«Հայաստանի նկարիչների միության անդամ», բազմաթիվ նկարների և գրաֆիկական աշխատանքների հեղինակ, նկարչուհի Աննա Ադիյանը MediaM.am-ի հետ զրույցում պատմել է իր խորհրդավոր հերոսների, ստեղծագործական ուղու, նախասիրությունների և ցուցահանդեսների մասին։ Նկարչուհին ՅՈւՆԵՍԿՕ-ի գրաֆիկական նկարիչների միջազգային միության, ինչպես նաև Ռուսաստանի նկարիչների միության անդամ է։ Աննա Ադիյանը ցուցահանդեսներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։
Նկարչուհի Աննա Ադիյանը իր կտավների միջոցով ցանկանում է փոխանցել գեղեցկություն, բարություն և ներդաշնակություն։ Վրձինն ու գույնը նախադպրոցական տարիքից եղել են նրա անբաժան ուղեկիցները.
«Իմ նկարած նկարները այնքան շատ էին մանկապարտեզում, որ ուսուցիչները որոշեցին փակցնել նախասրահում։ Այն իմ առաջին ցուցահանդեսն էր»,— հիշում է նկարչուհին։
Գեղանկարչուհին ծնվել է Մինսկում, որից հետո տեղափոխվել են Երևան։ Սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Նա համոզված է, որ նկարիչ ծնվում են և նկարելը համարում է իր էության անբաժան մասը.
— Նույնիսկ երբ չեմ նկարում, անընդհատ մտածում եմ նկարի մասին, անգամ մտքումս եմ նկարում։ Ինձ կարող են ոգեշնչել՝ ծառի վրայի տերևը, շենքի ստվերը, հետաքրքիր հագուստով գեղեցիկ աղջիկը։ Յուրաքանչյուր նկարիչ իր ձեռագիրն ունի։ Ես աշխատում եմ բազմաթիվ նյութերով՝ յուղաներկով, ակրիլային ներկերով, ջրաներկով, թանաքով, երբեմն օգտագործում եմ նաև գելային գունավոր գրիչներ և տարբեր այլ նյութեր-, ասաց տիկին Աննան։
Նկարչուհին արվեստի գոյությունը շատ է կարևորում, առանց որի չի պատկերացնում մարդկության առաջընթացը.
_ Ոչ մի բան չի մնում պատմությունից՝ բացի արվեստի գործերից։ Արվեստի գործերը պատմության լուռ վկաներն են, որոնք փոխանցում են գալիք սերունդներին հազարամյա պատմությունը,— ավելացրեց գեղանկարիչը։
Նա շատ նկարիչների ազդեցությունն է զգում իր աշխատանքներում։ Ռեմբրանդտից միչև Սեզան, Ռուբենսից մինչև Պիկասո։ Արվեստը Աննա Ադիյանի համար անվերջ որոնումների աշխարհ է, ուր միաձուլված են՝ գեղեցիկը, բարին ու հոգևորը.
—Շատ նկարիչներ կան, որոնց աշխատանքները հետաքրքիր են և տարբերվող։ Նույնիսկ հիմա իմ աշխատանքներում մասամբ առկա է մեծ և բազմակողմանի վարպետ՝ Արմեն Խոջոյանի ազդեցությունը։ Ես, ինչպես համաշխարհային արվեստը, անվերջ որոնում եմ և փոփոխվում,— պատմեց արվեստագետը։
Աննա Ադիյանի գրեթե 300-ի հասնող կտավներում գունային բազմազանություն է տիրում. հերոսները հետաքրքիր և գեղեցիկ կանայք են, խորհրդավոր տղամարդիկ: Նկարչուհին մասնակցել է տասնյակ ցուցահանդեսների Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Վրաստանում։ Այս տարի նրա անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ նաև Երևանում։ Ցուցադրությանը ներկայացվել է 32 գունանկար և 34 գրաֆիկական աշխատանքներ։
2013 թվականից պոեզիան, գեղանկարը և գրաֆիկան ներդաշնակ համադրություն են ստացել Աննա Ադիյանի ստեղծագործական կյանքում։ Նա իր գրած տողերով և ստեղծած կտավներով հրատարակել է գիրք- ալբոմ։ Նկարչուհին ցանկանում է, որ մարդիկ հետաքրքրվեն արվեստով և փոխեն իրենց կյանքը՝ դարձնելով ավելի գունեղ և հետաքրքիր.
—Իմ «Բառերի ստվերներ» գիրքը հրատարակվել է երեք տարի առաջ: Ճապոնական խոկուի ոճով գրված բանաստեղծությունները հիմնականում արտացոլում են՝ զգացողությունների, բնության և եղանակի փոխկապակցվածությունը։ Ինձ մոտ հեշտ ստացվեց միաձուլել այդ երկու աշխատանքները՝ կարծես նրանք վաղուց միահյուսված են եղել։ Երբեմն աշխատանքի ընթացքում առաջինը պոեզիան է «ծնվում»,- ասաց Աննա Ադիյանը։
Զրուցեց Մերի Բադալյանը
Լուսանկարները՝ Աննա Ադիյանի անձնական արխիվից
http://www.artadan.com/



















