր է նշել, որ այս շրջանում Սյունիքում տիրապետող Օրբելյան և Պռոշյան իշխաններն ընդունելով մոնղոլների գերիշխանությունը և զինվորական ծառայության մտնելով նրանց մոտ, կարողացան իրենց տիրույթները զերծ պահել ավերածություններից, որի շնորհիվ այստեղ ծաղկում ապրեց մշակույթը, ճարտարապետությունն ու գրքարվեստը։ Գլաձորի համալսարանի հիմնադիր Ներսես Մշեցին իր աշակերտների հետ 1282 թ. Վայոց ձոր է եկել Մշո Աշաքելոց վանքից և Պռոշյան իշխաններից բնակության տեղ ստացել Աղբերց վանքը։ Երկու տարի անց՝ նրա մահից հետո, համալսարանի ուսուցչապետ է դարձել Եսայի Նչեցին, որը ծնունդով Սասունի Նիչ գյուղից էր։ Համալսարանը, որն առաջին հերթին աստվածաբանական կրթություն էր տալիս, կարճ ժամանակում մեծ հռչակ է ստացել և այստեղ ուսանելու էին գալիս անգամ հեռավոր Կիլիկիայից։ Հիշատակարաններում համալսարանը երբեմն կոչվում է «երկրորդ Աթենք պանծալի», հավանաբար այն պատճառով, որ Ներսես Մշեցին և Եսայի Նչեցին նաև հունական դպրության քաջագիտակ մարդիկ էին։ Համալսարանն ուներ երկու լսարան՝ քահանայական և վարդապետական: Վարդապետական ծրագիրն ընդգրկում էր հոգևոր և աշխարհիկ կրթություն, ուսանողները 7–8 տարիների ընթացքում, աստվածաբանություն սովորելուց բացի, տիրապետել «արտաքին», այսինքն` աշխարհիկ գիտություններին և արվեստներին: Գլաձորի գործունեությունը խթանում է մշակութային կյանքը և գրչության գործը գավառի նաև մյուս վանքերում։ Օրբելյան իշխանները նույնպես մեծ ավանդ են ունեցել համալսարանի բարգավաճման գործում։
_Գլաձորի համալսարանի մանրանկարչության դպրոցը տարբերվում է իր ինքնատիպությամբ։ Խոսենք անվանի մանրանկարիչների մասին։
_Գլաձորում ստեղծագործող արվեստագետներ Պողոս Կիլիկեցին, Մոմիկը, Թորոս Տարոնացին, Թորոս Սարկավագը, Ավագը, ընդհանրացնելով տեղական և կիլիկյան հայ մանրանկարչության հարուստ փորձը, կարողացան հասնել նոր որակի և մեծ ներդրում ունեցան Մեծ Հայքի գրքարվեստի զարգացման ասպարեզում: Այս հեղինակներից Մոմիկը ոչ միայն գրիչ և մանրանկարիչ, այլև շնորհալի ճարտարապետ ու քանդակագործ էր: Ի դեպ, հավանաբար ոչ միայն Մոմիկն էր մանրանկարիչ և ճարտարապետ, այլև Գլաձորի մեկ այլ տաղանդավոր շրջանավարտ՝ Ավագը։ Իսկ Թորոս Տարոնացուց, որը ծնունդով Մուշից էր, հայտնի են շուրջ երկու տասնյակ նկարազարդ մատյաններ, որոնք գրքարվեստի փայլուն նմուշներ են։ Բացի ավետարանական նկարազարդումներից Թորոս Տարոնացին պատկերել է նաև Գլաձորի ուսուցչապետներ Ներսես Մշեցուն և Եսայի Նչեցուն, թողել է նաև իր ինքնանկարը։ Իսկ նրա անվանակից Թորոս Սարկավագը ստեղծել է մի բացառիկ խմբանկար, որի վերին մասում պատկերված է Եսայի Նչեցին, նրանից ներքև՝ պտղակալած նռնենու երկու կողմում Գլաձորի համալսարանի ուսուցիչներն ու սաները (ընդհանուր՝ 44 անձ)։ Մանրանկարի կենտրոնում պատկերված մի ուսանող ներկայացնում է իր ավարտական ատենախոսությունը։ Այս մանրանկարը բացառիկ արժեք ունի թե՛ որպես գեղարվեստական ստեղծագործություն, թե՛ իբրև պատմական վավերագիր։ Ի դեպ, նկարում կենտրոնական դիրքում գրավող նռնենին՝ որպես իմաստության ծառ, հավանաբար խորհրդանշում է Գլաձորի համալսարանը։ Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով մանրանկարի այդ հատվածը զետեղել ենք մեր գրքի կազմի վրա։
_Ո՞րն է Ձեզ համար ամենանսպասելի և շատ ուրախացնող բացահայտումը։
_Գիտակահետազոտական աշխատանքն, ընդհանրապես, հենց նրանով է հետաքրքիր, որ շարունակական բացահայտումների մի շղթա է։ Հենց վերը նշված խմբանկար-մանրանկարի համակողմանի վերլուծությունը առաջին անգամ տրվում է սույն աշխատության մեջ։ Նորությունները կարող են լինել ամենատարբեր հարցերի առնչությամբ։ Օրինակ, հայտնի է, որ Ստեփանոս Օրբելյանը Եսայի Նչեցուն պատվիրել և ստացել է Եզեկիել մարգարեի տեսիլքի մեկնությունը և այդ առիթով են նրանք իրար նամակներ գրել։ Այդ երկը պարունակող հնագույն ձեռագրերից մեկը ձեռագրացուցակում համարվում է 14-րդ դարի մատյան, գրիչը՝ Հովհաննես, ստացողը՝ Ստեփանոս։ Մեր հետազոտության արդյունքում հնարավոր եղավ պարզել, որ ձեռագրի գրիչը՝ Եսայի Նչեցու սան Հովհաննես Երզնկացին է, ստացող՝ Ստեփանոս Օրբելյանը, և որ ձեռագիրը գրվել է 1303 թվականին։ Հետաքրքիր էր նաև 1323 թ. Եսայի Նչեցու ստացած Ավետարանի ուսումնասիրությունը, որի հիշատակարանում ջնջված էր ձեռագրի նվիրատվության վայրի անունը։ Համապատասխան քննությունը ցույց տվեց, որ այդ վանքի հետագայում ջնջված անունը Հերմոնն է եղել։ Ավելի զարմանալի էր Եսայի Նչեցու գրած հիշատակարանում մի հայտնի արտահայտության վերջում եղած՝ դարձյալ ջնջված մի բառի բացահայտումը։ Այդ հատվածը, որը քաջ հայտնի է Գլաձորի հետազոտողներին, հետևյալն է. «Բայց տեղի գրութեան սորա եղև ի գաւառիս Սիւնեաց, ի նեղ և յանձուկ աւթեվանիս»։ Այս խոսքերը մեկնաբանվել են, որպես Գլաձորի վանքի նեղ պայմանները մասին ակնարկ։ Հիշատակարանի մանրակրկիտ ուսումնասիրության ժամանակ զարմանքով նկատեցի, որ այդ նախադասությունը վերջում ունեցել է ևս մեկ բառ, որը, հավանաբար, հեղինակն է ջնջել։ Ամբողջականը հետևյալն է՝ «Բայց տեղի գրութեան սորա եղեւ ի գաւառիս Սիւնեաց, ի նեղ և յանձուկ աւթեվանիս Հերմոնի»։ Ինչպես տեսնում ենք, այստեղ դարձյալ Հերմոնի վանքի անունն է, որն ինչ-որ պատճառով ջնջվել է։ Հավանաբար 1323 թ. Եսայի Նչեցին ժամանակավորապես բնակվել է Հերմոնի վանքում։ Հետաքրքրական արձանագրում էր այն, որ Գլաձորում է ուսանել Ֆրիկը, որը մեր միջնադարյան գրականության մեջ սոցիալական սուր բովանդակությամբ գործեր գրած ամենահայտնի բանաստեղծն է։ Ժամանակին այս մասին ենթադրել է Գարեգին Հովսեփյանը, հիմք ընդունելով Ֆրիկի գործերից մեկի վերնագրում եղած նշումը, թե նա այն գրել է «ի վանս բանասիրաց»։ Մենք տարբեր աղբյուրներից մեջբերեցինք մի շարք վկայություններ, որոնք հաստատում են, որ Բանասիրաց վանքն իրոք Գլաձորն է։ Այս գիրքը կարելի է համարել Գլաձորի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրության բնագավառում կատարված մի հերթական քայլ։ Սակայն զուտ հետազոտական, գիտական նպատակներից բացի՝ այս հրատարակությամբ ցանկացել եմ թարմացնել հետաքրքրությունը Գլաձորի նկատմամբ և նրա տեղի հայտնաբերման ուղղությամբ որոնումներին նոր լիցք հաղորդել։ Եթե այն հաջողությամբ պսակվի, ապա դա իրոք մեծ հայտնագործում կլինի։
_Պարոն Մաթևոսյան, գրքում անդրադարձել եք նաև Գլաձորի՝ «առօրեականության պատմությանը» այդտեղ բնակված, աշխատած, ուսանած մարդկանց կյանքին և կենցաղին։ Ըստ Ձեր ուսումնասիրությունների ինչո՞վ է տարբեր կամ նման երկու տարբեր ժամանակաշրջանների հայը։
_Այսպես կոչված «առօրեականության պատմությունը» արդի պատմագրության զարգացող ճյուղերից է, որն ուսումնասիրում է սովորական մարդկանց կյանքի ու կենցաղի մասին պատմությունները կամ հայտնիների կենսագրության՝ առօրեական, կենցաղային հարաբերություններն ու հոգեբանական կողմերը։ Այս ոլորտի համար աղբյուր են հանդիսանում զանազան տեքստերը՝ պատմիչների երկերը, տարբեր կարգի գրություններն ու փաստաթղթերը, նամակները, ձեռագրերի հիշատակարանները, վիմագրերը և այլն։ Գլաձորի ձեռագրերի հիշատակարաններում և մանր հիշատակագրություններում պահպանվել են առօրեականության պատմության ուշագրավ դրվագներ, որոնք վանական և կրթամշակութային կյանքի ու կենցաղի, նաև ձեռագրերի ստեղծման գործի հետաքրքիր մանրամասներ են պարունակում։ Դրանք լրացվում են նաև գլաձորյան ձեռագրերում պահպանված որոշ պատկերներով։ Այս բաժնում ներկայացվում են մի շարք հիշատակարաններ, որոնցից մեկը պատկանում է Մխիթար Երզնկացուն։ Վերջինս չափածո մի գրության մեջ դժգոհում է Գլաձորի դժվար պայմաններից, գրանյութերի պակասից, ցրտից և այլն։ Օրինակ, գրում է. «Աւուրքըս ցուրտ ու պարզկա, Չարտախս բարձր ու կրակ չկայ»։ Այս տողից կարելի է ենթադրել, որ հավանաբար Երզնկացին իր մատյանը գրել է ձմռանը, երբ լեռնային բարձրադիր վանքում ցուրտ էր լինում հատկապես պարզկա գիշերներին։ Հետաքրքրական է «Չարտախս բարձր» արտահայտությունը։ Մխիթար Երզնկացին այս խոսքերով ակամա արձանագրել է, որ ինքը ցածր ծածկով խցում չի բնակվել, այլ որ իր կացարանը երդիկավոր բարձր առաստաղ է ունեցել։ Այնուհետև նա գրում է. «Դոներս չոր ու սպաս չկայ»։ Դոնը չորացված հացն է, իսկ «սպասի» օգտագործումն այստեղ, որպես թանապուրի համարժեք, կարծում ենք այդ բառի ամենավաղ կիրառություններից է։ Սպասը կամ թանապուրն անհրաժեշտ էր չոր հացը նրա մեջ բրդելու և հեշտ ուտելու համար, այլապես ստիպված պիտի լինեին բավարարվելու հացով ու ջրով։ Հեղինակը խոսքն ամփոփում է զարմացական բացականչությամբ՝ «Եւ այս Գլաձորն ո՞վ գիտենայ», այսինքն՝ ո՞վ կմտածեր, որ այսպիսի բան կլիներ Գլաձորում։ Որոշ հիշատակագրություններ հումորային բնույթ ունեն։ Օրինակ, Սիմեոն գրչի մի կարճ գրառումը թույլ է տալիս ենթադրել, որ Եսայի Նչեցին նրան դիտողություն է արել, որ մանր տառերով գրի՝ թերևս թղթի խնայողության նպատակով։ Սիմեոնն էլ՝ հնարավորինս մանրատառ է ընդօրինակել մատյանը և էջի լուսանցքում գրել՝ «Մանր կու ուզես՝ կարդա» (այսինքն, մանր ես ուզում՝ դե կարդա)։ Գրքի այս բաժնում ներկայացվում է նաև մի մանրանկար, որտեղ պատկերված են 1318 թ. Գլաձորում գրված ձեռագրի աշխարհական ստացողներ Գրիգորեսն ու նրա կին Մամախաթունը՝ յուրահատուկ հագուկապով։ Այս մանրանկարը գեղարվեստական արժեքից բացի, նաև տվյալ ժամանակաշրջանում Վայոց ձորում ապրած ունևոր խավի մարդկանց տարազը ներկայացնող ուշագրավ նմուշ է։ Ի դեպ, այդ պատկերը, որը գտնվում է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում պահվող մի ձեռագրում, գունավոր վերատպությամբ հրատարակվում է առաջին անգամ։ Ինչ վերաբերում է տարբեր ժամանակներում ապրած հային, ապա կարծում եմ, որ հիմնական տարբերությունը տվյալ ժամանակին հատուկ կենցաղի և աշխարհընկալման մեջ է, իսկ հոգեկերտվածքի ու խառնվածքի առումով տարբերություններն աննշան են։
_Ո՞ւմ համար է նախատեսված գիրքը։
_Գիրքն առաջին հերթին նախատեսված է միջնադարյան Հայոց պատմությամբ, մշակույթով, գիտակրթական գործի ու արվեստի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների համար։ Սակայն այն մատչելի կլինի նաև մշակութասեր ընթերցող լայն հասարակայնությանը։ Գործընկերներիցս շատերն են հավաստել, որ շարադրման իմ ոճը հանրամատչելի է և անգամ գիտական խրթին թվացող հարցերը ներկայացվում են պարզ ու հասկանալի եղանակով։ Ավելացնեմ, որ այս տարի Վայոց ձորում նախատեսվում է նշել Գլաձորի համալսարանի 740-ամյակը։ Առաջիկա ապրիլի 18-ին Գլաձորի թանգարանում տեղի է ունենալու «Օրբելյան իշխանական տունը Հայաստանի պատմության մեջ» խորագրով գիտաժողովը, որի ավարտին մասնակիցներին կներկայացնեմ նաև իմ սույն աշխատությունը։ Գիրքը հասանելի է նաև թվային տարբերակով։ Այն տեղադրված է համացանցում կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://armenianart.org/books/Gladzor.pdf
Զրուցեց՝ Մերի Բադալյանը






