Կապանի մշակութային վայրեր այցելելիս բաց չթողնեք քաղաքի Մելիք-Ստեփանյան 10 հասցեում գտնվող անվանի գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանը։ Նկարչի որդիների նախաձեռնությամբ հայրիկի արվեստանոցը վերջերս վերափոխվել է տուն-թանգարանի՝ ընդունելով արվեստասեր շատ այցելուների։
«Նրա մահից հետո մենք չկողպեցինք արվեստանոցի դուռը, այլ բացեցինք այն բոլոր այցելուների համար»,- հարցազրույցներից մեկում նշել է որդին՝ Դավիթ Դանիելյանը:
Թանգարանը տարածքով մեծ չէ, ունի երկու ցուցասրահ։ Դասավորությունը հիմնականում թողել են այնպիսին, ինչպիսի լուծումներ իր արվեստանոց-աշխատարանին հաղորդել է գեղանկարիչը։ Զարմանալի և հետաքրքրաշարժ են արվեստանոցի ինժեներական լուծումները, որոնք նկարիչը նախագծել և իրականցրել է իր իսկ ձեռքերով։ Սրահներից երկրորդը բարձրանալու համար աստիճանավանդակի աջակողմյան պատին փակցված նկարներից մեկին թեթև դիպչելիս քո առջև անմիջապես բացվում է միջնադուռը, ճիշտ նույն պահին, արագ աչքը պետք է հասցնի որսալ առաստաղի ներքևի հատվածի պատի վրայով բարձրացող արագոտն սարդին։
Նկարներով հարուստ ցուցապատերից մեկը, պարզվում է, փոքրիկ դռնակ է, որը տանում է սրահի թաց անկյուն։ Արվեստանոցի մի հատվածում աջ նայելիս արհեստանոց է, ձախում՝ արվեստանոց։ Նկարչի համար անհրաժեշտ իրերը եղել են բազմազան, բայց ճիշտ դասավորության, հմուտ լուծումների արդյունքում մեկը մյուսին չի խանգարել։ Փոքր տարածքի լուծումներն իսկապես յուրօրինակ էին, որոնք խոսում են նկարչի ոչ միայն հոգու, այլև մտքի խորաքննին պրպտումների ու վերլուծությունների մասին։
Ցավոք, կենսախինդ, հոգևոր հարուստ ներաշխարհ ու մտայնություն ունեցող, վրձնի միջոցով մարդկությանը սեր սփռող նկարչի կյանքն ընդահտվել է 2021-ին՝ առողջական վիճակի անսպասելի վատթարացման պատճառով։ Արվեստասերներին ժառանգած նրա գործերում, անխոս, նկատելի է սերը հայրենի բնաշխարհի նկատմամբ։ Նրան ոգեշնչել ու ներկապնակի գույները հարստացրել են հայրենի օրրանի բնապատկերները, գյուղական տեսարանները, խուստուփյան էտյուդները, որոնք ինքնատիպ ընդգծվածություն են հաղորդել նկարչի աշխատանքներին։
Դանիելյան նկարչի հոգուն առավել հարազատ է եղել նաև ազգային տարրերով նատյուրմորտները: Նրա արվեստանոցի մի անկյունում ցուցադրվում է բազմապիսի հնաոճ իրեր, որոնք իրենց արտացոլումն են գտել նրա ստեղծագործություններում: Գեղանկարիչն իր աշխատանքների նկատմամբ եղել է խստապահանջ։ Նրա մոտ բարձր է գունային ճաշակը, լույսի և ստվերի ճիշտ համադրումը, որոնք աչքին հանդարտություն պարգևելուց զատ, մտքի առջև պահանջ են դնում հասկանալու արվեստագետի՝ հմուտ վրձնահարվածների միջոցով փոխանցվող ասելիքը։
Հրանտ Դանիելյանը հայրենի Կապանում և այնտեղից դուրս ունեցել է բազում ցուցադրություններ, որոնք արվեստասերների համար դարձել են սիրված գործեր, իսկ գեղանկարչի համար ստեղծել են խանդավառություն նորը, հրանտդնելյանականը արարելու համար։ Թող որ նրա դիմանկարները, նատյուրմորտները, բնանկարները, ծաղիկները միշտ մնան կենսածին՝ ոգեշնչում արթնացնելով թանգարան այցելած յուրաքանչյուր այցելուի համար։
Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
արձակագիր, մանկավարժ
https://www.hrantdanielyan.am/











